ԱՌԱԿՆԵՐ. Chapter 22

1 Բարի անունը լաւ է մեծ հարստութիւնից, ընտիր շնորհքը՝ արծաթից ու ոսկուց։
2 Հարուստն ու աղքատը հանդիպում են իրար. երկուսին էլ այցելում է Տէրը։
3 Չարագործին պատժուած տեսնելով՝ խորագէտն աւելի հաստատութեամբ է խրատում իրեն, բայց անմիտները զանց առնելով այն՝ աւելի են վնասւում։
4 Տիրոջ երկիւղն իմաստութեան սկիզբն է. դա է ե՛ւ հարստութիւնը, ե՛ւ փառքը, ե՛ւ կեանքը։
5 Թիւրամիտ մարդկանց ճանապարհներին տատասկ կայ եւ որոգայթ, բայց ով զգուշանում է իր հոգու համար, հեռանում է նրանցից։
6 Երիտասարդը դաստիարակւում է ըստ իր ընտրած ճանապարհի եւ ծերութեան ժամանակ էլ չի հեռանում դրանից։
7 Աղքատները պիտի տիրեն հարուստներին, եւ ծառաները պիտի փոխ տան իրենց տէրերին։
8 Ով անզգամութիւն է ցանում, չարիքներ է հնձելու եւ պատուհաս է կրելու իր գործերին համապատասխան։
9 Աստուած սիրում է ուրախ եւ առատաձեռն մարդուն. աղքատին ողորմութիւն անողն ինքն էլ պիտի կերակրուի, որովհետեւ տնանկին իր հացից է բաժին հանել։ Կաշառք տուողը յաղթութիւն եւ պատիւ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին։
10 Ժանտ մարդուն դո՛ւրս վռնդիր ատեանից, եւ հակառակութիւնը կը վերանայ նրա հետ, որովհետեւ երբ նա նստած է լինում ատեանում, անարգում է բոլորին։
11 Տէրը սիրում է մաքուր սիրտը, եւ բոլոր անարատ մարդիկ ընդունելի են նրան։
12 Թագաւորը հովւում է շուրթերով, Տիրոջ աչքերը պահպանում են գիտութիւնը, բայց Տէրն արհամարհում է անօրէն խօսքերը։
13 Ծոյլը պատճառ է բռնում եւ ասում. Ճամփին առիւծ կայ, փողոցների մատոյցներում՝ մարդասպաններ։
14 Անօրէնի բերանը խոր հոր է, եւ Տիրոջն ատելի անձը նրա մէջ պիտի ընկնի։ Վատ ճանապարհներ կան մարդու առջեւ, եւ նա չի ուզում յետ դառնալ դրանցից, բայց հարկաւոր է յետ դառնալ ծուռ ու վատ ճանապարհից։
15 Անմտութիւնը բորբոքուած է երիտասարդի սրտում. ուրեմն՝ գաւազանը եւ խրատը հեռու են նրանից։
16 Աղքատին զրպարտողը բազմացնում է իր չարիքները. եւ նա, ով զրկում է նրան եւ տալիս է հարստին,կարօտութեան մէջ պիտի մնայ։
17 Ականջդ մօ՛տ պահիր իմաստունների խօսքերին. լսի՛ր իմ խօսքերը, հաստատի՛ր սրտիդ մէջ եւ կ՚իմանաս, որ դրանք բարի են։
18 Եւ եթէ դրանք պահես սրտիդ մէջ, կ՚ուրախացնեն քեզ եւ միշտ կը մնան շուրթերիդ վրայ։
19 Որպէսզի քո յոյսը Տիրոջ վրայ լինի, ես քեզ ցոյց կը տամ նրա ճանապարհները։
20 Եւ դու այդ խօսքերը երի՛ցս գրիր հոգուդ մէջ, քո մտքի, գիտութեան եւ բանականութեան մէջ։
21 Ահաւասիկ ես քեզ սովորեցնում եմ ճշմարիտ խօսքեր եւ գիտութիւն, որպէսզի քեզ հարցնողներին յօժարութեամբ ճշմարտութեան խօսքերով պատասխաններ տաս։
22 Մի՛ բռնացիր աղքատի վրայ, որովհետեւ նա խեղճ է, եւ մի՛ անարգիր տնանկին դատարանի մէջ,
23 որովհետեւ Տէրն է նրա դատն ու դատաստանն անելու, եւ Տէրն է, որ անկորուստ պիտի փրկի քո հոգին։
24 Ընկեր մի՛ լինիր բարկացկոտ մարդուն եւ մի՛ առնչուիր դիւրաբորբոք բարեկամի հետ,
25 որ չլինի թէ սովորես նրա ճանապարհները եւ ծուղակն ընկնելով՝ խեղդամահ լինես։
26 Որեւէ մէկից ակնածելով՝ պարտքի համար անձդ երաշխաւոր մի՛ դարձրու,
27 որովհետեւ եթէ չունես, որտեղի՞ց պիտի վճարես, եւ ինչո՞ւ առնեն տանեն քո անկողինը, որի վրայ հանգստանում են կողերդ։
28 Մի՛ փոփոխիր քո հայրերի դրած յաւիտենական սահմանները։
29 Իր գործի մէջ փութկոտ եւ խելամիտ մարդուն պէտք է կանգնեցնել թագաւորների եւ ոչ թէ ծոյլ ու անպէտք մարդկանց առջեւ։