Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 34

1 Յոսիասը ութ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ երեսունմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։
2 Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ. գնաց իր նախնի Դաւթի ճանապարհներով՝ չխոտորուելով ո՛չ աջ, ո՛չ ձախ։
3 Իր թագաւորութեան ութերորդ տարում, երբ Յոսիասը տակաւին երիտասարդ էր, սկսեց յարել իր նախնի Դաւթի Տէր Աստծուն, իսկ իր թագաւորութեան տասներկուերորդ տարում սկսեց մաքրել Յուդայի երկիրն ու Երուսաղէմը բարձրադիր մեհեաններից, կուռքերից, ձուլածոյ աստուածներից։
4 Նա իր իսկ ներկայութեամբ կործանել տուեց Բահաղիմի զոհասեղանները եւ սրանց վերեւի մասում գտնուող բարձրադիր պաշտամունքի տեղերը։ Նա ջարդուփշուր արեց կուռքերը, քանդակուած ու ձուլածոյ աստուածները, փշրեց, փոշիացրեց դրանք եւ շպրտեց դրանց զոհ մատուցողների շիրիմների վրայ։
5 Նա զոհասեղանների վրայ վառեց քրմերի ոսկորները եւ մաքրեց Յուդայի երկիրը, Երուսաղէմը,
6 Եփրեմի, Մանասէի, Շմաւոնի, Նեփթաղիմի քաղաքներն ու դրանց շրջակայ վայրերը։
7 Նա վերացրեց կուռքերը, բագիններն ու աստուածների արձանները փշրեց, մանրեց եւ բոլոր բարձրադիր մեհեանները վերացնելով ամբողջ Իսրայէլի երկրից՝ վերադարձաւ Երուսաղէմ։
8 Իր թագաւորութեան տասնութերորդ տարում, երբ վերջացրել էր երկիրն ու թագաւորական տունը մաքրելը, Սելիի որդի Սափանին, քաղաքի իշխան Մասիասին ու Յովաքազի որդի Յոսիասին՝ իր դիւանապետին ուղարկեց, որ նորոգեն իր Տէր Աստծու տունը։
9 Սրանք եկան մեծ քահանայ Քեղկիասի մօտ, եւ նա տուեց Տիրոջ տուն բերուած արծաթ դրամը, որը դռան ղեւտացի պահապանները հաւաքել էին Մանասէի, Եփրեմի երկրներից, իշխաններից եւ Իսրայէլի մնացած բոլոր վայրերից, Յուդայի, Բենիամինի երկրների եւ Երուսաղէմի բնակիչներից։
10 Նրանք այն տուեցին գործաւորներին, որոնք մնում էին Տիրոջ տանը այն նորոգելու եւ ամրացնելու համար։
11 Նրանք արծաթը տուեցին հիւսներին եւ շինարարներին, որ խոշոր քառանկիւն քարեր ու փայտէ գերաններ գնեն, ծածկեն այն շենքերը, որ Յուդայի երկրի թագաւորներն էին քանդել։
12 Այդ մարդիկ հաւատարմօրէն կատարեցին գործը, եւ նրանց վերակացուները՝ Մերարիի որդիներից ղեւտացիներ Յէթն ու Աբդիասը, Կահաթի որդիներից Զաքարիասն ու Մեսոլամը եւ ամէն մի ղեւտացի, որ գիտակ էր նուագարանների ընկերակցութեամբ երգեր կատարելու, հսկում էին։
13 Վերակացուներ կային բեռնակիրների, ամէն տեսակ գործեր կատարողների ու աշխատանքի ղեկավարների վրայ։ Քարտուղարները, դատաւորներն ու դռների պահապանները ղեւտացիներից էին։
14 Երբ Տիրոջ տուն մտնելով հանում էին արծաթը, Քեղկիաս քահանան գտաւ Տիրոջ Օրէնքի գիրքը, որը գրուած էր Մովսէսի ձեռքով։
15 Քեղկիասը յայտնեց Սափան քարտուղարին. Օրէնքի գիրք եմ գտել Տիրոջ տանը։
16 Քեղկիասը Օրէնքի գիրքը տուեց Սափանին։ Սափանը արքային յանձնեց այդ գիրքը, ինչպէս նաեւ ներկայացրեց գործ անող բանուորներին տրուած արծաթի հաշիւը։
17 Ձուլեցին Տիրոջ տանը գտնուած արծաթը եւ այն տուեցին վերակացուներին ու նրանց, որոնք գործ էին անում։
18 Սափան քարտուղարը պատմեց արքային՝ ասելով. Քեղկիաս քահանան ինձ տուեց Օրէնքի գիրքը։
19 Եւ Սափանն այն ընթերցեց թագաւորի առջեւ։ Երբ արքան լսեց Օրէնքի գրքի խօսքերը, պատառոտեց իր պատմուճանը։
20 Արքան պատուիրեց Քեղկիասին, Սափանի որդի Աքիկամին, Միքեասի որդի Աբդիին, Սափան քարտուղարին եւ արքայի ծառայ Ասայիային՝ ասելով.
21 Գնացէք հարցրէ՛ք Տիրոջը ինձ համար եւ Իսրայէլում ու Յուդայի երկրում մնացած բոլորի համար, թէ ինչ են գրել այդ գտնուած գրքում, քանզի մեր նախնիների Տիրոջ խօսքերին չանսալու՝ այս գրքի մէջ գրուած ամէն ինչ չկատարելու պատճառով է Տիրոջ բարկութիւնը բորբոքուած մեզ վրայ։
22 Քեղկիասը եւ նրանք, որոնց հետ խօսել էր արքան, գնացին Օղդան մարգարէուհու՝ Եսերի որդի Թակուաթի որդի Սելեմի կնոջ մօտ, որը պահում էր պատուիրանները եւ ապրում էր Երուսաղէմում՝ Մասենայում, եւ նրան պատմեցին վերեւում ասուած խօսքերը։
23 Նա ասաց նրանց. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ասացէ՛ք այն մարդուն, որ ձեզ ինձ մօտ է ուղարկել,
24 թէ այսպէս է ասում Տէրը. Ահա ես այդ տեղի վրայ չարիք պիտի բերեմ, այսինքն՝ պիտի կատարուեն այն խօսքերը, որ գրուած են այդ գրքում, եւ ընթերցել են Յուդայի երկրի արքայի առջեւ.
25 քանի որ ինձ լքելով զոհեր մատուցեցին օտար աստուածներին, որպէսզի ինձ բարկացնեն իրենց ձեռքի գործերով, իմ բորբոքուած բարկութիւնն է իջնելու այդ տեղի վրայ եւ չի հանդարտուելու։
26 Իսկ Տիրոջը փնտռելու համար ձեզ ուղարկած Յուդայի երկրի թագաւորին այսպէ՛ս ասացէք. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը.
27 ՚Քո լսած խօսքերը պատկառանքով լցրեցին քո սիրտը, եւ դու խոնարհուեցիր իմ առջեւ՝ լսելու համար իմ խօսքերը այդ տեղի ու նրա բնակիչների մասին։ Դու խոնարհուեցիր իմ առջեւ, պատառոտեցիր քո պատմուճանը ու լաց եղար իմ դիմաց, ուստի ես եւս լսեցի քեզ, - ասում է Տէրը։
28 Ահա ես քեզ քո նախնիների մօտ պիտի տանեմ, քեզ քո շիրիմի մէջ պիտի դնեմ խաղաղութեամբ, եւ քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի ու դրա բնակիչների գլխին ։ Այս խօսքերը հաղորդեցին թագաւորին։
29 Արքան մարդ ուղարկեց ու հաւաքեց Յուդայի երկրի եւ Երուսաղէմի ծերերին։
30 Յուդայի երկրի արքան եւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի բոլոր բնակիչները, քահանաներն ու ղեւտացիները եւ ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչեւ փոքրը, եկան Տիրոջ տունը, եւ արքան նրանց առաջ ընթերցեց Տիրոջ տանը գտնուած ուխտի բոլոր խօսքերը։
31 Վեր կացաւ Յոսիաս թագաւորը, կանգնեց սեան մօտ եւ ուխտեց Տիրոջ առջեւ՝ ընթանալ Տիրոջ նշած ուղիով, ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել Նրա պատուիրանները, Նրա օրէնքներն ու հրամանները եւ ուխտի խօսքերը, որ գրուած են այդ գրքում։
32 Նա յորդորեց Երուսաղէմում ու Բենիամինի երկրում գտնուող բոլոր մարդկանց, եւ Երուսաղէմի բնակիչները ուխտ արեցին իրենց հայրերի Աստծու տանը։
33 Այսպիսով Յոսիասը իսրայէլացիների ամբողջ երկրից վերացրեց բոլոր պղծութիւնները եւ Երուսաղէմում ու Իսրայէլում գտնուող բոլոր մարդկանց համոզեց ծառայել իրենց Տէր Աստծուն։ Իր բոլոր օրերին նա չխոտորուեց իր նախնիների Տէր Աստծու ուղուց։