ԵՐԵՄԻԱ. Chapter 31

1 Այն ժամանակ, - ասում է Տէրը, - ես Իսրայէլի ժողովրդի համար Աստուած կը լինեմ, իսկ նա ինձ համար՝ ժողովուրդ։
2 Այսպէս է ասում Տէրը. Այնտեղ, անապատում, նրանք հանդիպեցին տապի եւ սուսերով սպանողների։ Հեռացէ՛ք, մի՛ սպանէք Իսրայէլը։
3 Հեռու-հեռուից նրան երեւաց Տէրը. Յաւիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթութեան արժանացրի։
4 Նորից պիտի շէնացնեմ քեզ, ու դու վերստին պիտի բարգաւաճես, ո՛վ կոյսդ Իսրայէլի։ Դարձեալ պիտի առնես քո թմբուկը եւ խառնուես պարողների խմբերին։
5 Դարձեալ այգիներ պիտի տնկէք Սամարիա լերան վրայ, տունկեր պիտի տնկէք եւ փառաբանէք,
6 քանզի հասել է օրը, երբ Եփրեմի լեռներում պահակները ձայնելու են. Եկէք ելնե՜նք Սիոն՝ մեր Տէր Աստծու մօտ։
7 Այսպէս է ասում Տէրը. Ցնծացէ՛ք Յակոբի համար, ուրա՛խ եղէք եւ կանչեցէ՛ք նրան, որ ազգերի մէջ գլխաւորն է, իմա՛ց տուէք, օրհնեցէ՛ք ու ասացէ՛ք. Տէրը փրկեց իր ժողովրդին՝ Իսրայէլի մնացորդներին։
8 Ահա նրանց պիտի բերեմ ես հիւսիսի երկրից, աշխարհի ծագերից պիտի հաւաքեմ նրանց՝ պասեքի տօնին. նրանց մէջ մեծ բազմութեամբ որդիներ պիտի ծնուեն, կոյրն ու կաղը, յղին եւ ծննդաբերուածը միահամուռ, իբրեւ մեծ ժողովուրդ, պիտի վերադառնան այստեղ։
9 Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգեւելով ջրերի վտակների մօտ, ուղիղ ճանապարհով, որպէսզի չմոլորուեն նրա վրայ, քանզի Իսրայէլի համար ես հայր եղայ, եւ Եփրեմն իմ անդրանիկն է։
10 Ո՛վ ազգեր, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, պատմեցէ՛ք հեռաւոր կղզիներում եւ ասացէ՛ք. Ով ցրեց Իսրայէլը, նա էլ կը հաւաքի նրան եւ կը պահպանի, ինչպէս նախրապանը՝ իր հօտը։
11 Տէրն ազատեց Յակոբին եւ փրկեց նրան նրա վրայ բռնացողների ձեռքից։
12 Պիտի գան եւ ուրախանան,պիտի ցնծան Սիոնի լերան վրայ, պիտի գան դէպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հօտերի, արջառի ու ոչխարի երկիրը. նրանց անձերը պիտի լինեն պտղալից ծառի պէս, այլեւս քաղց չպիտի զգան։
13 Այն ժամանակ կոյսերը պիտի ցնծան երիտասարդների շուրջպարի մէջ, ծերերը պիտի խնդան։ Նրանց սուգը խնդութեան պիտի վերածեմ, տրտմութիւնից ուրախութեան պիտի հասցնեմ նրանց։
14 Ղեւիի որդի քահանաների հոգիները զմայլանքով պիտի լցնեմ ու արբեցնեմ, եւ իմ ժողովուրդը պիտի լիանայ իմ բարիքներով, - ասում է Տէրը։
15 Այսպէս է ասում Տէրը. Մի ձայն էր լսւում Ռամայում, ողբ, լաց ու գոյժ. Ռաքէլը ողբում էր իր որդիներին, որդիների պատճառով չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք չկային։
16 Այսպէս է ասում Տէրը. Թող քո անձը դադարի լաց լինելուց, իսկ քո աչքերը՝ արտասուքից, որովհետեւ քո գործերի համար վարձ կայ, - ասում է Տէրը։ Նրանք կը վերադառնան թշնամիների երկրից,
17 եւ վերջում քո յոյսը կ՚իրականանայ, - ասում է Տէրը. - քո որդիները կը վերաբնակուեն իրենց սահմաններում։
18 Լսեցի Եփրեմի այս ողբը. Խրատեցիր ինձ, Տէ՛ր, ու ես խրատուեցի, բայց չսովորեցի, ինչպէս անվարժ արջառ։ Դարձրո՛ւ ինձ, եւ ես կը դառնամ, քանզի դու իմ Տէր Աստուածն ես։
19 Իմ գերութիւնից յետոյ զղջացի. երբ խելքի եկայ, իմ ամօթալի օրերի համար հոգոց հանեցի եւ քեզ ցոյց տուի, թէ իմ տղայութեան պատճառով նախատինք կրեցի։
20 Եփրեմն իմ սիրելի որդին է, գուրգուրելի մանուկը. հէնց որ իմ խօսքը նրա մասին է լինում, նորից յիշում եմ նրան։ Ահա թէ ինչու շտապում եմ նրա համար, անչափ պիտի ողորմեմ նրան, - ասում է Տէրը։
21 Ճանաչի՛ր ինքդ քեզ, ո՛վ Սիոն, արդարութեան վրէ՛ժ խնդրիր, թիկո՛ւնք դարձրու քո ցանկութիւնից, անցի՛ր քո ճանապարհը, դարձի՛ր, ո՛վ կոյսդ Իսրայէլի, նորի՛ց դարձիր դէպի քո սգաւոր քաղաքները։
22 Մինչեւ ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգուած դուստր. չէ՞ որ Տէրը փրկութիւն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպէսզի մարդիկ ազատագրուած՝ շրջեն այնտեղ։
23 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Յուդայի երկրում եւ նրա քաղաքներում, երբ վերադարձնեմ նրա գերեալներին, պիտի կրկնեն այս խօսքը. Օրհնեալ է Տէրն իր արդար ու սուրբ լերան վրայ։
24 Եւ Հրէաստանի բնակիչները, իրենց քաղաքներով ու գործաւորներով հանդերձ, պիտի փարթամանան հօտերով,
25 քանզի ես արբեցրի բոլոր ծարաւ հոգիներին, բոլոր քաղցած հոգիներին լիացրի։
26 Ահա թէ ինչու արթնացայ ու նայեցի, եւ իմ քունն ինձ համար քաղցրացաւ։
27 Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, - ու Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը սերմանելու եմ մարդու սերնդով եւ անասունի սերնդով։
28 Ու ինչպէս որ աչքերս բաց արի նրանց վրայ՝ խլելու եւ կործանելու, քանդելու, կորստեան մատնելու եւ չարչարելու համար, այդպէս էլ աչքերս պիտի բաց անեմ նրանց վրայ, - ասում է Տէրը, - կառուցելու եւ տնկելու համար։
29 Այն օրերին այլեւս չեն ասելու, թէ՝ Հայրերն ազոխ կերան՝ որդիների ատամներն առան,
30 այլ իւրաքանչիւրն իր մեղքով պիտի մեռնի, եւ ով ազոխ է ուտելու՝ նրա՛ ատամներն են առնելու։
31 Ահաւասիկ օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայէլի տան հետ եւ Յուդայի երկրի տան հետ։
32 Ոչ թէ ըստ այն ուխտի, որ մի օր ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ դուրս հանելու համար նրանց Եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հաւատարիմ չմնացին, ու ես նրանց մասին հոգ չտարայ, - ասում է Տէրը, -
33 այլ ա՛յս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, - ասում է Տէրը, - իմ օրէնքները նրանց մտքի մէջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մէջ եմ գրելու, նրանց համար Աստուած եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։
34 Եւ այլեւս ամէն մէկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամէն մէկն իր եղբօրը չի ասելու, թէ՝ Ճանաչի՛ր Տիրոջը, քանզի ամէնքը՝ նրանց փոքրերից մինչեւ մեծերը, ճանաչելու են ինձ, - ասում է Տէրը, - որովհետեւ նրանց անիրաւութիւնները պիտի ներեմ եւ նրանց մեղքերն այլեւս չպիտի յիշեմ։
35 Տէրը, որ արեւը հաստատեց ցերեկուայ լուսաւորութեան, իսկ լուսինն ու աստղերը՝ գիշերուայ լուսաւորութեան համար, աղաղակ տուեց ծովին, ու նրա ալիքները շառաչում են. նա, որի անունը Տէր Ամենակալ է, այսպէս է ասում.
36 Եթէ իմ աչքի առաջ այս օրէնքները դադարեն գործելուց, ապա Իսրայէլի ազգն էլ, - ասում է Տէրը, - իմ աչքի առաջ ընդմիշտ պիտի դադարի ազգ լինելուց։
37 Այսպէս է ասում Տէրը. Եթէ անգամ երկինքը դէպի վեր բարձրանայ, իսկ երկրի յատակները դէպի վար խոնարհուեն, ես դարձեալ չեմ անտեսի համայն Իսրայէլի ազգին այն ամենի համար, որ նա կատարեց։
38 Ահա օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - երբ Անամայէլի աշտարակից մինչեւ Անկեան դուռը Տիրոջ համար քաղաք պիտի շինուի։
39 Եւ դեռ պիտի ձգուի չափալարը եւ նրանց առջեւով պիտի երկարի մինչեւ Գարեբի բլուրը՝ այն բոլորելով ընտիր քարերից շինուած պատով։
40 Եւ Փաքադիմի ու Մոխիրների ողջ ձորը, ողջ Սարեմոթը, մինչեւ Կեդրոնի ձորը, մինչեւ արեւելեան կողմի Ձիերի դռան անկիւնը, պէտք է դառնան Տիրոջ սրբութիւնը. եւ այս բոլորը այլեւս չեն յափշտակուելու եւ չեն աւերուելու մինչեւ յաւիտենութիւն։