ԱՌԱԿՆԵՐ. Chapter 11

1 Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջեւ, բայց արդար կշեռքը հաճելի է նրան։
2 Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։
3 Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը։
4 Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ։
5 Անբիծ մարդու արդարութիւնը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրաւութիւնը։
6 Ուղղամիտ մարդկանց արդարութիւնը փրկում է իրենց, բայց անօրէնները պիտի կորչեն անմտութիւնից։
7 Երբ արդար մարդը վախճանուի, նրա յոյսը չի կորչում, բայց ամբարիշտների սնափառութիւնը պիտի կորչի։
8 Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի։
9 Անօրէնների բերանը որոգայթ է ընկերների համար, իսկ արդարների իմաստութիւնը երաշխիք է յաջողութեան։
10 Արդարների բարութեամբ բարեկարգւում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստեամբ ուրախութեան հանդէս է լինում։
11 Ուղղամիտների օրհնութեամբ բարձրանում է քաղաքը, բայց կը կործանուի ամբարիշտների բերանով։
12 Պակասամիտ մարդն արհամարհում է ընկերներին, իմաստուն մարդը լռութիւն է սիրում։
13 Նենգամիտ մարդը գաղտնիքը յայտնում է ատեանում, բայց հոգով հաւատարիմը ծածկում է գործը։
14 Նրանք, որ առաջնորդ չունեն, պիտի ցած թափուեն տերեւների պէս, բայց երբ շատ են խորհրդականները, փրկութիւն կը գտնուի։
15 Անզգամը չարիք է նիւթում, երբ գործ է ունենում արդարի հետ եւ ատում է զգուշութեան ձայնը։
16 Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, մինչդեռ անարգանքի աթոռ է իրաւունքն ատող կինը։ Ծոյլերը կարօտ պիտի մնան մեծութեան, բայց ժրաջանները կը հասնեն մեծութեան։
17 Ողորմած մարդը բարութիւն է անում իր հոգուն, բայց անողորմ մարդը խորտակում է իր մարմինը։
18 Ամբարիշտն անիրաւ գործեր է կատարում, բայց արդարների զաւակը ճշմարտութեան վարձկան է։
19 Արդար որդին ծնւում է կեանքի համար, ամբարիշտը՝ հալածանքի ու մահուան։
20 Թիւր ճանապարհները պիղծ են Աստծու համար, ուղիղ ճանապարհով գնացողները հաճելի են նրան։
21 Ով որ զուր տեղը վնաս է հասցնում մէկին, նա անպատիժ չի մնայ։Իսկ ով արդարութիւն է սերմանում, արժանի վարձ կը ստանայ։
22 Ինչպէս ոսկէ գինդը խոզի դնչին, նոյնպէս էլ գեղեցկութիւնն է չարաբարոյ կնոջ համար։
23 Արդարների ցանկութիւնը կատարւում է ամենայն բարութեամբ, բայց ամբարշտի յոյսը պիտի կորչի։
24 Կան մարդիկ, որոնք ցանում են իրենց ունեցածը եւ ստանում բազմապատիկը, կան էլ, որ անիրաւօրէն են հաւաքում, բայց մնում են կարօտեալ։
25 Ամէն օրհնուած մարդ պարզամիտ է, բայց բարկացող մարդը տգեղ է կերպարանքով։
26 Ով ցորենը խնայի ժողովրդից, այն պիտի թողնի օտարներին. ով ագահօրէն կուտակի, պիտի արժանանայ ընդհանուրի անէծքին, բայց ով բաշխի առատօրէն՝ օրհնուած կը լինի։
27 Ով բարիք է անում, նա բարութեան շնորհ կը գտնի, իսկ ով չարիք է նիւթում, չարիք կը հասնի նրան։
28 Ով յոյսը դնում է հարստութեան վրայ, պիտի կործանուի, իսկ ով հովանաւորում է արդարներին, պիտի բարգաւաճի։
29 Ով չի մտածում իր տան մասին, նա հողմ է ժառանգելու, եւ անմիտը պիտի ծառայի իմաստունին։
30 Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։
31 Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը։