ԱՌԱԿՆԵՐ. Chapter 17

1 Լաւ է մի պատառ համով հացը՝ խաղաղութեամբ, քան միս ու բարիքով լի տունը՝ թշնամութեամբ։
2 Խելացի ծառան պիտի իշխի անմիտ տէրերի վրայ եւ ժառանգութիւնը պիտի բաժանի եղբայրների հետ։
3 Ինչպէս արծաթը եւ ոսկին փորձւում են քուրայի մէջ, այնպէս էլ Աստուած ընտրում է սրտերը։
4 Չարագործը հնազանդւում է անօրէնի լեզուին, բայց արդարը չի նայում ստախօս շուրթերին։ Հաւատարիմ մարդու համար ամբողջ աշխարհը լի է հարստութեամբ, բայց անհաւատարիմը մէկ գրոշ իսկ չունի։
5 Ով ծաղրում է աղքատին, նա զայրացնում է նրա Արարչին, եւ ով հարուածում է ընկածին, նա չի արդարացուելու, բայց ով խղճում է՝ ողորմութիւն պիտի գտնի։
6 Ծերերի պսակն իրենց որդիների որդիներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։
7 Անզգամներին վայել չեն ճշմարտախօս շուրթերը, եւ ոչ էլ արդարներին՝ ստախօս շուրթերը։
8 Խրատը այն ունեցողի համար նրա շնորհի վարձն է, եւ նա դէպի որ կողմն էլ դառնայ՝ յաջողութիւն պիտի գտնի։
9 Յանցանքը ծածկողը բարեկամութիւն է փնտռում, բայց այն բացայայտողը բարեկամներին եւ ընտանիքը բաժանում է իրարից։
10 Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, բայց անմիտը թէկուզ եւ բազում հարուածներ ուտի՝ չի ազդւում։
11 Ամէն չարակամ հակառակութիւն է յարուցում, բայց Տէրն էլ անողորմ հրեշտակ է ուղարկում նրա դէմ։
12 Հոգսը ծանրանում է իմաստունի սրտին, իսկ անմիտները մտածում են չարիքների մասին։
13 Ով բարիքի փոխարէն չարիք է հատուցում, չարը չի պակասի նրա տնից։
14 Արդարութեան սկիզբը խօսքին իշխանութիւն է տալիս, իսկ հակառակութիւնը եւ կռիւը տանում են դէպի չքաւորութիւն։
15 Ովքեր անիրաւին համարում են արդար ու արդարին՝ անիրաւ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջեւ։
16 Ինչպէ՞ս է անմիտը հարստութիւն գտնում, քանի որ չգիտէ, թէ ինչ բան է իմաստութիւնը։ Նա, որ շատ վեր է բարձրացնում իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման, իսկ ով խուսափում է ուսումից, պիտի ընկնի չարիքի մէջ։
17 Բարեկամներ կարող ես ունենալ ամէն ժամանակ, բայց եղբայրներդ քեզ պէտք են վշտի ժամանակ, քանզի հէնց դրա համար էլ ծնուել են նրանք։
18 Անմիտ մարդը պարում եւ ցնծում է բարեկամների համար երաշխաւոր լինելիս, վնասասէրը ուրախանում է նրանց վէճ ու կռուի ժամանակ։
19 Նա, որ շատ վեր է բարձրացնում իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման, եւ խստասիրտն էլ բարիք չի գտնի։
20 Լեզուով յեղյեղուկ մարդը պիտի ընկնի չարիքի մէջ,
21 եւ անզգամի սիրտը ցաւ է իր մարմնի անդամների համար։ Հայրը չի կարող ուրախ լինել անխելք որդու համար, բայց խելացի որդին ուրախացնում է մօրը։
22 Ուրախ սիրտը առողջարար է. հոգսերի մէջ ընկած մարդու ոսկորները ցամաքում են։
23 Կաշառքի համար գիրկը բացողը յաջողութիւն չի գտնի իր ճամփին, ամբարիշտը խոտորւում է արդարութեան ճանապարհներից։
24 Հանճարեղ մարդու երեսն իմաստուն է, իսկ անմիտ մարդու աչքերը այս ու այն կողմ են նայում։
25 Անմիտ որդին հօր տրտմութիւնն է եւ դառն ցաւ է իր ծնողների համար։
26 Արդար մարդուն տոյժի ենթարկելը բարի գործ չէ,եւ ոչ էլ իրաւունքի մէջ իշխանի նենգելը՝ արդարի նկատմամբ։
27 Իր խիստ խօսքը զսպողն իմաստուն է, համբերատարը՝ խելացի։
28 Անմիտ մարդուն հարցրին, թէ ի՛նչ է իմաստութիւնը, եւ նա գտնո՞ւմ է արդեօք, որ իմաստութիւն կայ. նա պապանձուեց, եւ կարծեցին, թէ իմաստուն է։