ԱՌԱԿՆԵՐ. Chapter 26

1 Ինչպէս ցօղը՝ ամռանը, եւ անձրեւը՝ հնձի ժամանակ, այնպէս էլ պատիւը անտեղի է անզգամին։
2 Ինչպէս թռչուններն ու ճնճղուկները զուր տեղը չեն թռչում, այնպէս էլ ոչ մէկն իզուր անէծքներ չի տալիս։
3 Ինչպէս մտրակը ձիու համար է, խթանը՝ էշի, այնպէս էլ գաւազանն է անմիտների համար։
4 Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամութեան, որ չլինի թէ նմանուես նրան։
5 Բայց անզգամին նրա անզգամութեանն արժանի պատասխա՛ն տուր, որպէսզի ինքն իրեն աւելի իմաստուն չկարծի։
6 Իր բռնած ճամփի համար նախատինք պիտի ստանայ այն մարդը, որն անմիտ լրատարի հետ խօսք կ՚ուղարկի։
7 Խափանի՛ր անզգամի գնալ-գալը եւ նրա բերանի խօսքն ու առակը։
8 Ով պատիւ է տալիս անզգամին, նման է այն մարդուն, որ թանկարժէք քար է դնում պարսատիկի մէջ։
9 Հարբեցողի ձեռքերը փշերն են ծակծկում, անմիտ մարդու ձեռքերը ծառայում են անզգամին։
10 Բոլոր անզգամների մարմիններն էլ պիտի ալեկոծուեն շատ խռովքներից, որպէսզի խորտակուեն նրանց յիմարութիւնները։
11 Ինչպէս շունը դառնում է ատելի, երբ վերադառնում է իր փսխածին, այնպէս էլ անզգամն է իր չարութեամբ, երբ վերադառնում է դէպի իր մեղքերը։ Ամօթ կայ, որ մեղքերի մէջ է գցում մարդուն, ամօթ էլ կայ, որ նրան պարգեւում է փառք ու շնորհ։
12 Մարդ եմ տեսել, որ պարծեցել է, թէ ինքն իմաստուն է, բայց անզգամից աւելի շատ բան կարելի է յուսալ, քան նրանից։
13 Երբ ծոյլին ուզում ես մի տեղ ուղարկել, ասում է. Ճանապարհին առիւծ կայ, հրապարակում՝ մարդասպաններ։
14 Ինչպէս դուռը շուռ է գալիս իր ծխնիի վրայ, այնպէս էլ ծոյլն է թաւալւում իր մահճում։
15 Ծոյլն իր ձեռքերը թաքցնում է ծոցում եւ ալարում է նոյնիսկ իր բերանը տանել։
16 Ծոյլն իր աչքին աւելի իմաստուն է թւում, քան այն անձը, որ հարստութեան բարի լուր է աւետում։
17 Ուրիշի դատ ու վէճին խառնուող մարդը նման է նրան, ով ձեռքը գցում է շան պոչը բռնելու։
18 Փորձող անձեր կան, որ առարկում են մարդկանց, բայց երբ որեւէ մէկը շտապում է կանխել՝ հակադրուելով նրանց, ընկճւում են,
19 այդպէս էլ վարւում են այն բոլոր մարդիկ, որ դարանամուտ են լինում իրենց բարեկամների հանդէպ, բայց երբ կշտամբանքի են ենթարկւում, ասում են՝ Մենք կատակ էինք անում։
20 Շատ փայտ աւելացնելուց բորբոքւում է կրակը, բայց ուր երկմիտ մարդ չկայ, այնտեղ դադարում է վէճը։
21 Կրակարանը շիկանում է ածուխից, փայտը բորբոքում է կրակը, բանսարկուն էլ հրահրում է կռիւը։
22 Շողոքորթների խօսքերը փաղաքշող են, բայց դառնում են կռուի բուն։
23 Նենգամտութեամբ տրուած արծաթը նման է խեցու. ողորկ շուրթերը թաքցնում են տրտում սրտերը։
24 Ով լաց է լինում թշնամու վրայ, շուրթերով յայտնում է ամէն ինչ, մինչդեռ իր սրտում նենգութիւն է նիւթում։
25 Եթէ քո թշնամին քեզ աղաչի եւ բարձր ձայնով աղերսի, մի՛ հաւատա նրան, քանզի եօթը չարիք կայ նրա սրտում։
26 Ով թաքցնում է ատելութիւնը, նա յայտնի է դարձնում նենգութիւնը. բանիմաց մարդն ատեանում իր վնասը հեռու է վանում։
27 Ընկերոջ համար հոր փորողն ինքն է ընկնելու նրա մէջ. ով քար է գլորում ուրիշի վրայ, ինքն իր վրայ է գլորում այն։
28 Ստախօս լեզուն ատում է ճշմարտութիւնը. շաղակրատ բերանը խռովութիւն է ստեղծում։