ԱՌԱԿՆԵՐ. Chapter 29

1 Լաւ է յանդիմանող, քան յամառ մարդը, որովհետեւ եթէ սրան կրակը յանկարծակի հարուածի, փրկութիւն չի լինի։
2 Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները. արդարները հեծում են ամբարիշտների իշխանութեան տակ։
3 Իմաստութիւն սիրողը ուրախացնում է իր հօրը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստութիւնը։
4 Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն։
5 Ով կռիւ է փնտռում բարեկամի դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար։
6 Մեղաւոր մարդու համար խիստ որոգայթ կը լարուի, բայց արդարը պիտի լինի ուրախութեան եւ խնդութեան մէջ։
7 Արդարը գիտէ տնանկներին իրաւունքով դատել, բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մէջ, իսկ աղքատն էլ իրաւախոհ միտք չունի։
8 Անօրէն մարդիկ քաղաքը մատնում են կրակի, բայց իմաստունները վանում են բարկութիւնը։
9 Իմաստուն մարդը դատում է ազգերին, բայց անզգամ մարդն իր բարկութեան մէջ ծաղրելի է դառնում եւ չի պատկառում։
10 Արիւնարբու մարդիկ ատում են արդարին, իսկ ուղղամիտները համակրանք են տածում նրա անձի նկատմամբ։
11 Անզգամն իր ողջ բարկութիւնը թափում է միանգամից, բայց իմաստունը համբերում է մեղմութեամբ։
12 Այն թագաւորը եւ նրա հետ բոլոր նրանք, որ ականջ են դնում անիրաւութեան խօսքերին, անօրէններ են։
13 Փոխ տուողը եւ փոխ առնողը հասնելու են նոյն տեղը, եւ երկուսին էլ առերեսելու է Տէրը։
14 Տնանկներին արդարութեամբ դատող թագաւորի աթոռը միշտ հաստատուն պիտի մնայ։
15 Ծեծն ու կշտամբանքն իմաստութիւն են տալիս. ճամփից շեղուած երեխան ամօթահար է անելու իր ծնողներին։
16 Ամբարիշտների բազմանալու դէպքում բազմապատկւում են յանցանքները, բայց արդարները ահով պիտի համակուեն նրանց կործանման ժամանակ։
17 Խրատի՛ր որդուդ, եւ նա քեզ հանգիստ պիտի պարգեւի եւ զարդ պիտի լինի հոգուդ համար։
18 Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է։
19 Խօսքով չի խրատւում կամակոր ծառան, որ թէեւ հասկանում, բայց բանի տեղ չի դնում այն։
20 Երբ յանդգնութեամբ խօսող մարդ տեսնես, իմացի՛ր, որ աւելի յոյս կայ անզգամի, քան նրա համար։
21 Ով փափկասուն է լինում մանկուց, պիտի ծառայ դառնայ եւ յետոյ մորմոքի ինքն իր մէջ։
22 Անզգամ մարդը հակառակութիւն է գրգռում, հեզաբարոյ մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է դրանք։
23 Ամբարտաւանութիւնը պիտի նուաստացնի մարդուն, բայց Տէրը խոնարհներին պիտի արժանացնի փառքի։
24 Ով բաժնեկից է դառնում գողերին, նա ատում է իր հոգին. նրանք երդում են տալիս, որ իմացածի մասին չպատմեն,
25 բայց մարդկանցից ունեցած վախի եւ ամօթի պատճառով պիտի յայտնեն եւ կործանուեն. իսկ ով յոյսը դրել է Տիրոջ վրայ, պիտի ուրախ լինի։ Ամբարշտութիւնը մարդուն գցում է գայթակղութեան մէջ, բայց ով ապաւինում է Տիրոջը, պիտի փրկուի։
26 Շատերն են հաճոյախօսում իշխաններին, բայց մարդուս իրաւունքը բխում է Տիրոջից։
27 Արդարի համար պիղծ է անօրէն մարդը, իսկ անօրէնի համար պիղծ է ուղիղ ճանապարհը։