ԺՈՂՈՎՈՂ. Chapter 6

1 Մի չարիք էլ տեսայ արեգակի ներքոյ, որ շատ յաճախ է պատահում մարդկանց։
2 Մարդ կայ, որին Աստուած թէ՛ հարստութիւն եւ թէ՛ ունեցուածք ու փառք է տուել, եւ ինչ ցանկանայ նրա հոգին՝ ոչ մի բանի պակաս չի զգում, բայց Աստուած դրանցից ուտելու իշխանութիւն չի տուել նրան, այլ օտար մարդ է վայելում դրանք. եւ սա եւս ունայնութիւն է եւ ծանր ցաւ։
3 Եթէ մի մարդ հարիւր զաւակ էլ ծնի եւ բազում տարիներ էլ ապրի, եւ կամ է՛լ առաւել շատանան նրա տարիների օրերը, բայց եթէ նրա հոգին չի կշտացել բարիքներից, եւ մի գերեզման իսկ չի գտնուել նրա համար, ապա ես կ՚ասեմ, որ վիժածն աւելի լաւ է նրանից,
4 որովհետեւ վիժածն ունայնութեամբ գալիս եւ գնում է խաւարով, եւ խաւարում էլ ծածկւում է նրա անունը,
5 որովհետեւ նա ոչ արեւ տեսաւ եւ ոչ էլ իմացաւ, թէ ինչ է հանգիստը իր կամ մէկ ուրիշի համար։
6 Իսկ եթէ մէկ ուրիշն էլ ապրել է հազար տարի, բայց ոչ մի բարիք չի վայելել, մի՞թէ բոլորի նման նա էլ նոյն տեղը չի գնալու։
7 Մարդու բոլոր աշխատանքներն իր բերանի համար են, բայց նրա հոգին չի յագենում։
8 Ի՞նչ առաւելութիւն ունի իմաստունը յիմարից, քանի որ տնանկը գիտէ ընթանալ իր կեանքի առջեւից։
9 Լաւ է աչքով տեսնել, քան հոգով ցանկալ. սակայն սա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։
10 Ինչ որ գոյութիւն ունի, կանխաւ սահմանուած է եղել. եւ սկզբից արդէն յայտնի է, թէ ինչ է մարդը, եւ որ երբեք նա չի կարող չափուել իրենից Հզօրի հետ,
11 որովհետեւ շատ բաներ կան, որ բազմապատկում են ունայնութիւնը։