Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 3

1 Սողոմոնը Երուսաղէմում, Ամորհացիների լերան վրայ, ուր Տէրը երեւացել էր նրա հօրը՝ Դաւթին, սկսեց կառուցել Տիրոջ տունը այն տեղում, որ Դաւիթը պատրաստել էր Օռնա Յեբուսացու կալում։
2 Նա կառուցումն սկսեց իր թագաւորութեան չորրորդ տարուայ երկրորդ ամսին։
3 Այսպիսով Սողոմոնն սկսեց շինել Աստծու տունը։ Դրա նախկին երկարութիւնը վաթսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ քսան կանգուն։
4 Տան ճակատի արտաքին գաւթի նախկին երկարութիւնն ու լայնութիւնը քսանական կանգուն էին, բարձրութիւնը՝ հարիւր քսան կանգուն։ Նա այն ներսից պատեց մաքուր ոսկով։
5 Մեծ դահլիճը նա երեսապատեց մայրի փայտով ու պատեց մաքուր ոսկով, վրան քանդակեց արմաւենիներ ու շղթայաձեւ զարդեր։
6 Շքեղութեան համար տունը զարդարեց թանկարժէք քարերով ու Սեփարուիմից աւար բերուած մաքուր ոսկով.
7 տունը, պատերը, դրանդիկները, դռներն ու ձեղունը պատեց ոսկով, իսկ պատերին քանդակեց քերովբէներ։
8 Շինեց նաեւ Սրբութիւնների սրբութեան դահլիճը, որի երկարութիւնը ճակատի կողմից քսան կանգուն էր, լայնութիւնն էլ՝ քսան կանգուն։ Նա սրահը պատեց մաքուր ոսկով եւ քերովբէներով՝ ծախսելով վեց հարիւր տաղանդ ոսկի։
9 Ամէն մի մեխի կշիռը յիսուն սիկղ ոսկի էր։ Վերնատունը նոյնպէս պատեց ոսկով։
10 Սրբութիւնների սրբութեան դահլիճում երկու քերովբէներ պատրաստեց եւ դրանք պատեց ոսկով։
11 Քերովբէների թեւերի երկարութիւնը քսան կանգուն էր. ամէն մի թեւը՝ հինգ կանգուն, կպած սրահի պատին, եւ միւս թեւը եւս՝ հինգ կանգուն, կպած միւս քերովբէի թեւին։
12 Միւս քերովբէի թեւը նոյնպէս հինգ կանգուն էր, կպած սրահի պատին, եւ միւս թեւը եւս՝ հինգ կանգուն, կպած միւս քերովբէի թեւին։
13 Երկու քերովբէների թեւերը տարածուած վիճակում քսան կանգուն էին։ Նրանք կանգնած էին իրենց ոտքերի վրայ, իսկ նրանց դէմքերը նայում էին սրահի կողմը։
14 Նա վարագոյրները պատրաստեց կապուտակ, ծիրանի, կարմիր կտորներից ու բեհեզից, որոնց վրայ քերովբէներ էին հիւսուած։
15 Տան առաջ երկու սիւներ կանգնեցրեց երեսունհինգ կանգուն բարձրութեամբ եւ նրանց վրայ՝ խոյակներ, որոնք հինգ կանգուն էին։
16 Նա սրբարանում եղած շղթայաձեւ զարդերի նման զարդեր պատրաստեց ու դրեց սիւների գլուխներին։ Նռան հարիւր ծաղկաբողբոջներ սարքեց ու դրեց շղթայաձեւ զարդերի վրայ։
17 Տաճարի առաջ սիւներ կանգնեցրեց. մէկը՝ աջից, միւսը՝ ձախից։ Աջ կողմինը կոչեց Ուղղութիւն, իսկ ձախ կողմինը՝ Զօրութիւն։