Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 30

1 Եզեկիասն ամբողջ Իսրայէլ ու Յուդայի երկիր մարդ ուղարկեց, նամակ գրեց Եփրեմի ու Մանասէի երկրների բնակիչներին, որ գան Տիրոջ տունը, Երուսաղէմ՝ Իսրայէլի Աստծու զատիկը կատարելու։
2 Արքան, իշխաններն ու բոլոր ժողովականները, որ գտնւում էին Երուսաղէմում, որոշեցին զատիկը տօնել երկրորդ ամսին,
3 որովհետեւ չէին կարողացել ժամանակին կատարել այն, քանի որ բաւական թուով քահանաներ դեռ չէին մաքրուել, եւ ժողովուրդը չէր հաւաքուել Երուսաղէմում։
4 Սա ընդունելի թուաց արքային ու հաւաքուածներին,
5 եւ նրանք որոշեցին, որ ամբողջ Իսրայէլ լուր ուղարկեն, Բերսաբէէից մինչեւ Դան, որպէսզի գան եւ Իսրայէլի Տէր Աստծու զատիկը տօնեն Երուսաղէմում, քանզի քիչ մարդ էր հաւաքուել, հակառակ Գրուածքի թելադրանքին։
6 Սուրհանդակները, ըստ թագաւորի հրամանի, թագաւորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայէլի ու Յուդայի բնակիչների մօտ եւ ասացին իսրայէլացիներին. Դարձէ՛ք դէպի Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Տէր Աստուածը, որ նա էլ դառնայ դէպի փրկուածներդ ու Ասորեստանի արքայի ձեռքից ազատուածներդ։
7 Մի՛ նմանուէք ձեր եղբայրներին ու հայրերին, որոնք ընդվզեցին իրենց հայրերի Տէր Աստծու դէմ, եւ նա նրանց կործանման մատնեց, ինչպէս դուք տեսնում էք։
8 Արդ, կամակորութիւն մի՛ արէք, փա՛ռք տուէք Աստծուն, մտէ՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է յաւիտեան, ծառայեցէ՛ք ձեր Տէր Աստծուն, որ նա ձեր վրայից վերացնի իր սաստիկ բարկութիւնը։
9 Եթէ դառնաք դէպի Տէրը, ձեր եղբայրներն ու որդիները գթութիւն կը գտնեն իրենց գերեվարողների մօտ, եւ Նա նրանց կը վերադարձնի այս երկիրը։ Մեր Տէր Աստուածը ողորմած ու գթառատ է եւ մեզնից երես չի թեքի, եթէ մեր երեսն ուղղենք դէպի Նա։
10 Սուրհանդակները գնում էին քաղաքից քաղաք, Եփրեմի ու Մանասէի լեռները մինչեւ Զաբուղոն, բայց նրանց ծաղրում ու արհամարհում էին։
11 Ասերի, Մանասէի եւ Զաբուղոնի բնակիչները, սակայն, խոնարհ գտնուեցին եւ եկան Երուսաղէմ ու Յուդայի երկիրը։
12 Տիրոջ ձեռքը նրանց միասիրտ դարձրեց, որ նրանք գան ու կատարեն արքայի ու իշխանների հրամանը, ինչպէս ասել էր Տէրը։
13 Երուսաղէմում մեծ բազմութիւն հաւաքուեց՝ չափազանց շատ ժողովականներ, որ երկրորդ ամսում կատարեն Բաղարջակերաց տօնը։
14 Նրանք վեր կացան ու քանդեցին բոլոր զոհասեղանները, որ կային Երուսաղէմում եւ բոլոր վայրերում, ուր խունկ էին ծխում սուտ աստուածներին, եւ դրանք կործանելով գցեցին Կեդրոնի հեղեղատը։
15 Նրանք զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղեւտացիները, ամաչելով, մաքրուեցին եւ ողջակէզները տարան ներս՝ Տիրոջ տունը։
16 Նրանցից իւրաքանչիւրը, ըստ իրենց Օրէնքի, կանգնեց իր տեղում, ինչպէս պատուիրել էր Աստծու մարդ Մովսէսը, եւ քահանաները զոհի արիւնն ընդունում էին ղեւտացիների ձեռքից։
17 Քանի որ հաւաքուածներից շատերը դեռ չէին մաքրուած, ուստի ղեւտացիները զատկի զոհեր էին մորթում նաեւ նրանց համար, ովքեր Տիրոջ համար դեռ չէին մաքրուած։
18 Քանի որ Եփրեմի, Մանասէի, Իսաքարի, Զաբուղոնի մարդկանցից շատերը չէին մաքրուած, ուստի նրանք զատիկը կերան, հակառակ Գրուածքի թելադրանքին։ Եզեկիասը նրանց համար աղօթելով՝ ասաց.
19 Բարերա՛ր Տէր, ողորմի՛ր բոլոր ուղիղ սիրտ ունեցողներին, որոնք քեզ՝ իրենց հայրերի Տէր Աստծուն են յարում, թէեւ, ըստ սրբարանի մաքրութեան, մաքրուած չեն։
20 Տէրը լսեց Եզեկիասին ու բուժեց ժողովրդին։
21 Երուսաղէմում գտնուող իսրայէլացիները Բաղարջակերաց տօնը եօթը օր տօնեցին մեծ ուրախութեամբ՝ ամէն օր օրհնաբանելով Տիրոջը, իսկ քահանաներն ու ղեւտացիները նուագակցում էին Տիրոջ փառաբանութեանը յատկացուած նուագարաններով։
22 Եզեկիասը համոզեց բոլոր ղեւտացիներին եւ միւս իմաստուններին, որոնց ծանօթ էր Տիրոջ բարի հանճարը, եւ նրանք եօթը օր կատարեցին Բաղարջակերաց տօնը՝ փրկութեան զոհեր մատուցելով ու իրենց հայրերի Տէր Աստծուն գովաբանելով։
23 Եւ հաւաքուածները միահամուռ առաջարկեցին եօթը օր եւս տօն կատարել. եւ եօթը օր եւս ուրախութիւն արեցին։
24 Եզեկիասը Յուդայի երկրից հաւաքուածներին տուել էր հազար զուարակ ու եօթը հազար ոչխար, իսկ իշխանները ժողովրդին տուեցին հազար զուարակ եւ տասը հազար ոչխար։ Քահանաներից շատ-շատերը մաքրուեցին,
25 եւ բոլոր ժողովականները՝ քահանաներն ու ղեւտացիները, ինչպէս նաեւ Յուդայի երկրի ամբողջ ժողովուրդը եւ նրանք, որ Իսրայէլից էին կամ Իսրայէլի երկրից էին եկել ու Յուդայի երկրում էին բնակւում, ուրախացան։
26 Երուսաղէմում մեծ ուրախութիւն եղաւ. Իսրայէլի արքայ Դաւթի որդի Սողոմոնի օրերից սկսած այսպիսի տօն չէր եղել Երուսաղէմում։
27 Ոտքի ելան քահանաներն ու ղեւտացիները եւ օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի դարձաւ, ու նրանց աղօթքը հասաւ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։