Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 18

1 Յոսափատը էլ աւելի շատ հարստութիւն ու մեծ փառք ունեցաւ եւ խնամութիւն արեց Աքաաբի տան հետ։
2 Տարեվերջին նա գնաց Աքաաբի մօտ, Սամարիա, եւ Աքաաբը նրա ու նրա հետ եկած զօրքի համար շատ ոչխար ու զուարակ մորթեց եւ փորձեց նրան համոզել, որ միասին յարձակուեն Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ։
3 Իսրայէլի արքայ Աքաաբն ասաց Յուդայի երկրի արքայ Յոսափատին. Ինձ հետ Գաղաադի Ռամոթ քաղաքի դէմ կը յարձակուե՞ս։ Սա ասաց. Մի ենք ես ու դու, մի են քո զօրքն ու իմ զօրքը քեզ համար պատերազմում։
4 Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. Այսօր հարցնենք Տիրոջը։
5 Իսրայէլի արքան հաւաքեց Իսրայէլի մարգարէներին՝ չորս հարիւր մարդ, եւ հարցրեց նրանց. Գաղաադի Ռամոթ քաղաքը պատերազմի գնա՞մ, թէ՞ յետ կանգնեմ։ Նրանք ասացին. Գնա՛, եւ Աստուած քեզ՝ արքայիդ, յաջողութիւն կը պարգեւի։
6 Յոսափատն ասաց. Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարէ չկա՞յ, որ նրան էլ հարցնենք։
7 Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. Մի ուրիշ մարդ էլ կայ, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետեւ նա ինձ համար լաւ բան չի մարգարէանում, եւ նրա բոլոր օրերը չարութեամբ են լցուած։ Դա Յեմլայի որդի Միքիասն է։ Յոսափատն ասաց. Թող արքան այդպէս չխօսի։
8 Եւ Իսրայէլի արքան մի ներքինի կանչեց ու ասաց. Շտապ այստե՛ղ բեր Յեմլայի որդի Միքիասին։
9 Իսրայէլի արքան եւ Յուդայի երկրի Յոսափատ արքան, ամէն մէկը պատմուճանը հագած, նստել էին իրենց գահին։ Նրանք նստել էին Սամարիայի դարպասի առջեւ, մի ընդարձակ տեղ, եւ բոլոր մարգարէները նրանց առջեւ մարգարէանում էին։
10 Քանանի որդի Սեդեկիասը, որ երկաթէ եղջիւրներ էր պատրաստել, ասաց. Այսպէս է ասում Տէրը. Սրանցով պիտի հարուածես ասորիներին, մինչեւ որ բնաջնջես նրանց։
11 Բոլոր մարգարէները նոյնպէս մարգարէանում էին՝ ասելով. Յարձակուի՛ր Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ, յաջողութիւն կ՚ունենաս, եւ Տէրը քո՝ արքայիդ ձեռքը կը յանձնի այն։
12 Սուրհանդակը, որ գնացել էր Միքիասին կանչելու, խօսեց նրա հետ եւ ասաց. Ահա մարգարէները միաբերան բարեգուշակ բաներ ասացին յօգուտ արքայի, դու էլ նրանց ասածի պէս մի բա՛ն ասա, լաւ բա՛ն գուշակիր։
13 Միքիասն ասաց. Կենդանի է Տէրը. ինչ որ Աստուած ինձ ասի, այն էլ կ՚ասեմ։
14 Նա եկաւ արքայի մօտ, եւ արքան նրան ասաց. Միքիա՛ս, Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ յարձակուե՞մ, թէ՞ յետ կանգնեմ։ Եւ նա ասաց. Յարձակուի՛ր եւ յաջողութիւն կը գտնես, նրանք ձեր ձեռքը կ՚ընկնեն։
15 Ասաց նրան արքան. Քանի անգամ եմ քեզ երդուել տուել, որ, Տիրոջ անունով, ճշմարտութիւնից բացի ինձ այլ բան չասես։
16 Միքիասն ասաց. Տեսայ, որ իսրայէլացիները ցրուած են լեռների վրայ հովիւ չունեցող ոչխարների պէս, եւ Տէրն ասաց. Սրանք առաջնորդ չունեն, թող ամէն մարդ իր տունը վերադառնայ խաղաղութեամբ։
17 Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի գուշակութիւն չի անի, այլ՝ չար։
18 Իսկ Միքիասն ասաց. Ճիշտ չէ։ Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը։ Ես տեսայ Տիրոջը, որ նստած էր իր աթոռին, եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած էին նրա աջ ու ձախ կողմերին։
19 Տէրն ասաց. Ո՞վ կը խաբի Իսրայէլի արքայ Աքաաբին, որ վեր կենայ ու յարձակուի Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ։ Մէկն այսպէս խօսեց, միւսն՝ այնպէս։
20 Մի ոգի ելաւ ու կանգնելով Տիրոջ առջեւ՝ ասաց. Ես կը խաբեմ նրան։ Տէրն ասաց. Ի՞նչպէս։
21 Նա ասաց. Ես կը գնամ ու սուտ ոգի կը լինեմ նրա բոլոր մարգարէների բերանում։ Տէրն ասաց. Դու կը խաբես նրան, դու կարող ես, ուրեմն գնա՛ եւ արա՛ այդպէս։
22 Ահա Տէրը սուտ ոգի է դրել քո այդ մարգարէների բերանում, այդ պատճառով էլ Տէրը քեզ համար վատ բան է գուշակում։
23 Այն ժամանակ Քանանի որդի Սեդեկիասը մօտենալով Միքիասին՝ հարուածեց նրա ծնօտին ու ասաց. Ո՞ր ճանապարհով Տիրոջ ոգին անցաւ իմ մէջ եւ խօսեց քեզ հետ։
24 Միքիասն ասաց. Ահա դու կը տեսնես այն օրը, երբ պահասենեակից պահասենեակ կը մտնես, որ թաքնուես։
25 Իսրայէլի արքան ասաց. Բռնեցէ՛ք Միքիասին, յե՛տ տարէք քաղաքագլուխ Սեմերի ու արքայորդի իշխան Յովասի մօտ
26 եւ ասացէ՛ք. Այսպէս է ասում արքան. սրան բա՛նտ դրէք, ու թող նա մի կտոր հացով ու մի կում ջրով սնուի, մինչեւ որ ես խաղաղութեամբ վերադառնամ։
27 Միքիասն ասաց. Եթէ իրօք խաղաղութեամբ վերադառնաս, ուրեմն Տէրը ինձ հետ չի խօսել։ Ո՜վ ժողովուրդ, բոլորդ լսեցէ՛ք։
28 Իսրայէլի արքան ու Յուդայի երկրի արքայ Յոսափատը յարձակուեցին Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ։
29 Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. Ծպտի՛ր ինձ, որ այդպէս մտնեմ պատերազմի մէջ, իսկ դու հագի՛ր իմ պատմուճանը։ Իսրայէլի արքան ծպտուեց եւ մտաւ պատերազմի մէջ։
30 Ասորիների արքան իր մարտակառքերի հրամանատարներին, որոնք իր մօտ էին, ասաց. Մի՛ կռուէք ո՛չ շարքայինի, ո՛չ էլ նրանց մեծաւորների դէմ, այլ միայն՝ Իսրայէլի արքայի դէմ։
31 Եւ երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Յոսափատին, ասացին. Սա է Իսրայէլի արքան։ Եւ շրջապատեցին նրան, որ կռուեն նրա դէմ։ Յոսափատը աղաղակեց, ու Տէրը փրկեց նրան։ Աստուած նրանց հեռացրեց նրա մօտից։
32 Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան, որ նա Իսրայէլի արքան չէ, նրան հետապնդելուց դադարեցին։
33 Մի մարդ ամբողջ ուժով լարեց աղեղը եւ լանջապանակի միջով խոցեց Իսրայէլի արքայի թոքերը։ Նա ասաց իր ներքինուն. Կառքը յե՛տ դարձրու եւ ինձ հանի՛ր պատերազմի դաշտից, որովհետեւ մահացու վիրաւոր եմ։
34 Այդ օրը պատերազմը սաստկացաւ, եւ Իսրայէլի արքան մինչեւ երեկոյ մնաց իր մարտակառքի վրայ, ասորիների դիմաց եւ արեգակի մայր մտնելու ժամանակ մեռաւ։