ԱՌԱԿՆԵՐ. Chapter 13

1 Խելացի որդին հնազանդ է հօրը, բայց անհնազանդ որդին կորստեան պիտի մատնուի։
2 Մարդ առատօրէն պիտի ճաշակի արդարութեան պտղից, բայց անօրէն անձինք տարաժամ պիտի կործանուեն։
3 Իր լեզուն զսպողը պիտի պահպանի իր անձը, բայց ում բերանը յանդուգն է, պիտի խռովի իր հոգին։
4 Ծոյլը միշտ կարիքի մէջ պիտի լինի, բայց ժրաջան ձեռքը ճար կը գտնի։
5 Արդարն ատում է անիրաւ գործը, բայց ամբարիշտը պիտի ամաչի եւ համարձակութիւն պիտի չգտնի։
6 Արդարութիւնն անմեղներին պահպանում է իրենց ճանապարհներին, բայց մեղքերն անզգամ են դարձնում ամբարիշտներին։
7 Մարդիկ կան, որ իրենց հարուստ են ձեւացնում, բայց ոչինչ չունեն, կան էլ, որ իրենց խեղճ են ձեւացնում, բայց լի են մեծ հարստութեամբ։
8 Մարդս իր հարստութեամբ փրկագնում է իր անձը, բայց աղքատը չի հանգստանում պատուհասներից։
9 Արդարի լոյսը պիտի վառ լինի յարաժամ, բայց ամբարիշտների լոյսը պիտի հանգչի։ Նենգամիտ հոգիները պիտի մոլորուեն մեղքերի մէջ, բայց արդարները գթութիւն եւ ողորմութիւն պիտի գտնեն։
10 Անզգամն ամբարտաւանութեամբ չարիք է գործում, բայց իրաւախոհ մարդը իմաստուն է։
11 Անիրաւութեամբ դիզուած հարստութիւնը պիտի պակասի, բայց աստուածապաշտութեամբ ձեռք բերուած ունեցուածքը պիտի բազմապատկուի։
12 Լաւ է սկզբից եւեթ սրտով օգնել, քան շուտափոյթ խոստանալ եւ երկար ժամանակ յոյսով թողնել։ Արդարը ողորմում եւ փոխ է տալիս. բարի ցանկութիւնը կեանքի ծառ է։
13 Ով ինչ արհամարհի, դրանից էլ պիտի արհամարհուի. ով երկիւղ է կրում պատուիրանից, առողջ պիտի լինի։ Նենգամիտ որդին բարիք չի գտնի, բայց խելացի ծառայի գործերը պիտի յաջողուեն, եւ ուղիղ պիտի լինեն նրա ճանապարհները։
14 Իմաստունի համար օրէնքը կեանքի աղբիւր է,բայց անմիտը պիտի մեռնի որոգայթի մէջ ընկնելով։
15 Բարւոք խոհեմութիւնը շնորհ է պարգեւում, եւ օրէնքի իմացութիւնը մտքի բարիք է. կորստաբեր է օրէնքն արհամարհողների ճանապարհը։
16 Խորագէտ անձն իմաստութեամբ է գործում, բայց անմիտն ինքնակամ չարիքներ է տարածում։
17 Յանդուգն թագաւորը չարիքի մէջ պիտի ընկնի, բայց հաւատարիմ պատգամաւորը կը փրկի նրան։
18 Խրատը հեռու է վանում աղքատութիւնն ու անարգանքը, իսկ յանդիմանութեան անսացողը պիտի փառաւորուի։
19 Բարեպաշտների ցանկութիւնները քաղցրացնում են հոգին. ամբարիշտների գործերը հեռու են իմաստութիւնից։
20 Իմաստուններին ընկերացողը իմաստուն կը լինի, բայց անզգամներին ընկերացողը թաքուն պիտի չմնայ։
21 Չարիքները հալածում են մեղաւորներին, բայց բարիքները պիտի հասնեն արդարներին։
22 Առատաձեռն մարդը ճոխ ժառանգութիւն պիտի թողնի որդիների որդիներին, բայց ամբարիշտների հարստութիւնը արդարները պիտի ստանան։
23 Արդարները երկար տարիներ պիտի վայելեն իրենց հարստութիւնը, բայց անիրաւները շուտով պիտի կործանուեն։
24 Ով չի գործադրում խրատի գաւազանը, նա ատում է որդուն. իսկ ով սիրում է իր որդուն, նրան խրատում է հոգածութեամբ։
25 Արդարն իր անձը յագեցնում է ուտելու ժամանակ, բայց ամբարշտի որկորը միշտ անկուշտ է լինում։