ԱՌԱԿՆԵՐ. Chapter 27

1 Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ։
2 Թող քեզ քո ընկե՛րը գովի եւ ոչ թէ քո բերանը, օտա՛րը եւ ոչ թէ քո շուրթերը։
3 Քարը ծանր է, աւազը դժուար է բարձրացնել, բայց երկուսից էլ առաւել ծանր է անզգամի բարկութիւնը։
4 Անողորմ է զայրոյթը, բարկութիւնը՝ սաստիկ, բայց ոչ մէկից էլ պակաս չէ նախանձը։
5 Բացայայտ յանդիմանութիւնը լաւ է սքօղուած բարեկամութիւնից։
6 Լաւ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբոյրը։
7 Կուշտ մարդն արհամարհում է խորիսխն ու մեղրը, բայց քաղցածի համար դառն բանն էլ քաղցր է թւում։
8 Իր բոյնը լքած թռչունի նման՝ իր տեղից օտար վայր գնացած մարդն իրեն ստրուկ է զգում։
9 Իւղով, խնկով եւ գինով զուարճանում է սիրտը, եւ հոգին թօթափւում է տրտմութիւնից։
10 Քո բարեկամին, ինչպէս նաեւ հօրդ բարեկամին, մի՛ լքիր, եւ թշուառացած մի՛ մտնիր եղբօրդ տունը. մօտիկ բարեկամը լաւ է հեռու տեղ բնակուող եղբօրից։
11 Իմաստո՛ւն եղիր, որդեա՛կ, որ քո սիրտն ուրախ լինի, քեզնից հեռո՛ւ վանիր նախատինքի խօսքերը։
12 Խորագէտը տեսնում է գալիք չարիքը եւ խոյս է տալիս, բայց անզգամներն ընդառաջ են գնում եւ տուժում։
13 Հագից հանի՛ր հանդերձանքը նրա, ով չափից անց է թշնամանք տածում, որովհետեւ նա ուրիշին էլ է ապականում։
14 Ով առաւօտ կանուխ բարձր ձայնով գովում է բարեկամին, նա աւելի լաւ չէ, քան նրան անիծողը։
15 Ինչպէս կաթոցը ձմեռային օրը մարդուն հանում է իր տնից, այնպէս էլ անզգամ կինն է իր տնից դուրս հանում ամուսնուն։
16 Խստաշունչ է հիւսիսային քամին, բայց յաջողութեան նշան է համարւում։
17 Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ՝ ընկերոջ երեսը։
18 Թզենի տնկողը պիտի ուտի նրա պտուղը, իր տիրոջը պահողը պիտի պատիւ գտնի։
19 Ինչպէս մարդկանց դէմքերը նման չեն իրար, այնպէս էլ նման չեն նրանց սրտերը։
20 Ինչպէս անյագ են դժոխքն ու կորուստը, այնպէս էլ անյագ են ագահ մարդու աչքերը։ Տիրոջ առջեւ պիղծ են յանդուգն աչքերով, խրատ չլսող եւ ցոփ լեզու ունեցող մարդիկ։
21 Արծաթն ու ոսկին փորձում է հալոցը, իսկ մարդուն՝ նրան գովաբանողների բերանը։ Անօրէնի սիրտը չարիքներ է որոնում, ուղիղ սիրտը փնտռում է գիտութիւն։
22 Անզգամին կարող ես ծեծ տալ եւ անարգել ատեանում, բայց նրա անզգամութիւնը չես հեռացնի նրանից։
23 Խելամտօրէն հոգատա՛ր եղիր քո հօտերի անասունների նկատմամբ, սրտացա՛ւ եղիր քո երամակների համար,
24 որովհետեւ մարդու ուժը, զօրութիւնն ու իշխանութիւնը յաւիտենական չեն,եւ դրանք չեն տրւում սերնդից սերունդ։
25 Խնամքո՛վ վարուիր դաշտի կանաչի հետ, որ խոտ հնձես,
26 դալար խո՛տ հաւաքիր, որ ոչխարներդ գեղմնաբեր լինեն, եւ դաշտերը լա՛ւ պահիր, որ գառներ ունենաս։
27 Որդեա՛կ, սովորի՛ր ինձնից այս զօրաւոր պատգամները քո տան ապրուստի եւ քո բարեկամների ապրուստի համար։