ԱՌԱԿՆԵՐ. Chapter 7

1 Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ իմ պատուիրանները պահպանի՛ր քո մէջ։ Որդեա՛կ, պատուի՛ր Տիրոջը եւ զօրացի՛ր, եւ բացի նրանից ուրիշ ոչ ոքից մի՛ երկնչիր։
2 Որդեա՛կ, պահի՛ր իմ պատուիրանները եւ դու կ՚ապրես, պահպանի՛ր իմ խօսքերը, ինչպէս աչքի բիբը։
3 Կապի՛ր դրանք քո մատներին եւ գրի՛ր սրտիդ տախտակի վրայ։
4 Իմաստութեանն ասա՛, որ քեզ քոյր լինի, եւ խելքը թող դառնայ քո մտերիմը,
5 որպէսզի դրանք քեզ պահպանեն օտար ու չար կնոջից, երբ նա իր խօսքերով հրապուրի քեզ։
6 Իր տան պատուհանից աչքը ճանապարհին յառած՝
7 նա նայում է անմիտ պատանիներին եւ թեթեւամիտ երիտասարդներին,
8 որոնք գնում են փողոցներով, անցնում նրա տան անկեան մօտով.
9 նա խօսում է երեկոյի խաւարի միջից, երբ գիշերը մթնում, եւ դադարում է անցուդարձը։
10 Այդ կինը, պոռնիկի կերպարանքով, ընդառաջ է գալիս երիտասարդներին, որ բուռն հրայրքով ու պագշոտութեամբ խելքահան անի նրանց։
11 Նրա ոտքերը տանը դադար չեն առնում, եւ նա մերթ թափառում է դուրսը,
12 մերթ անցնում է փողոց ու հրապարակ եւ դարանամուտ է լինում ամէն պատահած անկիւնում։
13 Ահա նա որսում է մէկին, գրկում եւ համբուրում նրան եւ լրբենի երեսով ասում է նրան.
14 Ես խաղաղութեան ուխտ էի արել, այսօր ուխտս կատարեցի,
15 դրա համար էլ ընդառաջ ելայ քեզ՝ երեսդ տեսնելու համար, եւ ահա գտայ քեզ։
16 Ես գահաւորակս պատել եմ ծածկոցներով, զարդարել եգիպտական ճոխ կտաւներով,
17 անկողինս պատրաստել եմ ու քրքում ցանել վրան,բնակարանս խնկել եմ կինամոնով,
18 ե՛կ մինչեւ առաւօտ սէր վայելենք եւ հեշտանքի յանձնուենք.
19 իմ ամուսինը տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել,
20 իր փողի քսակն էլ վերցրել է հետը եւ շատ օրեր անց, թերեւս, տուն գայ։
21 Եւ այսպիսի բազում խօսքերով մոլորեցնում է նրան,խեղդող շուրթերով կաշկանդում նրան,
22 եւ նա յիմարացած գնում է կնոջ յետեւից, ինչպէս արջառը՝ սպանդանոց, կամ շունը՝ թոկը վզին,
23 կամ ինչպէս լեարդը նետով խոցուած եղջերուն. թռչնի նման նա շտապում է դէպի ծուղակը եւ չի գիտակցում, որ կորստի է մատնում իր հոգին։
24 Արդ, լսի՛ր ինձ, որդեա՛կ, եւ հնազա՛նդ եղիր իմ խօսքերին։
25 Սիրտդ մի՛ շեղիր դէպի նրա տան ճանապարհները եւ մի՛ մոլորուիր նրա շաւիղներում,
26 որովհետեւ խոցոտելով՝ նա շատերին է դիտապաստ արել, եւ անթիւ են նրա կողմից սպանուածները։
27 Դժոխքի ուղիներն են նրա տունը, որոնք իջեցնում են դէպի մահուան շտեմարանները։