ԱՌԱԿՆԵՐ. Chapter 2

1 Որդեա՛կ, եթէ իմ պատգամներն ու պատուիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մէջ,
2 իմաստութիւնը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճոյք գտնի գիտութեան մէջ, եւ դրանք, իբրեւ խրատ, պիտի աւանդես որդուդ։
3 Արդարեւ, եթէ իմաստութիւնը քեզ մօտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես,
4 փնտռես այն ընտիր արծաթի նման եւ, ինչպէս գանձ, որոնես այն,
5 այն ժամանակ կը հասկանաս Տիրոջ երկիւղը,եւ դու կը գտնես Աստծու գիտութիւնը։
6 Տէրն է տալիս իմաստութիւնը, եւ նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը.
7 նա է արդարների համար փրկութիւն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին,
8 նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում իրենից երկիւղ կրողների ուղին։
9 Այն ժամանակ կը հասկանաս արդարութիւնն ու իրաւունքը եւ բոլոր շաւիղներդ կ՚ուղղես դէպի բարին։
10 Եւ երբ իմաստութիւնը մտնի սրտիդ մէջ, եւ գիտութիւնը ախորժելի լինի հոգուդ,
11 այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն,
12 որպէսզի փրկութիւն գտնես չար ճանապարհից եւ նենգախօս մարդուց։
13 Վա՜յ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած՝ կը գնան խաւարի ճանապարհով,
14 ովքեր կ՚ուրախանան չարիքներ գործելով եւ կը խնդան դէպի չարը խոտորուելով.
15 Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, եւ շաւիղները՝ խոտորնակ,
16 նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից եւ օտարացնել արդար խորհուրդներից։
17 Որդեա՛կ իմ, թող քեզ չհասնեն չար խորհուրդներն այն մարդու, որ երիտասարդ ժամանակ թողել է ուսումը եւ մոռացել Աստծու ուխտը։
18 Այդպիսին իր տունը դրել է մահուան մօտիկ, իր շաւիղները՝ դժոխքի մօտ, երկրածինների հետ։
19 Բոլոր նրանք, ովքեր գնում են այդպիսիների հետ, յետ չեն դառնալուեւ եթէ մինչեւ իսկ զղջան էլ՝ չեն հասնելու ուղիղ ճանապարհի եւ չեն ապրելու իրենց կեանքի տարիները։
20 Եթէ նրանք բարի ճանապարհներով գնացած լինէին, դիւրին կը գտնէին արդարութեան շաւիղները.քաղցրաբարոյ մարդիկ պիտի լինեն երկրի բնակիչները, եւ արդարները պիտի ապրեն այնտեղ։
21 Իսկ ամբարիշտների ճանապարհները պիտի ջնջուեն երկրից, եւ անօրէնները պիտի վտարուեն դրանից։