Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 8

1 Պատահեց այնպէս, որ Սողոմոնը Տիրոջ տունն ու իր տունը կառուցելուց քսան տարի յետոյ
2 վերակառուցեց այն քաղաքները, որ Քիրամը տուել էր իրեն, եւ այնտեղ բնակեցրեց իսրայէլացիներին։
3 Սողոմոնը եկաւ Սոբայի Եմաթ բնակավայրը, ամրացրեց այն,
4 անապատում կառուցեց Թադմորը եւ Եմաթում շինեց ամրութիւններով քաղաքներ։
5 Նա Վերին Բեթորոն ու Ներքին Բեթորոն քաղաքները վերակառուցեց ամուր պարիսպներով, դռներով ու նիգերով։
6 Նա կառուցեց Բալաաթն ու իրեն պատկանող բոլոր ամրացուած քաղաքները, մարտակառքերի ու հեծեալների բոլոր քաղաքները։ Ամէն ինչ, որ Սողոմոնը կամեցաւ, ըստ իր ցանկութեան շինեց Երուսաղէմում, Լիբանանում եւ իր ամբողջ թագաւորութեան մէջ։
7 Ոչ իսրայէլացի բոլոր մարդկանց, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խեւացիներից եւ յեբուսացիներից,
8 Իսրայէլի կազմակերպած կոտորածից յետոյ երկրում վերապրած նրանց որդիներին Սողոմոնը հարկատու դարձրեց. եւ այդպէս է մինչեւ այսօր։
9 Սողոմոնն իսրայէլացիներից իր թագաւորութեան համար ծառաներ չվերցրեց, որովհետեւ նրանք պատերազմողներ, հզօր իշխաններ, մարտակառքերի ու հեծեալների հրամանատարներ էին։
10 Սրանք, թուով երկու հարիւր յիսուն հոգի, Սողոմոնի թագաւորութեան գլխաւոր իշխանները՝ ժողովրդի ղեկավարներն էին։
11 Սողոմոնը փարաւոնի դստերը հանելով Դաւթի քաղաքից՝ բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար։ Նա ասում էր. Իմ կինը չպէտք է բնակուի Իսրայէլի արքայ Դաւթի քաղաքում, որովհետեւ սուրբ է այն քաղաքը, ուր Տիրոջ տապանակն է մտել։
12 Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակէզներ մատուցեց տաճարի դիմաց իր շինած զոհասեղանի վրայ,
13 որի վրայ, ամենօրեայ կարգի համաձայն, ըստ Մովսէսի պատուիրանների, ողջակէզ պիտի մատուցուէր շաբաթ օրերին, ամսուայ սկզբին ու տարեկան երեք տօներին՝ Բաղարջակերաց տօնին, Շաբաթների տօնին եւ Տաղաւարահարաց տօնին։
14 Նա, Դաւթի կարգադրութեան համաձայն, քահանաների դասերը որոշեց ըստ իրենց սպասաւորութեան. ղեւտացիները նշանակուեցին իրենց պարտականութիւնների վրայ, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջեւ ըստ ամէն մի օրուայ կարգի։ Դռնապաններ կարգուեցին տարբեր դռների վրայ ըստ իրենց դասերի, քանզի այդպէս էր Աստծու մարդու՝ Դաւթի ցուցումը։
15 Նրանք զանց չարեցին արքայի այն ցուցումները, որ տրուել էին քահանաների, ղեւտացիների, գանձարանի եւ ամէն ինչի վերաբերեալ։
16 Այսպիսով աւարտուեց Սողոմոնի՝ Տիրոջ համար տուն կառուցելու ամբողջ գործը սկզբից մինչեւ վերջ։
17 Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոնգաբեր եւ Ելամ, որը Հրէաստանի ծովեզերքին էր։
18 Քիրամը իր ծառաների միջոցով նաւեր ուղարկեց ու մարդիկ, որ ծովի վրայ նաւարկել գիտէին։ Նրանք Սողոմոնի ծառաների հետ գնացին Սոփերա եւ այնտեղից բերեցին չորս հարիւր յիսուն տաղանդ ոսկի ու եկան Սողոմոն արքայի մօտ։