ԺՈՂՈՎՈՂ. Chapter 4

1 Ես դարձայ ու տեսայ այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքոյ. եւ ահա զրկուածներն արցունքների մէջ են, եւ ոչ ոք չկար, որ մխիթարէր նրանց, եւ ուժը նրանց զրկողների ձեռքին էր։
2 Եւ ես երանի տուի բոլոր նրանց, որ արդէն մահացել են, քան կենդանի մարդկանց, որ ապրում են մինչեւ այժմ։
3 Բայց այդ երկուսից էլ աւելի լաւ է նա, որ բնաւ չի եղել եւ չի տեսել այն բոլոր չար գործերը, որ կատարւում են արեգակի ներքոյ։
4 Ես տեսայ նաեւ, որ ամէն վաստակի եւ յաջողութեան համար մարդուս նախանձում է իր մերձաւորը. սակայն սա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։
5 Յիմարը ձեռնածալ նստում եւ ինքն իրեն է ուտում։
6 Լաւ է հանգիստ վաստակել մի բուռ, քան չարչարանքով ու տանջանքով՝ երկու բուռ։
7 Դարձայ եւ ես մի ունայնութիւն էլ տեսայ արեգակի ներքոյ.
8 մարդ կայ, որ մենակ է եւ ոչ ոք չունի՝ ո՛չ որդի եւ ո՛չ էլ եղբայր, բայց նրա աշխատանքն էլ վերջ չունի, եւ աչքն էլ չի կշտանում հարստութեամբ. նա չի ասում, թէ՝ Ո՞ւմ համար եմ ջանք թափում եւ ինչո՞ւ եմ հոգիս զրկում բարիքից. սա եւս ունայնութիւն է եւ դաժան զբաղմունք։
9 Երկու հոգով աւելի լաւ է, քան մենակ, որովհետեւ աւելի վարձ կայ նրանց վաստակի համար,
10 քանի որ եթէ մէկն ընկնի, նրա ընկերը կը կանգնեցնի նրան, բայց վա՜յ մենակին, որ ընկնի, երբ ուրիշ մէկը չկայ, որ բարձրացնի նրան։
11 Եւ եթէ երկուսը միասին քնեն, կը տաքացնեն միմեանց, բայց միայնակ մարդն ինչպէ՞ս պիտի տաքանայ։
12 Եւ եթէ մէկի վրայ բռնանան, երկուսը դէմ կը կանգնեն. չէ՞ որ երեքտակ թելն էլ հեշտ չի կտրւում։
13 Լաւ է աղքատ եւ իմաստուն տղան, քան թէ ծեր եւ անմիտ թագաւորը, որ էլ չի կարող խորհուրդներ ընկալել,
14 որովհետեւ տղան կարող է կալանատնից դուրս գալ եւ թագաւորել, հակառակ որ իր թագաւորութեան մէջ ծնուել էր աղքատ։
15 Ես տեսայ, որ արեգակի ներքոյ բոլոր ապրողները գնում են այն տղայի՝ այն երկրորդի հետ, որ պիտի փոխարինի նրան։
16 Վերջ չկար ամբողջ ժողովրդին, բոլորին, որ եղել էին նրանցից առաջ, բայց յետոյ եկողներն էլ պիտի չուրախանան նոր թագաւորով. բայց դա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։
17 Զգո՛յշ եղիր քայլիդ համար, երբ Աստծու տուն ես գնում,
18 եւ մօտեցի՛ր լսելու համար. որովհետեւ քո զոհն աւելի յարգի է, քան ընծաներն անզգամների, որոնք չգիտեն բարիք գործել։