ԱՌԱԿՆԵՐ. Chapter 28

1 Ամբարիշտը փախչում է առանց որեւէ մէկից հալածուած լինելու, բայց արդարն անձնապաստան է լինում, ինչպէս առիւծ։
2 Ամբարիշտների յանցանքների մասին վէճերը յուզում են դատական ատեանները, բայց խորագէտ մարդը հանգցնում է դրանք։
3 Հզօրը, որ ամբարտաւանութեամբ ընկճում է տնանկին, նման է սաստիկ անձրեւի, որից օգուտ չկայ.
4 նոյնպէս էլ նրանք, որ մերժում են օրէնքը, գովում են ամբարշտութիւնը. բայց նրանք, ովքեր սիրում են օրէնքը, իրենց շրջապատում են պարսպով։
5 Չար մարդիկ չեն հասկանում իրաւունքը, բայց Տիրոջը փնտռողները խելամուտ են ամէն բանի։
6 Ճշմարտութեան հետ գնացող աղքատն աւելի լաւ է ստի հետ ընթացող հարստից։
7 Իմաստուն որդին պահում է օրէնքը, բայց որկրամոլներին ընկերացողը անարգում է իր հօրը։
8 Ով իր տունը լցնում է տոկոսներով ու վաշխով, նա կուտակում է այն մարդու համար, ով ողորմում է աղքատին։
9 Ով իր ականջը շեղում է, որ չլսի օրէնքը,նա ինքն է պղծում իր ուխտը։
10 Ով ուղիղներին մոլորեցնում է չարի ճանապարհով, ինքն է ընկնելու ապականութեան մէջ։ Անարատ մարդիկ պիտի բաժանեն բարիքները, բայց անօրէնները պիտի անցնեն բարիքների մօտով եւ չեն մտնելու դրանց մէջ։
11 Հարուստն իր աչքին իմաստուն է թւում, բայց խելացի աղքատը դատապարտում է նրան։
12 Արդարներին օգնական դառնալուց մեծ փառք է ձեռք բերւում, բայց ամբարիշտների շրջանում կոտորւում են մարդիկ։
13 Իր ամբարշտութիւնը ծածկողը յաջողութիւն չի ունենայ, բայց բացայայտողը եւ իրեն պախարակողը կը դառնայ սիրելի։
14 Երանի այն մարդուն, որ Աստծու հանդէպ երկիւղածութեան պատճառով արհամարհում է ամէն բան, բայց խստասիրտը չարիքների մէջ կ՚ընկնի։
15 Նա, ով աղքատ է, քաղցած առիւծի եւ ծարաւած գայլի պէս դաժան կը լինի թշուառ ժողովրդի նկատմամբ։
16 Խոհեմութիւնից զուրկ թագաւորը մեծ անիրաւութիւն անող է, բայց անիրաւութիւնն ատողը երկար կեանք կ՚ունենայ։
17 Մահապարտի համար երաշխաւոր եղած մարդը փախստական է դառնում եւ չի հաստատւում ոչ մի տեղ։ Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կը տայ քեզ, զարդ կը լինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի։
18 Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի։
19 Ով մշակում է իր հողը, կը կշտանայ հացով,իսկ ով հետեւում է դատարկ բաների, տնանկ կը մնայ։
20 Հաւատարիմ մարդը շատ օրհնութիւն պիտի գտնի, բայց չարագործը չի փրկուելու պատուհասից։ Գովասանքի արժանի չէ այն անձը, ով չի պատկառում արդարներից։
21 Բարի չէ նա, ով երեսպաշտօրէն խուսափում է անօրէններին յանդիմանելուց. նա պատրաստ է մարդ վաճառել մի կտոր հացով։
22 Չարաչք մարդը շտապում է հարստանալ, բայց չգիտի, որ ողորմած մարդը պիտի յաղթի իրեն։
23 Մարդուն՝ նրա ճանապարհի համար յանդիմանողը աւելի շնորհ պիտի գտնի, քան նրան լեզուով շողոքորթողը։
24 Ով մերժում է իր հօրը կամ մօրը եւ դա մեղք չի համարում, նա համախոհ է ամբարիշտ մարդկանց։
25 Ագահ մարդը հակառակութիւն է գրգռում, բայց յոյսը Տիրոջ վրայ դնողը հոգածութիւն կը գտնի։
26 Ով յոյսը դնում է իր սրտի յանդգնութեան վրայ, նա անզգամ է, բայց իմաստութեամբ վարուողը կը փրկուի։
27 Աղքատներին բաժին տուողը չի աղքատանայ, բայց ով իր աչքը թեքում է նրանցից, նա շատ բանի կարօտ կը մնայ։
28 Ամբարիշտների շատանալուց հեծում են արդարները, բայց նրանց կորստեամբ բազմանում են արդարները։