Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 16

1 Ասայի թագաւորութեան երեսունութերորդ տարում Իսրայէլի Բաաս արքան յարձակուեց Յուդայի երկրի վրայ։ Նա ամրացրեց Հռաման, որ փակի Յուդայի երկրի արքայ Ասայի ելումուտը։
2 Ասան ոսկի ու արծաթ վերցնելով Տիրոջ տան եւ թագաւորական տան գանձատներից՝ ուղարկեց ասորիների արքայ Ադերի որդուն, որ բնակւում էր Դամասկոսում, ասելով.
3 Դաշի՛նք կնքիր իմ ու քո միջեւ, ինչպէս որ կար իմ հօր ու քո հօր միջեւ։ Ահաւասիկ ես քեզ արծաթ ու ոսկի եմ ուղարկում, որ յետ դարձնես Իսրայէլի Բաաս արքային, որպէսզի նա ինձնից հեռանայ։
4 Ասորիների արքայ Ադերի որդին անսաց եւ իր զօրքի իշխաններին ուղարկեց Իսրայէլի քաղաքների դէմ, որոնք հարուած հասցրին Աւոնին, Դանին, Աբելմայինին եւ Նեփթաղիմ գաւառի շրջակայ ամբողջ երկրին։
5 Երբ Բաասը լսեց այդ մասին, հրաժարուեց Հռաման ամրացնելուց, եւ նրա այդ գործը կանգ առաւ։
6 Ասա արքան հաւաքեց Յուդայի երկրի բոլոր մարդկանց եւ տանելով Բաասի կառուցած Հռամայի ամրութիւնների քարերն ու փայտը՝ դրանցով ամրացրեց Գաբաան ու Մասփան։
7 Այն ժամանակ Յուդայի երկրի Ասա արքայի մօտ եկաւ Անանիաս մարգարէն եւ ասաց նրան. Քանի որ ապաւինեցիր ասորիների արքային եւ ոչ թէ քո Տէր Աստծուն, այդ պատճառով Իսրայէլի արքայի զօրքը փրկուեց քո ձեռքից։
8 Մի՞թէ եթովպացիներն ու լիբիացիները մեծաթիւ զօրք չունէին եւ համարձակութեամբ չյարձակուեցին չափազանց շատ հեծեալներով։ Բայց քանի որ դու ապաւինել էիր քո Տիրոջը, Տէրը նրանց քո ձեռքը մատնեց,
9 քանզի Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին, որպէսզի նա զօրացնի բոլոր նրանց, որոնց սրտերը ուղիղ են։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից յետոյ քո երկիրը պատերազմներ է ունենալու։
10 Ասան զայրացաւ մարգարէի վրայ եւ նրան բանտարկեց, որովհետեւ այդ բանի համար բարկացել էր։ Այդ ժամանակ Ասան սկսեց դաժան վերաբերուել ժողովրդի հանդէպ։
11 Ասայի առաջին եւ վերջին գործերը գրի են առնուած Յուդայի երկրի ու Իսրայէլի թագաւորների գրքում։
12 Ասայի ոտքերը թուլացան իր թագաւորութեան երեսունիններորդ տարում. նա ծանրօրէն հիւանդացաւ։ Իր հիւանդութեան ժամանակ նա Տիրոջը չապաւինեց, այլ՝ բժիշկներին։
13 Ասան վախճանուեց իր թագաւորութեան քառասունմէկերորդ տարում եւ գնաց իր նախնիների գիրկը։
14 Նրան թաղեցին այն գերեզմանում, որ ինքն իր համար էր փորել տուել Դաւթի քաղաքում։ Նրան գահաւորակի վրայ դրեցին, առատ խնկերով ու զանազան իւղերով օծեցին ու շատ մեծ յուղարկաւորութեամբ թաղեցին։