ԵՐԵՄԻԱ. Chapter 20

1 Եմմերի որդին՝ Պասքոր քահանան, որ Տիրոջ Տան հրամանատարն էր եւ իշխանը, լսեց այդ խօսքերը Երեմիայից, երբ սա մարգարէանում էր։
2 Պասքորը հարուածեց Երեմիա մարգարէին եւ արգելափակեց նրան բանտում, Բենիամինի դարպասի մօտ, Տիրոջ Տան վերնայարկում։
3 Իսկ երբ յաջորդ օրը Պասքորը Երեմիային հանեց բանտից, Երեմիան նրան ասաց. Տէրը քո անունը կոչեց ոչ թէ Պասքոր, այլ՝ Թափառական գերի։
4 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. Ահաւասիկ քեզ քո բոլոր բարեկամներով հանդերձ պիտի մատնեմ գերութեան. նրանք պիտի ընկնեն իրենց թշնամիների սրով, եւ քո աչքերը պիտի տեսնեն դա։ Քեզ եւ Յուդայի այդ ամբողջ տունը պիտի տամ բաբելացիների թագաւորի ձեռքը. թող գերի՛ տանեն նրանց Բաբելոն, թող կոտորե՛ն նրանց սրով։
5 Այս քաղաքի ամբողջ հարստութիւնը, նրա բոլոր վաստակները, նրա ողջ թանկարժէք անօթներն ու Յուդայի երկրի թագաւորի բոլոր գանձերը պիտի տամ իրենց թշնամիների ձեռքը, նրանք պիտի յափշտակեն, առնեն դրանք ու տանեն Բաբելոն։
6 Իսկ դու, Պասքո՛ր, դու եւ քո տան բոլոր բնակիչները պիտի գերի գնաք Բաբելոն, պիտի գնաք եւ այնտեղ մեռնէք ու այնտեղ էլ թաղուէք, դու եւ քո բոլոր բարեկամները, որոնց համար դու սուտ մարգարէութիւն արեցիր։
7 Տէ՛ր, խաբեցիր ինձ, ու ես խաբուեցի. յաղթեցիր ու զօրացար։ Ծաղր ու ծանակի առարկայ դարձայ, օրս մթնեցրի ծաղրի մէջ,
8 որովհետեւ իմ դառն խօսքերով այպ ու արհամարհանք վաստակեցի։ Իմ թշուառութեան պատճառով ես բողոք եմ բարձրացնելու, քանզի Տիրոջ խօսքն ինձ բերեց նախատինք եւ հանապազօրեայ ծաղրուծանակ։
9 Ես ասացի. Չեմ տայ Տիրոջ անունը, այլեւս չեմ խօսի նրա անունից։ Սակայն իմ սրտում կարծես կրակ վառուեց, բորբոքուեց ոսկորներիս մէջ, ու ես ամէն կողմից լքուած մնացի, չկարողացայ հանդարտուել։
10 Լսեցի շատերի պարսաւանքը, որոնք հաւաքուել խռնուել էին իմ շուրջը, թէ՝ Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն էք, եկէք յարձակուենք դրա վրայ, մի հնարք հնարենք դրա դէմ, գուցէ խաբուի, եւ մենք յաղթենք ու մեր վրէժը լուծենք դրանից։
11 Բայց Տէրն ինձ հետ էր որպէս պատերազմող եւ ուժ էր տալիս։ Դրա համար էլ նրանք հալածեցին ինձ, բայց ոչ մի հնարք չկարողացան գտնել, խիստ ամօթով մնացին, որովհետեւ անմիտ վարուեցին։ Նրանց անարգանքը թող յաւիտեանս չմոռացուի։
12 Ո՛վ Զօրութիւնների Տէր, որ արդար ես կշռում, քննում ես սրտերն ու երիկամները, այնպէս արա, որ տեսնեմ քո վրէժխնդրութիւնը նրանցից. չէ՞ որ իմ աղերսանքը ես քեզ յայտնեցի։
13 Օրհնեցէ՛ք Տիրոջը, գովեցէ՛ք նրան, քանզի նա տնանկի հոգին փրկեց չարագործների ձեռքից։
14 Անիծեալ լինի այն օրը, երբ ես ծնուեցի. թող ուխտի օր չլինի այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ։
15 Անիծեալ լինի այն մարդը, որն աւետիս տուեց իմ հօրը եւ ասաց, թէ՝ Քեզ արու մանուկ ծնուեց, եւ ցնծութեամբ ուրախացրեց նրան։
16 Թող այդ մարդը դառնայ այն քաղաքների պէս, որոնք Տէրը բարկութեամբ կործանեց եւ չզղջաց. թող նա առաւօտները բօթ լսի, իսկ միջօրէի ժամին՝ աղաղակ,
17 որովհետեւ Տէրը հէնց արգանդի մէջ չսպանեց ինձ, որպէսզի մայրն իմ ինձ համար դառնար գերեզման ու արգանդ յաւիտենական յղութեան։
18 Ինչո՞ւ այսպէս պատահեց, որ ես դուրս ելայ արգանդից՝ տեսնելու վշտեր ու տառապանքներ, եւ իմ օրերն ամօթալի վախճան ունեցան։