ԱՌԱԿՆԵՐ. Chapter 12

1 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է։
2 լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի։
3 Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն։
4 Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է. ինչպէս փայտի համար վնասակար է որդը, այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն։
5 Արդարների խորհուրդները իրաւացի են, իսկ ամբարիշտները նենգութիւնների առաջնորդներ են։
6 Ամբարիշտների բերանները նենգաւոր են. ուղղամիտների բերանը կը փրկի իրենց։
7 Ամբարիշտը որ կողմ էլ դառնայ, պիտի բնաջնջուի, բայց արդարների տները պիտի յարատեւեն։
8 Իմաստունի բերանը պիտի գովաբանուի մարդկանցից, բայց ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհուի։
9 Լաւ է խոնարհ ծառայ լինել իր անձի համար, քան իր անձը մեծարել եւ հաց մուրալ։
10 Արդարը խղճում է իր անասունին, բայց ամբարիշտները անողորմ են։
11 Ով մշակում է իր հողը, պիտի կշտանայ հացով, իսկ ով դատարկ բաների յետեւից է գնում, նա պակասամիտ է։ Ով ժամանակը վատնում է գինարբուքի մէջ, նա անարգանք է թողնելու իր շրջապատի վրայ։
12 Ամբարիշտների ցանկութիւնները չար են, իսկ բարեպաշտների արմատները՝ հաստատուն։
13 Մեղաւորն իր լեզուի պատճառով որոգայթի մէջ կ՚ընկնի, բայց արդարը զերծ կը մնայ դրանից։ Քաղցրահայեաց մարդը գթութիւն է գտնում, բայց ով դռների արանքում է պատահում մարդկանց, նեղութիւն է պատճառում հոգուն։
14 Մարդ պիտի լցուի բարիքներով իր բերանի պտղից, եւ իր շուրթերի տուածի համեմատ՝ ստանայ հատուցում։
15 Անմիտներին իրենց ճանապարհները թւում են ուղիղ։
16 Իմաստունն ունկնդիր է լինում խրատին, իսկ անմիտն իսկոյն յայտնի է դարձնում իր բարկութիւնը։
17 Խորագէտ մարդը թաքցնում է իր անարգանքը.արդարը հաւատարմօրէն յայտնում է ճշմարտութիւնը. նենգամիտ է անօրէնի վկայութիւնը։
18 Մարդիկ կան, որ իրենց խօսքով խոցում են թրի պէս, բայց իմաստունների լեզուները բուժում են։
19 Ճշմարտախօս շուրթերը հաստատում են վկայութիւնը, բայց շտապող վկան անիրաւ լեզու ունի։
20 Չարամիտների սրտում նենգութիւն կայ, բայց ովքեր խաղաղութիւն են ուզում, ուրախ պիտի լինեն։
21 Անիրաւացի ոչ մի բան հաճելի չէ արդարին, բայց ամբարիշտները լցուած են չարութեամբ։
22 Ստախօս շուրթերը պիղծ են Տիրոջ առջեւ, ճշմարտութեան հաւատարիմ բերանը հաճելի է նրան։
23 Հանճարի աթոռը իմաստուն մարդն է, բայց անզգամների սիրտը պիտի ենթարկուի նզովքի։
24 Ընտրեալների ձեռքը պիտի հեշտ յաղթի, բայց նենգաւորները պիտի գերութեան մատնուեն։
25 Ահեղ խօսքը խռովում է արդարի սիրտը, բարի խօսքը ուրախացնում է նրան։ Արդարը սիրում է իրաւադատ անձը, բայց ամբարիշտների մտքերը կեղծ են։
26 Չարիքները հալածում են յանցաւորներին, բայց բարիքները պիտի հասնեն արդարներին։
27 Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց. որսը չի հանդիպում նենգաւորին։
28 Անարատ մարդու ունեցուածքը պատուական է եւ առատ։ Արդարութեան ճանապարհը տանում է դէպի կեանք, ոխակալների ճանապարհը՝ դէպի մահ։