ԺՈՂՈՎՈՂ. Chapter 8

1 Մարդու իմաստութիւնը լոյս է տալիս նրա երեսին, բայց անամօթի երեսը ատելի է լինում։
2 Թագաւորի բերանից ելած խօսքից զգո՛յշ եղիր եւ մի՛ շտապիր երդման խօսք ասել Աստծուն։
3 Մի՛ շտապիր հեռանալ նրա աչքից եւ ոչ էլ մնա չար գործի մէջ, որովհետեւ նա ինչ որ կամենայ, կարող է անել։
4 Որպէս թագաւոր նա խօսում է իշխանութեամբ, եւ ո՞վ կարող է նրան ասել, թէ՝ ի՞նչ արեցիր։
5 Այն մարդը, որ պատուիրան է պահում, չարիքի չի հանդիպի. իմաստուն սիրտը գիտէ պատուիրանը կատարելու ժամանակն ու եղանակը։
6 Ամէն բանի ժամանակը կայ եւ կայ ճիշտ կատարելու եղանակը. բայց շատ բան էլ կայ, որ մարդ չգիտէ,
7 որովհետեւ չգիտէ, թէ ինչ է լինելու, եւ ինչ էլ որ լինի՝ ո՞վ պիտի պատմի նրան։
8 Մարդս չի կարող իշխել իր հոգուն եւ ոչ էլ իր հոգուն արգելք հանդիսանալ. եւ ոչ էլ նա իշխանութիւն ունի իր մահուան օրուայ հանդէպ. ոչ կարող է խոյս տալ հոգեվարքի պայքարից, եւ ոչ էլ ամբարշտութիւնը կարող է փրկել ամբարշտին։
9 Ես տեսայ այս բոլորը եւ սրտով քննեցի այն բոլոր գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, եւ այն, որ մարդն իշխում է մարդու վրայ ու չարչարում է նրան։
10 Տեսայ, որ ամբարիշտներին թաղեցին գերեզմանների մէջ. գնացին նրանք սուրբ տեղից, եւ նրանց համար սուգ արեցին քաղաքում։ Սակայն սա եւս ունայնութիւն է։
11 Չարի դատաստանն անմիջապէս չի կատարւում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակւում են չարիք գործել։
12 Մեղաւորը չարիք է գործում՝ լինի այժմ, աւելի առաջ թէ յետոյ. իսկ ես գիտեմ, որ բարիքը հասնում է միայն նրանց, ովքեր երկիւղ են կրում Աստծուց եւ երկնչում են նրա առջեւ։
13 Բայց ամբարշտի համար բարութիւն պիտի չլինի. նա իր օրերը պիտի չերկարեցնի, այլ դրանք պիտի լինեն ստուերի նման, քանի որ նա երկիւղ է կրում Աստծու ներկայութիւնից։
15 Մի ունայնութիւն էլ կայ երկրի վրայ. արդարներ կան, որոնց հետ պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, եւ ամբարիշտներ կան, որոնց հետ պատահում է այն, ինչ արժանի է արդարների գործերին։ Եւ ես ասացի. Սակայն դա եւս ունայնութիւն է։
16 Եւ ես գովեցի ուրախութիւնը, որովհետեւ արեգակի ներքոյ մարդու համար ուտելուց, խմելուց եւ ուրախ լինելուց բացի ուրիշ աւելի լաւ բան չկայ, քանի որ նրա ողջ կեանքում, որ Աստուած տուել է նրան արեգակի ներքոյ, դա է մնալու միայն նրա վաստակից։
17 Մի անգամ որ ես սիրտս տուի ճանաչելու իմաստութիւնը եւ տեսնելու այն զբաղմունքները, որ կատարւում են երկրի վրայ (որովհետեւ մարդ կայ, որի աչքին գիշեր թէ ցերեկ քուն չի գալիս),
18 Աստծու բոլոր գործերից ես հասկացայ, որ մարդ չի կարող գտնել այն գործը, որ կատարուել է արեգակի ներքոյ. որքան էլ մարդ աշխատի որոնել այն, չի գտնելու, եւ մինչեւ իսկ իմաստունն էլ ինչքան էլ ասի, թէ գիտէ, դարձեալ չի կարող գտնել։