Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 21

1 Յոսափատը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ։
2 Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յորամը։
3 Նա ունէր վեց եղբայր, որոնք Յոսափատի որդիներն էին. Եզրիաս, Եէլ, Զաքարիաս, Միսայէլ, Սափատիաս եւ Ազարիու։ Սրանք բոլորը Յուդայի երկրի արքայ Յոսափատի որդիներն էին։
4 Հայրը նրանց տուել էր բազում պարգեւներ՝ արծաթ, ոսկի, զէնքեր, ինչպէս նաեւ ամրացուած քաղաքներ Յուդայի երկրում, իսկ թագաւորութիւնը յանձնել էր Յորամին, քանզի նա էր անդրանիկը։
5 Յորամն ստանձնելով թագաւորութիւնը՝ հզօրացաւ ու սրակոտոր արեց իր բոլոր եղբայրներին, նաեւ Իսրայէլի մի շարք իշխանների։
6 Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում։
7 Նա ընթացաւ Իսրայէլի թագաւորների ճանապարհներով. նա արեց այն, ինչ որ Աքաաբի տունն էր արել, քանի որ նրա կինը Աքաաբի դուստրն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ,
8 սակայն Տէրը չուզեց կործանել Դաւթի տունը այն ուխտի համար, որ դրել էր Դաւթի հետ, եւ ինչպէս ասել էր նրան՝ միշտ մի ճրագ էր տալու նրան ու նրա որդիներին։
9 Այդ օրերին Յուդայի երկրի դէմ ապստամբեցին եդոմացիները, որոնք իրենց համար թագաւոր ընտրեցին։
10 Յորամը գնաց իր իշխաններով ու հեծեալներով հանդերձ եւ գիշերը վեր կենալով՝ յարձակուեց եդոմացիների ու նրանց մարտակառքերի հրամանատարների վրայ, որոնք պաշարել էին իրեն։ Եդոմացիների զօրքը փախաւ դէպի իրենց վրանները։
11 Եդոմն ազատուեց Յուդայի երկրի գերիշխանութիւնից. եւ այդպէս է մինչեւ այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց Լոբնան Յորամի իշխանութեան դէմ, քանզի Յորամը լքել էր իր հայրերի Տէր Աստծուն,
12 բարձրադիր մեհեաններ էր կառուցել տուել Յուդայի երկրի քաղաքներում, չաստուածներ պաշտելու էր մղել Երուսաղէմի բնակիչներին ու մոլորեցրել Յուդայի երկիրը։
13 Եղիա մարգարէից նրան պատգամագիր եկաւ, ուր ասուած էր. Այսպէս է ասում քո նախահօր՝ Դաւթի Տէր Աստուածը. Քանի որ չընթացար քո հօր՝ Յոսափատի ուղիով եւ ոչ էլ Յուդայի երկրի արքայ Ասայի ուղիով,
14 այլ ընթացար Իսրայէլի թագաւորի ուղիով, չաստուածներ պաշտելու մղեցիր Յուդայի երկրի ու Երուսաղէմի բնակիչներին, ինչպէս որ արել էր Աքաաբի տունը, եւ քո հօր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լաւ էին, սպանեցիր,
15 դրա համար էլ Տէրը քո ժողովրդի ներկայութեամբ քեզ, քո որդիներին, քո կանանց եւ քո ամբողջ ունեցուածքին մեծ հարուածներ է հասցնելու։
16 Դու ծանր հիւանդութեամբ ու որովայնի ախտով պիտի մաշուես, մինչեւ որ քո ախտահարուած փորոտիքը օրէցօր դուրս թափուի։
17 Եւ Տէրը Յորամի դէմ հանեց այլազգիներին եւ եթովպացիների հարեւան արաբներին։
18 Նրանք յարձակուեցին Յուդայի երկրի վրայ, կողոպտեցին այն եւ տարան արքայի տան ամբողջ հարստութիւնը, նրա տղաներին ու աղջիկներին, եւ նա զրկուեց իր բոլոր որդիներից, բացի կրտսերագոյն որդուց՝ Օքոզիասից։
19 Դրանից յետոյ Տէրը նրան հարուածեց եւ որովայնի անբուժելի հիւանդութիւն տուեց։
20 Որոշ ժամանակ անց երբ հասաւ նրա վախճանը, ամբողջ երկու օր նրա ախտահարուած փորոտիքը դուրս թափուեց, եւ նա մեռաւ այդ ծանր հիւանդութիւնից։ Ժողովուրդը նրան յուղարկաւորութիւն չարեց, ինչպէս որ արել էր նրա նախնիներին։
21 Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նա մեռաւ առանց դրուատանքի խօսքի։ Նա թաղուեց Դաւթի քաղաքում, բայց ոչ թագաւորների գերեզմանոցում։