ԺՈՂՈՎՈՂ. Chapter 11

1 Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն։
2 Բաժի՛ն տուր եօթին էլ, ութին էլ, որովհետեւ ի՞նչ իմանաս, թէ ի՛նչ չարիք պիտի լինի երկրի վրայ։
3 Երբ ամպերը լցւում են անձրեւով, այն թափում են երկրի վրայ, բայց երբ ծառն ընկնում է դէպի հարաւ կամ դէպի հիւսիս, ուր էլ ընկնի՝ այնտեղ էլ պիտի մնայ։
4 Քամուն նայողը սերմ չի ցանի, ամպին նայողը հունձ չի անի։
5 Ի՞նչ իմանաս՝ ո՛րն է քամու ճանապարհը։ Ինչպէս որ չգիտես, թէ ինչպէս են յղի կնոջ արգանդում ոսկորներ գոյանում, այնպէս էլ չես կարող իմանալ Աստծու բոլոր գործերը։
6 Առաւօտեան քո սերմը կը ցանես, բայց երեկոյեան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետեւ չգիտես, թէ ո՛րը յաջող կը լինի՝ սա՞, թէ՞ նա, կամ գուցէ երկուսն էլ լաւ լինեն միասին։
7 Քաղցր է լոյսը, եւ աչքի համար հաճելի է արեգակը տեսնել,
8 որովհետեւ եթէ մարդ բազում տարիներ էլ ապրի եւ այդ բոլոր տարիներին էլ ուրախ լինի, պիտի յիշի նաեւ խաւարի այն օրերը, որոնք խիստ շատ են լինելու, քանզի այն ամէնը, որ յետոյ է գալու, ունայնութիւն է։
9 Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդութեամբ, թող սիրտդ քեզ զուարճացնի քո երիտասարդ օրերին։Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով եւ քո աչքերի տենչանքով, բայց եւ իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստուած պիտի քեզ դատաստանի ենթարկի։
10 Եւ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմութիւնը եւ չարութիւնը հանի՛ր քո մարմնից, որովհետեւ թէ՛ երիտասարդութիւնը եւ թէ՛ յիմարութիւնը ունայնութիւն են։