ԺՈՂՈՎՈՂ. Chapter 10

1 Սատկած ճանճերը ապականում են անուշ իւղերը։ Սակաւ-ինչ իմաստութիւնն աւելի յարգի է, քան մեծ ու անմիտ փառքը։
2 Իմաստունի սիրտը իր աջ կողմն է, յիմարի սիրտը՝ իր ձախ կողմը։
3 Երբ յիմարը ճանապարհ գնայ, պիտի երեւայ, որ խելքը պակաս է, եւ ինչի մասին էլ նա մտածի՝ ամբողջն անմտութիւն է։
4 Եթէ իշխանի զայրոյթը բռնկուի քո դէմ, դու մի՛ լքիր քո տեղը. քաղցր աղաչանքը կարող է կանխել մեծ մեղքերը։
5 Մի չարիք էլ տեսայ արեգակի ներքոյ, որ ակամայ լինում է իշխանի պատճառով։
6 Յիմարին բարձր դիրք է տրւում, իսկ հարուստներին ցածր տեղ են նստեցնում։
7 Ես ծառաներ եմ տեսել, որ ձի հեծած են շրջել, եւ իշխաններ, որոնք երկրի վրայ քայլել են ծառաների նման։
8 Հոր փորողն ինքը կ՚ընկնի հորի մէջ, ցանկապատ քանդողին կը խայթի օձը։
9 Քար հանողին քարը վնաս կը տայ, փայտ ճեղքողին՝ փայտից վտանգ կը գայ։
10 Եթէ կացինը բթանայ, եւ մարդը չսրի նրա բերանը, ապա պիտի աւելի շատ ուժեր վատնի, մինչդեռ յաջողութեան մեծ օգուտը իմաստութիւնն է։
11 Եթէ հմայելիս օձը պիտի խայթի, դա առաւելութիւն չէ հմայողի համար։
12 Իմաստունի բերանում խօսքերը շնորհ են, իսկ յիմարի շրթները կործանում են իրեն։
13 Նրա խօսքերի սկիզբը յիմարութիւն է, եւ նրա խօսքի վախճանը՝ կատարեալ խենթութիւն։
14 Յիմարը միայն խօսքերն է շատացնում։ Մարդը չգիտէ, թէ ինչ է եղել եւ ոչ էլ իմանալու է, թէ ինչ է լինելու, քանի որ նրանից յետոյ ո՞վ կարող է պատմել նրան։
15 Յիմարի աշխատանքը տանջում է իրեն, ինչպէս քաղաքի ճամփան՝ չիմացողին։
16 Վա՜յ քեզ, քաղա՛ք, որ թագաւորդ մանուկ է, եւ իշխաններդ կերուխում են անում մինչեւ առաւօտ։
17 Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագաւորդ ազատորդի է, եւ իշխաններդ էլ ուտում են ժամանակին՝ ուժի համար եւ չեն ամաչելու։
18 Ծուլութեան պատճառով շէնքի գերանները կ՚ընկնեն ցած, եւ ձեռքերի պարապութիւնից տունը կը կաթի։
19 Հացը տալիս են խնդութեան համար, գինին եւ իւղն ուրախացնում են ապրողներին, բայց արծաթն է լուծում ամէն բան։
20 Սակայն դու քո մտքում անգամ մի՛ նզովիր թագաւորին եւ քո ննջարանում էլ մի՛ անիծիր մեծաւորին, որովհետեւ երկնքի թռչունները ձայնդ կը տանեն, եւ թեւաւորները կը յայտնեն քո խօսքը։