ԱՌԱԿՆԵՐ. Chapter 23

1 Երբ հզօրների հետ սեղան նստես՝ ընթրիքի, ուտելուց առաջ լա՛ւ իմացիր, թէ ինչ են դրել քո առաջ, եւ նոր միայն ձեռքդ մեկնի՛ր։
2 Իմացի՛ր նաեւ, որ դու եւս պարտաւոր ես նոյնը պատրաստել։
3 Եւ եթէ ագահ էլ լինես, մի՛ ցանկացիր նրա խորտիկները, քանի որ դրանք էլ կ՚անցնեն կը գնան սուտ կեանքի հետ։
4 Եթէ ունեւոր չես, մի՛ ձգտիր հասնել հարստին, այլ քո իմաստութեամբ հեռացի՛ր նրանից։
5 Հէնց որ աչքդ տնկես մի բանի վրայ,այն իսկոյն կը չքանայ. հարստութիւնն արծուի թեւեր է շինում իր համար եւ վերադառնում է իր նախնիների տունը։
6 Չարաչք մարդու հետ հաց մի՛ կեր եւ մի՛ ցանկացիր նրա կերակուրը,
7 քանզի նա ուտում եւ խմում է այնպէս, ինչպէս մէկը մազ կուլ տար։
8 Նրան մի՛ ընդունիր քո տունը եւ քո հացը մի՛ կեր նրա հետ, քանի որ նա նողկանք կը պատճառի քեզեւ կ՚ապականի քո բարի խօսքերը.
9 Ամենեւին բան մի՛ ասա անզգամի ականջին, որ նա չանարգի քո իմաստուն խօսքերը։
10 Մի՛ փոփոխիր վաղեմի սահմանների նշանները. եւ ձեռք մի՛ տուր որբերի ունեցուածքին,
11 որովհետեւ հզօր է նրանց պաշտպանը՝ Տէրը, եւ նրանց դատը նա կը պաշտպանի քո դէմ։
12 Սիրտդ տո՛ւր խրատին, եւ ականջներդ պատրաստ պահի՛ր իմաստութեան խօսքերը լսելու համար։
13 Քո խրատը մի՛ խնայիր երեխային,որովհետեւ եթէ գաւազանով էլ խփես նրան՝ չի մեռնի,
14 դու նրան կը հարուածես գաւազանով, բայց նրա հոգին կը փրկես մահից։
15 Որդեա՛կ, եթէ քո սիրտն իմաստուն լինի, ապա կ՚ուրախացնես եւ իմ սիրտը։
16 Իմ շուրթերը պիտի ձուլուեն քո շուրթերին,միայն թէ դու ուղիղ խօսես։
17 Թող քո սիրտը չնախանձի մեղաւորներին, այլ միշտ Տիրոջ երկիւղը պահի՛ր սրտիդ մէջ։
18 Եւ եթէ պահես, դու զաւակ կ՚ունենաս, եւ քո յոյսը չի կտրուի։
19 Լսի՛ր, որդեա՛կ, իմաստո՛ւն եղիր եւ ուղղի՛ր քո սրտի խորհուրդները։
20 Մի՛ լինիր հարբեցող եւ մի՛ նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին,
21 որովհետեւ գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, եւ քնի մէջ թմրած ամէն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի։
22 Լսի՛ր, որդեա՛կ, քեզ ծնող հօրը եւ մի՛ արհամարհիր քո մօր ծերութիւնը։
23 Ճշմարտութի՛ւն ձեռք բեր եւ չթողնես իմաստութիւնը, խրատը եւ խոհեմութիւնը։
24 Արդար հայրը բարութեամբ է կրթում զաւակին, եւ նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար։
25 Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար, եւ թող ուրախանայ նա, ով ծնել է քեզ։
26 Տո՛ւր ինձ, որդեա՛կ, քո սիրտը, եւ թող աչքերդ սպասեն ինձ՝ իմ ճանապարհին։
27 Օտար տունը ծակ կարաս է, օտար բանը՝ նեղ ջրհոր։
28 Եւ ով այնտեղ է շտապում, շուտով պիտի կործանուի, եւ ամէն մի անօրէն պիտի ջնջուի իսպառ։
29 Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովութիւնը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դաժանութիւններն ու տարակուսանքները, ո՞ւմն են աջ ու ձախ տրուած հարուածները,եւ ո՞ւմն են հարուածից կապտած աչքերը,
30 - ո՞չ արդեօք նրանցը, ովքեր տարւում են գինով, ովքեր նայում են, թէ որտեղ գինարբուք կայ։
31 Մի՛ հարբէք գինով, այլ զրուցեցէ՛ք արդար մարդկանց հետ, եւ խօսեցէ՛ք միմեանց հետ հրապարակներում։ Իսկ եթէ աչքդ գցես թաս ու բաժակի, յետոյ պիտի սանդի կոթի պէս տկլոր ման գաս,
32 վերջն էլ օձից խայթուածի պէս պիտի ցած ընկնես, եւ գինին, ինչպէս իժի թոյն, պիտի տարածուի քո մէջ։
33 Եւ երբ աչքերդ օտար կին տեսնեն, բերանդ խառն ու շփոթ պիտի խօսի,
34 եւ պիտի ծփաս՝ ասես ծովի մէջ, ինչպէս նաւավարը՝ սաստիկ մրրիկի մէջ։
35 Եւ պիտի ասես. Ինձ ծեծում էին, բայց ես ցաւ չէի զգում, ինձ ծաղրում էին, բայց ես չէի գիտակցում, ե՞րբ է բացուելու առաւօտը, որ վեր կենամ գտնեմ, թէ ո՞ւմ հետ պիտի էլի շրջեմ։