Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 24

1 Եօթը տարեկան էր Յովասը, երբ թագաւոր դարձաւ։ Նա քառասուն տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա բերսաբէէցի մօր անունը Աբիա էր։
2 Յովիդայէ քահանայի բոլոր օրերին Յովասն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ։
3 Յովասը երկու կին առաւ, որոնք ծնեցին տղաներ ու աղջիկներ։
4 Այնպէս պատահեց, որ Յովասի սիրտը ուզեց Տիրոջ տունը նորոգել։
5 Նա հաւաքեց քահանաներին ու ղեւտացիներին եւ ասաց նրանց. Ելէք գնացէ՛ք Յուդայի երկրի քաղաքները եւ ամբողջ Իսրայէլից արծա՛թ հաւաքեցէք Տիրոջ տունը տարէցտարի նորոգելու համար։ Շտապեցէ՛ք կատարել։ Սակայն ղեւտացիները չանսացին նրան։
6 Յովաս արքան կանչեց Յովիդայէ իշխանին եւ ասաց նրան. Ինչո՞ւ դու չես հետեւել, որ ղեւտացիները Յուդայի երկրից ու Երուսաղէմից բերեն այն, ինչ սահմանուած էր Աստծու մարդու՝ Մովսէսի կողմից, երբ սա հաւաքել էր իսրայէլացիներին վկայութեան խորանի մօտ։
7 Չէ՞ որ Գոթողիան անօրէն էր, եւ նրա որդիները կործանել էին Աստծու տունը, իսկ Աստծու տան սրբութիւնները նուիրել Բահաղին։
8 Արքան ասաց. Թող մի արկղ պատրաստեն ու դնեն Տիրոջ տան դռան առջեւ, դրսում,
9 եւ յայտարարեն Յուդայի երկրում ու Երուսաղէմում, որ արծաթ բերեն Տիրոջը, ինչպէս ասել էր Աստծու ծառայ Մովսէսը անապատում։
10 Եւ ամէնքը՝ իշխաններն ու ամբողջ ժողովուրդը, արծաթ բերելով, գցեցին արկղի մէջ, մինչեւ որ այն լցուեց։
11 Երբ ղեւտացիները արկղը ներս բերեցին արքայի վերակացուների մօտ, տեսան, որ արծաթը շատ-շատ է հաւաքուել. արքայի քարտուղարը եկաւ ու մեծ քահանայի վերակացուի հետ արկղը դատարկելով՝ տարաւ իր տեղը դրեց։ Այսպէս արեցին ամէն օր։
12 Շատ արծաթ հաւաքուեց։ Արքան ու Յովիդայէ քահանան այն տուեցին նրանց, ովքեր Տիրոջ տան վերակառուցման գործով էին զբաղուած։ Վարձեցին քարհատներ ու հիւսներ, որ նորոգեն Տիրոջ տունը։ Նրանք աշխատում էին,
13 եւ գործը նրանց շնորհիւ յաջողութեամբ առաջ էր ընթանում։ Նրանք Տիրոջ տունը իր նախկին հիմնաձեւին բերեցին եւ ամրացրին այն։
14 Երբ աւարտեցին, արքայի ու Յովիդայէի մօտ բերեցին աւելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակէզների համար անօթներ, ոսկէ ու արծաթէ խնկամաններ պատրաստեցին եւ Յովիդայէի օրօք միշտ ողջակէզներ էին մատուցում Տիրոջ տանը։
15 Յովիդայէն հասաւ խոր ծերութեան. նա վախճանուեց հարիւր երեսուն տարեկան հասակում։
16 Երբ վախճանուեց, նրան թաղեցին Դաւթի քաղաքում, թագաւորների մօտ, քանզի նա բարիք էր գործել Իսրայէլում, Աստծու առաջ եւ նրա տան համար։
17 Յովիդայէի վախճանուելուց յետոյ Յուդայի երկրի իշխանները մտան արքայի մօտ, խոնարհութիւն արեցին նրան, Յովասի միտքը յեղաշրջեցին, եւ արքան լսեց նրանց։
18 Նրանք լքեցին իրենց հայրերի Տէր Աստծուն եւ ծառայեցին կուռքերին ու Աստարտներին։ Այդ ժամանակ Աստծու բարկութիւնն իջաւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ,
19 եւ նա նրանց մօտ մարգարէներ առաքեց, որ նրանց շուռ տան դէպի Տէրը, սակայն նրանք չլսեցին։ Նա նրանց վկայութիւններ ցոյց տուեց, սակայն նրանք չանսացին։
20 Եւ Աստծու հոգին պատեց Յովիդայէ քահանայի որդի Ազարիասին, որը, մտնելով ամբողջ ժողովրդի մէջ, ասաց. Այսպէս է ասում Տէրը. Ինչո՞ւ խոտորուեցիք Տիրոջ պատուիրաններից, որ այլեւս յաջողութիւն չունենաք։ Քանի որ դուք լքեցիք Տիրոջը, նա էլ ձեզ է լքելու։
21 Յովաս արքայի հրամանով Տիրոջ տան սրահում մարդիկ յարձակուեցին նրա վրայ ու քարկոծեցին նրան։
22 Յովասը չյիշեց այն բարեգթութիւնը, որ նրա հայր Յովիդայէն ցուցաբերել էր իր նկատմամբ, եւ սպանեց նրա որդի Ազարիասին։ Իր մահուան ժամանակ Ազարիասն ասաց. Տէ՛րը թող տեսնի ու դատի։
23 Այդ տարուայ վերջին նրա դէմ ելաւ Ասորիքի զօրքը. այդ զօրքը յարձակուեց Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ, կոտորեց բանակի մէջ եղած ժողովրդի բոլոր իշխաններին եւ նրանց ամբողջ աւարը վերցրեց տարաւ Դամասկոսի արքայի մօտ։
24 Թէեւ Ասորիքի զօրքը սակաւամարդ էր, բայց Աստուած նրանց ձեռքը չափազանց շատ զօրք մատնեց, քանի որ իսրայէլացիները լքել էին իրենց հայրերի Տէր Աստծուն։ Եւ Ասորիքի զօրքը Յովասի նկատմամբ դատաստան տեսաւ։
25 Երբ Ասորիքի զօրքը ծանր հիւանդութիւնների մէջ թողնելով նրան՝ հեռացաւ նրանից, նրա վրայ յարձակուեցին իր ծառաները, որ լուծեն Յովիդայէ քահանայի որդու արեան վրէժը։ Յովասին սպանեցին իր անկողնում, եւ նա մեռաւ։ Նրան թաղեցին Դաւթի քաղաքում, բայց ոչ թագաւորների գերեզմանոցում։
26 Նրա վրայ յարձակուողներն էին ամոնացի Սամեթի որդի Զաբդեան, մովաբացի Սամարիթի որդի Յոսաբեթը։
27 Ինչ վերաբերում է նրա որդիներին, նրա վրայ դրուած հարկերին եւ Աստծու տան նորոգութեանը, ահա դրանք գրուած են թագաւորների գրքի յիշատակարաններում։Նրա որդի Ամասիան թագաւորեց նրա փոխարէն։