Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 28

1 Երբ Աքազը թագաւոր դարձաւ, քսան տարեկան էր։ Նա տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նա չարեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, ինչպէս որ արել էր իր նախահայր Դաւիթը։
2 Նա ընթացաւ Իսրայէլի թագաւորների ճանապարհներով. նա կուռքերի քանդակներ պատրաստեց
3 եւ Բենեմի երկրում նրանց կուռքերին զոհեր մատուցեց, իր որդիներին կրակի միջով անցկացրեց՝ կատարելով այն հեթանոս ազգերի գարշելի գործերը, որոնց քշել էր Տէրը իսրայէլացիների առջեւից։
4 Նա խունկ էր ծխում բարձրադիր մեհեաններում, տանիքների վրայ եւ ամէն մի սաղարթաւոր ծառի տակ։
5 Տէրը Աքազ թագաւորին մատնեց Ասորիքի արքայի ձեռքը, որը հարուածեց նրան եւ նրանցից մեծ թուով գերիներ վերցնելով՝ տարաւ Դամասկոս։ Նա նաեւ Իսրայէլի թագաւորի ձեռքը մատնեց նրան, որը մեծամեծ հարուածներ հասցրեց նրան։
6 Իսրայէլի արքայ Ռոմելայի որդի Փակեէն մի օրում Յուդայի երկրում հարիւր քսան հազար զօրաւոր մարդկանց կոտորեց այն բանի համար, որ նրանք լքել էին իրենց հայրերի Տէր Աստծուն։
7 Եփրեմի սերնդից մի հզօր մարդ՝ Զեքրին, սպանեց արքայի որդի Ամասիասին, նրա տան իշխան Եզրիկամին եւ արքայի փոխանորդ Եղկանային։
8 Իսրայէլացիները Յուդայի երկրի իրենց եղբայրներից գերեվարեցին երեք հարիւր հազար կին, տղաներ ու աղջիկներ եւ բազում աւար առնելով նրանցից՝ տարան Սամարիա։
9 Այնտեղ կար Տիրոջ մի մարգարէ, որի անունն էր Օդեդ։ Նա դիմաւորելով Սամարիա եկող զօրքը՝ ասաց նրանց. Ահա ձեր հայրերի Տէր Աստծու բարկութիւնն իջաւ Յուդայի երկրի վրայ, եւ Աստուած նրանց ձեր ձեռքը մատնեց. դուք նրանց կոտորեցիք այնպիսի կատաղութեամբ, որը մինչեւ երկինք հասաւ։
10 Արդ, դուք ուզում էք, որ Յուդայի երկրի եւ Երուսաղէմի մարդիկ ստրուկներ եւ ստրկուհիներ դառնան։ Բայց չէ՞ որ ես, ահա, ձեզ հետ եմ որպէս ձեր Տէր Աստծու վկայ։
11 Հիմա լսեցէ՛ք ինձ եւ ձեր եղբայրներին ազատեցէ՛ք գերութիւնից, թէ չէ Տիրոջ կատաղի բարկութիւնը կ՚իջնի ձեզ վրայ։
12 Եփրեմի սերնդի իշխանները՝ Յովնանի որդի Ազարիասը, Մոսոքլոմոթի որդի Բարաքիասը, Ելեմի որդի Եզեկիասը եւ Ադլիայի որդի Մաասիասը ելան պատերազմից եկողների դէմ եւ ասացին նրանց.
13 Այդ գերիներին մեզ մօտ մի՛ բերէք, որովհետեւ Տիրոջ դէմ մեզ մեղանչել էք տալիս եւ աւելացնում էք մեր մեղքերն ու անխելքութիւնը։ Բազում են ձեր այդ մեղքերը, եւ Տիրոջ կատաղի զայրոյթը Իսրայէլի վրայ է։
14 Պատերազմողները ազատ արձակեցին գերիներին եւ վերադարձրին աւարը իշխանների եւ բոլոր ժողովականների առջեւ։
15 Այս գործի համար յականէ յանուանէ նշանակուած մարդիկ վեր կացան եւ խնամեցին գերիներին, բոլոր մերկերին հագցրին աւարի մէջ եղած հագուստներից, տուեցին կօշիկներ, կերցրին, իւղով օծեցին, բոլոր տկարներին գրաստ տուեցին ու տարան Երիքով՝ արմաւենիների քաղաքը, իրենց եղբայրների մօտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա։
16 Այդ ժամանակ Աքազը լուր ուղարկեց Ասորեստանի արքային, որ օգնի իրեն,
17 քանզի եդոմայեցիները յարձակուել էին Յուդայի երկրի վրայ, հարուածել, գերիներ տարել։
18 Այլազգիները յարձակուել էին Դաշտավայրի քաղաքների վրայ, լիբէացիները եկել էին Յուդայի երկիրը, գրաւել Բեթսամիւսը, Այելոնը, Գադերոթը, Սոկքովն ու նրա գիւղերը, Թամնան ու նրա գիւղերը, Գամեզերն ու նրա գիւղերը եւ բնակուել այնտեղ։
19 Տէրը ընկճել էր Յուդայի երկիրը Յուդայի արքայ Աքազի պատճառով, որը, անհաւատարիմ լինելով, հեռացել էր Տիրոջից։
20 Նրա վրայ յարձակուեց Ասորեստանի արքայ Թագղաթփաղասարը, հարուածեց նրան,
21 իսկ Աքազը, առնելով Տիրոջ տանը եւ թագաւորի ու իշխանների տանը եղած ամէն ինչը, յանձնեց Ասորեստանի արքային, որը ոչ միայն չօգնեց իրեն, այլ ինքը եւս նեղեց իրենց։
22 Եւ էլ աւելի հեռանալով Տիրոջից՝
23 արքան ասաց. Ես պիտի յարեմ Դամասկոսի աստուածներին, որոնք ինձ հարուածեցին։ Նա նաեւ ասաց. Քանի որ Ասորեստանի թագաւորի աստուածները զօրաւոր են, այսուհետեւ նրա՛նց զոհեր կը մատուցեմ, եւ նրանք ինձ կ՚օգնեն։ Սակայն այդ աստուածները նրա ու ամբողջ Իսրայէլի առաջ խոչընդոտներ յարուցեցին։
24 Աքազը Տիրոջ տան սպասքը վերցրեց, կտոր-կտոր արեց, Տիրոջ տան դռները փակեց եւ իր համար զոհասեղաններ դրեց Երուսաղէմի ամէն մի անկիւնում։
25 Յուդայի երկրի բոլոր քաղաքներում բարձրադիր մեհեաններ կառուցեցին, խունկ ծխեցին օտար աստուածների առաջ եւ զայրացրին իրենց հայրերի Տէր Աստծուն։
26 Աքազի մնացեալ գործերը, սկզբից մինչեւ վերջինը, ահա գրի են առնուած Յուդայի երկրի եւ Իսրայէլի թագաւորների գրքում։ Աքազը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, քանզի նրան թագաւորների գերեզմանոցում չթաղեցին։Նրա փոխարէն թագաւորեց Եզեկիասը։