Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 2

1 Սողոմոնը հրամայեց կառուցել Տիրոջ տունը եւ իր թագաւորական պալատը։
2 Նա հաւաքեց եօթանասուն հազար բեռնակիրներ, լեռներում աշխատող ութսուն հազար քարհատներ եւ նրանց վրայ վերակացուներ՝ երեք հազար վեց հարիւր մարդ։
3 Սողոմոնը Տիւրոսի արքայ Քիրամի մօտ մարդ ուղարկեց՝ ասելով. Դու իմ հայր Դաւթին օգնել ես՝ մայրի փայտ ես տուել բնակութեան տուն շինելու համար։
4 Արդ, ես նոյնպէս, նրա որդին, իմ Տէր Աստծու անուան տուն եմ շինում, որ այն Նրան նուիրաբերեմ, Նրա առջեւ խունկ ծխեմ, շարունակ առաջաւորութեան հաց ու ողջակէզներ մատուցեմ ամէն առաւօտ ու երեկոյ, ամէն շաբաթ օրերին, ամսամուտներին եւ մեր Աստծու տօներին։ Եւ սա պէտք է յաւիտեան կատարուի Իսրայէլում։
5 Այն տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու, քանզի մեր Տէր Աստուածն աւելի մեծ է, քան բոլոր աստուածները։
6 Եւ ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, քանզի եթէ երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել նրա փառքը, ես նրա համար ի՞նչ տուն կարող եմ կառուցել։ Ես կարող եմ նրա համար կառուցել մի տուն, ուր միայն խունկ կը ծխեն։
7 Արդ, ինձ մօտ ճարտար մարդ ուղարկի՛ր, որ գիտենայ մշակել իմ հայր Դաւթի հաւաքած ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, հմուտ լինի ծիրանի, կարմիր, կապուտակ կտորներ ու բեհեզ գործածելու մէջ, որ իմանայ քանդակներ պատրաստել Հրէաստանում ու Երուսաղէմում գտնուող իմ վարպետների հետ։
8 Ինձ Լիբանանից ուղարկի՛ր մայրի, սարդենի եւ թեղենի փայտեր, որովհետեւ գիտեմ, որ ոչ ոք քո ծառաների նման Լիբանանից փայտ կտրել չգիտի։ Արդ, քո ծառաները թող գնան իմ ծառաների հետ,
9 որ ինձ համար մեծ քանակութեամբ փայտ պատրաստեն, որովհետեւ այն տունը, որ կառուցելու եմ, պէտք է լինի մեծ ու փառաւոր։
10 Քո ծառաներին, փայտ կտրող գործաւորներին իբրեւ ռոճիկ կը տամ քսան հազար քոռ ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար չափ գինի եւ քսան հազար չափ ձէթ։
11 Տիւրոսի Քիրամ արքան պատասխանեց նամակով եւ այն ուղարկեց Սողոմոնին. Քանի որ Տէրը սիրեց իր ժողովրդին, դրա համար քեզ նրանց վրայ թագաւոր կարգեց։
12 Ապա Քիրամն ասում էր. Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն ստեղծել է երկինքն ու երկիրը եւ Դաւիթ արքային տուել է խելամտութեամբ ու դատողութեամբ օժտուած իմաստուն որդի, որ կառուցի Տիրոջ տունն ու իր թագաւորական տունը։
13 Ահա քեզ մօտ եմ ուղարկում մի խելօք ու հմուտ մարդու՝ իմ ծառայ Քիրամին,
14 որի մայրը Դանի դուստրերից է, իսկ նրա հայրը տիւրոսցի է։ Նա գիտի մշակել ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, քարերն ու փայտերը, հիւսել ծիրանի ու կապուտակ, բեհեզ ու կարմիր կտորներ, քանդակներ անել։ Նա, աշխատելով քո վարպետների ու քո հօր՝ իմ տէր Դաւթի վարպետների հետ, կը կարողանայ անել այն բոլոր գործերը, որ կ՚առաջարկես դու իրեն։
15 Արդ, ցորենը, գարին, ձէթն ու գինին, որ յիշատակել է իմ տէրը, թող տայ իր ծառաներին,
16 իսկ մենք Լիբանանից փայտ կը կտրենք ըստ քո կարիքների եւ ծովի վրայով, լաստերով կը բերենք Յոպպէ, եւ դու կը տանես կը կուտակես Երուսաղէմում։
17 Սողոմոնը հաւաքեց Երուսաղէմում գտնուող բոլոր պանդուխտներին ըստ իր հայր Դաւթի կատարած մարդահամարի։ Նրանք հարիւր յիսուներեք հազար վեց հարիւր հոգի էին։
18 Նա նրանցից եօթանասուն հազար բեռնակիրներ, ութսուն հազար քարհատներ վերցրեց ու նրանց վրայ երեք հազար վեց հարիւր գործավարներ նշանակեց։