ԺՈՂՈՎՈՂ. Chapter 1

1 Դաւթի որդու՝ Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Ժողովողի խօսքերը
2 Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ունայնութիւն ունայնութեանց. ամէն ինչ ունայն է։
3 Ի՞նչ օգուտ ունի մարդ իր ողջ չարչարանքից, որ տանջւում է արեգակի ներքոյ։
4 Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է յաւերժ։
5 Արեգակը ծագում, արեգակը մայր է մտնում եւ վերադառնում է իր տեղը, որտեղից ծագել է։
6 Հողմը ելնում է դէպի հարաւ եւ դառնում է դէպի հիւսիս, պտտուելով պտտւում՝ փչում է հողմը եւ վերադառնում նորից իր շրջապտոյտին։
7 Բոլոր գետերը գնում են դէպի ծով, բայց ծովը չի լցւում, եւ նորից գետերը վերադառնում են այնտեղ, որտեղով հոսել են։
8 Ամէն ինչ ջանք ու տքնանքով է լինում, եւ չի կարող մարդ այն պատմել. աչքը տեսնելով չի յագենում, եւ ականջը լսելով չի լցւում։
9 Այն, ինչ եղել է, նոյնն էլ պիտի լինի, եւ այն, ինչ կատարուել է, նոյնն էլ պիտի կատարուի։
10 Եւ ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ. որովհետեւ ոչ ոք չի կարող ասել՝ Ահա սա նոր է, քանի որ դա եղել է վաղուց, յաւիտենապէս՝ մեզնից առաջ եղածների մէջ։
11 Նախկինների յիշատակը չկայ, չի լինելու նաեւ դրանցից յետոյ գալիքների յիշատակը՝ ամենավերջում եկողների մէջ։
12 Ես՝ Ժողովողս, Իսրայէլի թագաւոր եղայ Երուսաղէմում.
13 եւ սիրտս տուի իմաստութեամբ քննելու եւ խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է արեգակի ներքոյ։ Աստուած դաժան զբաղմունք է տուել մարդու որդիներին, որ զբաղուեն արեգակի ներքոյ։
14 Ես տեսայ այն բոլոր գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, եւ, ահա, ամէն ինչ ունայնութիւն է եւ հոգու տանջանք։
15 Ծուռն ուղղել չի լինի, եւ չեղածը՝ հաշուել։
16 Սրտիս մէջ ինքս ինձ ասացի, թէ՝ Ահա ես աւելի մեծ եղայ, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղէմում. եւ ես իմ սիրտը տուի ճանաչելու իմաստութիւնն ու գիտութիւնը եւ աւելի շատ իմաստութիւն ստացայ, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղէմում։
17 Իմ սիրտը ճանաչեց բազում իմաստութիւն եւ գիտութիւն, առակներ եւ խորհուրդներ։ Ես հասկացայ, սակայն, որ դա եւս հոգու տանջանք է,
18 քանզի շատ իմաստութեան մէջ շատ գիտութիւն կայ, եւ իր գիտութիւնն աւելացնողը իր ցաւն է աւելացնում։