ԱՌԱԿՆԵՐ. Chapter 15

1 Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրոյթը, բայց խիստ խօսքը բարկութիւն է յարուցում։
2 Իմաստունների լեզուն գիտէ բարիքը, իսկ անզգամների բերանը խօսում է չարիքների մասին։
3 Տիրոջ աչքը ամէն տեղ դիտում է չարերին եւ բարիներին։
4 Բուժող լեզուն կեանքի ծառ է, եւ ով պահում է այն՝ նրա հոգին պիտի լցուի։
5 Անզգամն անարգում է հօր խրատը, բայց յանդիմանութեանը հնազանդ որդին ողջախոհ է։ Արդարութեան աւելացումով՝ աւելանում է զօրութիւնը, բայց ամբարիշտները արմատախիլ պիտի լինեն երկրից։
6 Արդարների տները պիտի մնան մեծ զօրութեամբ, բայց ամբարիշտների պտուղները պիտի ոչնչանան։
7 Իմաստունների շուրթերը իմաստութիւն են հաստատում, անմիտների սրտերը անսխալ լինել չեն կարող։
8 Ամբարիշտների զոհագործութիւնները պիղծ են Տիրոջ առջեւ, բայց ուղղամիտների ուխտը հաճելի է նրան։
9 Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջեւ, բայց ով հետեւում է արդարութեանը, Տէրը սիրում է նրան։
10 Անմեղի խրատն ընդունելի է մերձաւորների համար, բայց ով ատում է յանդիմանութիւնը, պիտի վախճանուի անարգանքով։
11 Դժոխքն ու կորուստը յայտնի են Տիրոջ առջեւ, էլ ուր մնաց՝ մարդկանց սրտերը։
12 Մեծամիտը չի սիրում իրեն յանդիմանողին եւ չի հաղորդւում իմաստունների հետ։
13 Սրտի բերկրանքից ծաղկում է դէմքը, իսկ տրտում հոգին շրջում է թախծոտ։
14 Ուղիղ սիրտը իմաստութիւն է որոնում, բայց անզուսպ բերանը ծանօթ է չարիքներին։
15 Չարի աչքն ամէն ժամանակ սպասում է չարիքի, բայց բարի աչքը պիտի խաղաղուի ամէն ժամ։
16 Լաւ է քիչ բաժինը՝ Տիրոջ երկիւղով, քան թէ շատ գանձը՝ առանց երկիւղածութեան։
17 Լաւ է բանջարեղէնի ճաշ ուտել՝ սիրով ու շնորհքով, քան թէ մսուրի արջառի միս՝ թշնամութեամբ։
18 Զայրացկոտ մարդը կռիւ է յարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն։ Համբերատար մարդը մեղմում է դատաստանը, բայց ամբարիշտն աւելի է գրգռում այն։
19 Ծոյլի ճանապարհը ծածկուած է փշերով, բայց հարթ ու բաց է ջանասէրի ճամփան։
20 Իմաստուն որդին ուրախացնում է հօրը, իսկ անմիտ որդին արհամարհում է մօրը։
21 Անմիտ մարդու սիրտը կարօտ է խելացի խորհրդի, բայց խելացի մարդն ինքն է ուղղում իր ընթացքը։
22 Իրենց խորհուրդը յապաղում են յայտնել նրանք, որ չեն յարգում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդները հաստատ են մնում խոհեմների սրտում,
23 բայց անզգամը չի հետեւում նրանց եւ չի ասում պատշաճ բան, որ բարի լինի ընդհանուրի համար։
24 Իմաստունի խորհուրդը կեանքի ճանապարհ է, եւ մարդ դրանով դժոխքից խորշելով՝ կը փրկուի։
25 Տէրը կործանում է ոխակալների տները, բայց որբերի եւ այրիների սահմանը հաստատ է պահում։
26 Անիրաւ խորհուրդը պիղծ է Տիրոջ առջեւ, բայց սրբերի խօսքերը պարկեշտ են։
27 Կաշառակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի։ Ողորմութեամբ ու հաւատով մաքրւում է մեղքը, եւ Տիրոջ երկիւղով ամէն ոք խորշում է չարից։
28 Արդարների սրտերը խորհում են հաւատի մասին, բայց ամբարշտի բերանը իբրեւ պատասխան ունի չարիքը։ Տիրոջը հաճելի են արդար մարդկանց ճանապարհները. նրանց շնորհիւ թշնամիները դառնում են բարեկամներ։
29 Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը։ Լաւ է քիչ վերցնել՝ արդարութեամբ, քան թէ շատ արդիւնք ստանալ՝ առանց երկիւղածութեան։
30 Մարդուս սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին, որպէսզի Աստուած ուղղի նրա ընթացքը։
31 Բարին տեսնող աչքը ուրախացնում է սիրտը, իսկ բարի լուրը պարարում է ոսկորները։
32 Խրատ մերժողն ատում է իր հոգին, բայց յանդիմանութիւն լսողը խոհեմութիւն պիտի ստանայ։
33 Տիրոջ երկիւղը խրատ է եւ իմաստութիւն, եւ փառքը ծագում է դրանից։