ԵՐԵՄԻԱ. Chapter 18

1 Երեմիային ուղղելով իր խօսքը՝ Տէրն ասաց.
2 Գնա իջի՛ր բրուտի տունը եւ այնտեղ կը լսես իմ խօսքերը։
3 Ես իջայ բրուտի տունը, եւ ահա նա գործ էր անում քարերի վրայ։
4 Ու մի աման, որը նա պատրաստում էր կաւից, ընկաւ նրա ձեռքից, բայց նա դարձեալ այն վերածեց մի ուրիշ ամանի, ինչպէս որ իր աչքին հաճելի թուաց անել։
5 Եւ Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց.
6 Միթէ այդ բրուտի պէս չե՞մ կարող անել քեզ, ո՛վ Իսրայէլի տուն։ Ահաւասիկ, - ասում է Տէրը, - ինչպէս այդ կաւն է բրուտի ձեռքին, այդպէս էլ դու ես իմ ձեռքին, ո՛վ դու Իսրայէլի տուն։
7 Եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան վախճանի մասին՝ նրանց վերացնելու, քանդելու եւ կործանելու համար,
8 եւ եթէ այն ազգը դարձի գայ իր չարութիւններից, որոնց մասին խօսեցի, - ես եւս կը զղջամ այն չարիքների համար, որ մտածեցի անել նրանց նկատմամբ։
9 Իսկ եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան մասին՝ նրան շէնացնելու եւ կանգուն պահելու համար,
10 բայց նրանք չարութիւն անեն իմ առաջ՝ ականջ չդնելով իմ ձայնին, - ես եւս կը զղջամ այն բարիքների համար, որ ասացի, թէ կ՚անեմ նրանց։
11 Արդ, խօսի՛ր Յուդայի երկրի տղամարդկանց եւ Երուսաղէմի բնակիչների հետ. կ՚ասես նրանց. Այսպէս է ասում Տէրը. ահաւասիկ ձեր դէմ ես չարիքներ կը նիւթեմ, ձեր մասին չար խորհուրդներ կը խորհեմ. ամէն ոք թող դառնայ իր չար ընթացքից. ուղղեցէ՛ք ձեր ընթացքն ու ձեր ճանապարհները։
12 Բայց նրանք ասում են. Մենք պիտի քաջ լինենք, պիտի հետեւենք մեր ապստամբութիւններին, եւ իւրաքանչիւր ոք իր չար սրտի հաճոյքները պիտի կատարի։
13 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. Այժմ հարցո՛ւմ արէք ազգերի մէջ՝ ո՞վ է լսել այնպիսի զարհուրելի բան, որ իրօք կատարեց Իսրայէլի կոյսը։
14 Միթէ կը ցամաքի՞ ջուրը ժայռի ստինքներից, կամ ձիւնը՝ Լիբանանից, կամ թէ հողմի սաստկութիւնից ջրերը բռնութեամբ յետ կը շրջուե՞ն։
15 Մոռացաւ ինձ ժողովուրդն իմ. զուր տեղը խունկ ծխեցին։ Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով՝ նրանք պիտի տկարանան՝ մտնելով այն շաւիղները, որոնցից ելք չկայ.
16 իրենց երկիրը պիտի ենթարկուի յաւիտենական ապականութեան ու սուլոցի։ Ամէնքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան եւ շարժեն իրենց գլուխները։
17 Ինչպէս տապախառն հողմ՝ ես նրանց ցրիւ եմ տալու իրենց թշնամիների առաջ, ծոծրա՛կս եւ ոչ թէ երեսս պիտի ցոյց տամ նրանց իրենց կորստեան օրը։
18 Իսկ նրանք ասացին. Եկէք մի բան մտածենք Երեմիայի դէմ, քանզի օրէնքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից եւ խօսքը՝ մարգարէից։ Եկէ՛ք նրան լեզուով ջախջախենք եւ նրա բոլոր խօսքերին ականջ չդնենք։
19 Լսի՛ր ինձ, Տէ՛ր, անսա՛ իմ արդար ձայնին.
20 արդեօք կարելի՞ է բարու փոխարէն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դէմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց մտատանջութիւնները։ Յիշի՛ր, թէ ինչպէս ես քո առաջ կանգնեցի, նրանց համար բարեխօսութիւն արեցի՝քո բարկութիւնը նրանցից դարձնելու համար։
21 Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հաւաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք որդեզուրկ այրիներ դառնան, նրանց տղամարդիկ մահուամբ կոտորուեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մէջ։
22 Նրանց տներում թող գոյժ լսուի, երբ նրանց վրայ յանկարծակի աւազակներ բերես, որովհետեւ նրանք մտադրուեցին բռնել ինձ եւ իմ դէմ գաղտնի որոգայթներ լարեցին։
23 Ո՛վ Տէր, դու, որ իմացար ինձ մահ բերելու մասին նրանց բոլոր դիտաւորութիւնները, քաւութիւն չտա՛ս նրանց անիրաւութիւններին, քո աչքի առաջ նրանց մեղքերը չջնջե՛ս, թող նրանք հիւանդութեամբ տառապեն քո առաջ, նրանց հետ վարուի՛ր ինչպէս քո բարկութեան ժամին։