Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 15

1 Տիրոջ հոգին իջաւ Ադադի որդի Ազարիասի վրայ։
2 Նա, կանգնելով Ասայի եւ ամբողջ Յուդայի ու Բենիամինի երկրների ամբողջ ժողովրդի առջեւ, ասաց. Լսեցէ՛ք ինձ, ո՜վ Ասա եւ Յուդայի ու Բենիամինի երկրների բոլո՛ր մարդիկ։ Տէրը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ էք։ Արդ, եթէ դուք նրան փնտռէք, նա կը յայտնուի ձեզ, եւ եթէ լքէք նրան, նա էլ ձեզ կը լքի։
3 Երկար ժամանակ Իսրայէլը եղել է առանց ճշմարիտ Աստծու, առանց քահանայի, որ ուսուցանէր,
4 եւ առանց օրէնքի, որ նրանց դարձնէր դէպի Իսրայէլի Տէր Աստուածը, բայց Տէրը նրանց մէջ էր։
5 Այդ ժամանակներում չկար ապահովութիւն դուրս եկողի ու ներս մտնողի համար, քանզի Տիրոջ սարսափն էր ընկել գաւառների բոլոր բնակիչների վրայ։
6 Ազգը ազգի դէմ էր պատերազմում, եւ քաղաքը՝ քաղաքի, քանզի Աստուած ամէն տեսակ նեղութիւններով զարհուրեցրել էր նրանց։
7 Արդ, դուք զօրացէ՛ք, ու ձեր ձեռքերը թող չթուլանան, քանզի ձեր գործերը վարձ են ունենալու։
8 Երբ Ասան լսեց այս խօսքերը եւ Ազարիաս մարգարէի մարգարէութիւնը, զօրացաւ եւ Յուդայի ու Բենիամինի երկրներից եւ այն քաղաքներից, որ գրաւել էր Եփրեմի լերան վրայ, դուրս գցեց ամէն տեսակ կուռքերը։ Նա կատարեց նաեւ Տիրոջ տաճարի առջեւում գտնուող Տիրոջ զոհասեղանի նաւակատիքը։
9 Նա ժողովեց հաւաքեց Յուդայի ու Բենիամինի երկրների մարդկանց, ինչպէս եւ Եփրեմի, Մանասէի, Շմաւոնի ցեղերից նրանց մօտ գտնուող պանդուխտներին, քանզի շատերը, տեսնելով որ նրանց Տէր Աստուածը նրա հետ է, Իսրայէլից անցել-գնացել էին նրա կողմը։
10 Ասայի թագաւորութեան տասնհինգերորդ տարուայ երրորդ ամսին նրանք հաւաքուեցին Երուսաղէմում։
11 Այդ օրը նա բերուած աւարից Տիրոջ համար զոհաբերեց եօթը հարիւր զուարակ ու եօթը հազար ոչխար։
12 Նա ուխտ դրեց, որ իրենց Տէր Աստծուն պէտք է պաշտեն ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով։
13 Ով չէր պաշտի Իսրայէլի Տէր Աստծուն, պէտք է մեռնէր, լինի երիտասարդ թէ ծեր, տղամարդ թէ կին։
14 Նրանք բարձր ձայնով ու եղջերափող հնչեցնելով երդուեցին Տիրոջը։
15 Ամբողջ Յուդայի երկիրը ուրախացաւ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդուեցին եւ յօժարակամ պաշտեցին Նրան։ Տէրը նրանց մէջ էր. Նա համատարած հանգստութիւն պարգեւեց նրանց։
16 Ասան իր մօրը՝ Մաաքային հեռացրեց, քանզի սա Աստարտի քրմուհի էր, ու խորտակելով կուռքերը՝ այրեց դրանք Կեդրոնի հեղեղատում։
17 Բարձրադիր մեհեանները, սակայն, չվերացուեցին. դրանք տակաւին կային Յուդայի երկրում ու Իսրայէլում, թէեւ Ասայի սիրտն իր կեանքի բոլոր օրերին լի էր Աստուծով։
18 Նա ներս տարաւ իր նախահայր Դաւթի սրբութիւնները եւ Տէր Աստծու սրբութիւնները՝ արծաթ, ոսկի ու սպասք։
19 Պատերազմ չեղաւ մինչեւ Ասայի թագաւորութեան երեսունհինգերորդ տարին։