ԱՌԱԿՆԵՐ. Chapter 20

1 Գինին անառակութեան է մղում, հարբեցողութիւնը՝ թշնամութեան, եւ ով անձնատուր է լինում դրանց՝ խելացի չէ։
2 Թագաւորի պատուհասը պակաս վնասաբեր չէ առիւծի ցասումից, եւ ով զայրացնում է նրան, վնաս է պատճառում ինքն իրեն։
3 Մարդու համար փառք է հեռու մնալ հայհոյանքներից, բայց ամէն մի անզգամ խառնւում է այդպիսի բաների։
4 Ծոյլը թէեւ նախատւում է, բայց չի ամաչում, ինչպէս մէկը, որ ցորեն է փոխ առնում ամռանը։
5 Մարդու սրտի խորհուրդը խոր ջրի պէս է, բայց իմաստուն մարդը երես է հանում այն։
6 Մեծանուն եւ պատուական է գթասիրտ մարդը, բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ։
7 Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի։
8 Երբ արդար մի թագաւոր նստի գահին, ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից։
9 Ո՞վ կարող է պարծենալ, թէ ինքը սուրբ սիրտ ունի, կամ ո՞վ կը համարձակուի ասել, թէ ինքը զերծ է մեղքերից։
10 Թէ՛ մեծ, թէ՛ փոքր ծուռ կշեռքը եւ թէ՛ երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջեւ. պիտի խափանուեն թէ՛ դրանք եւ թէ՛ դրանք գործադրողները.այդպէս էլ պիտի խափանուի իր կեանքի մէջ նոյն կերպ վարուող մարդը։
11 Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում։
12 Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել։
13 Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից.աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով։
14 Վատ է, վատ է, ասում է գնորդը,իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով։
15 Կայ ոսկի էլ, հանդերի հարստութիւն էլ, բայց գիտուն շուրթերն են թանկարժէք անօթ։
16 Հանի՛ր ու վերցրո՛ւ նրա հանդերձանքը, քանզի նա երաշխաւոր եղաւ մի օտարականի եւ հիւրընկալեց նրան։
17 Խաբէութեան հացը քաղցր է թւում մարդու, բայց յետոյ նրա բերանը պիտի լցուի խիճով։
18 Դիտաւորութիւնը հաստատւում է մտքի խորհուրդներով. պատերազմը մղւում է խելամտութեամբ։
19 Գաղտնիք յայտնողը նենգամտութեամբ է վարւում. մի՛ հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ։
20 Ով հայհոյում է իր հօրն ու մօրը, նրա լոյսը պիտի հանգչի. նրա աչքերի բիբերը պիտի զգան խաւարը։
21 Այն ժառանգութիւնը, որ սկզբից շուտ է ձեռք բերուել վերջաւորութեան չի կարող օրհնուած լինել։
22 Մի՛ ասա, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութիւն ունեցիր Տիրոջ հանդէպ,որ նա օգնական լինի քեզ։
23 Տիրոջ առջեւ պիղծ է երկու տեսակի չափը, եւ խարդախ կշեռքը մերժելի է նրա համար։
24 Տէրն է, որ ուղղում է մարդու քայլերը, էլ ինչպէ՞ս մահկանացուն խելամուտ լինի իր ճամփաներին։
25 Որոգայթ է մարդու համար շտապելը եւ իր ունեցուածքից բան նուիրելը, հապճեպ ուխտ անելը եւ յետոյ զղջալը։
26 Իմաստուն թագաւորը ցրում է ամբարիշտներինեւ անուի տակ է գցում նրանց։
27 Մարդու հոգին Տիրոջ լոյսն է, որը քննում է սրտի շտեմարանները։
28 Ողորմածութիւնը եւ ճշմարտութիւնը թագաւորի պահապաններն են, եւ նրանք արդարութեամբ են շրջապատում նրա գահը։
29 Երիտասարդների զարդը իմաստութիւնն է, ծերերի փառքը՝ նրանց ալեհերութիւնը։
30 Չարագործների համար են թէ՛ վէրքերն ու հարուածները եւ թէ՛ տանջանքները նրանց որովայնի խորքերում։