Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 9

1 Սաբայի թագուհին լսելով Սողոմոնի համբաւը՝ շատ մեծ զօրքով եւ խնկերով, բազում ոսկով ու թանկարժէք քարերով ծանրաբեռնուած ուղտերով եկաւ Երուսաղէմ, որ Սողոմոնին փորձի հանելուկներով։ Նա եկաւ Սողոմոնի մօտ եւ նրա հետ խօսեց այն ամենի մասին, որ մտքում ունէր։
2 Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին. եւ չգտնուեց ոչ մի հարց, որին Սողոմոնը պատասխանած չլինէր։
3 Սաբայի թագուհին տեսաւ Սողոմոնի իմաստնութիւնը, նրա կառուցած տունը,
4 սեղանների վրայ դրուած ուտելիքները, նրա իշխանների զբաղեցրած աթոռներն ու աստիճանակարգումը, նրա պաշտօնեաների պատմուճանները, նրա մատռուակներին ու նրանց զգեստները եւ այն ողջակէզները, որ Տիրոջ տանը նա մատուցում էր, եւ ապշելով ասաց արքային.
5 Ճշմարիտ էր այն, ինչ լսել էի իմ երկրում քո խօսքերի ու քո իմաստնութեան մասին։
6 Եւ չէի հաւատում ասուած խօսքերին, մինչեւ որ եկայ ու աչքերովս տեսայ, որ ինձ չեն պատմել քո իմաստնութեան նոյնիսկ կէսի մասին։ Դու աւելի իմաստուն ես, քան ես լսել եմ։
7 Երանելի են քո մարդիկ, երանելի են քո կանայք եւ պալատական այդ ծառաները, որ միշտ քո առաջ կանգնած են ու լսում են քո իմաստնութիւնը։
8 Օրհնեալ լինի Տէր Աստուածը, որ քեզ հաւանելով՝ քեզ է յանձնել քո ժողովրդի թագաւորութեան աթոռը, քանզի քո Տէր Աստուածը Իսրայէլին սիրելու պատճառով ու նրան յաւիտեան հաստատելու համար քեզ է նրանց վրայ թագաւոր դրել, որ իրաւունք ու արդարութիւն գործադրես։
9 Սաբայի թագուհին արքային հարիւր քսան տաղանդ ոսկի տուեց, չափազանց շատ խունկ եւ թանկարժէք քարեր։ Սաբայի տիկնոջ՝ Սողոմոն արքային տուած խնկից լաւ խունկ չի եղել։
10 Սողոմոնի ծառաներն ու Քիրամի ծառաները Սոփերից Սողոմոնին բերեցին ոսկի, նոճու փայտ եւ թանկարժէք քարեր։
11 Արքան նոճու փայտից Տիրոջ տան ու արքայի տան համար աստիճաններ սարքեց եւ երգիչների համար քնարներ ու տաւիղներ, որոնց նմանը դրանից առաջ Յուդայի երկրում չէր եղել։
12 Սողոմոն արքան Սաբայի տիկնոջը տուեց ամէն ինչ, որ նա ցանկացաւ ու խնդրեց, շատ աւելի, քան այն, ինչ թագուհին տուել էր Սողոմոն արքային։ Եւ թագուհին վերադարձաւ իր երկիրը։
13 Մէկ տարում Սողոմոնի համար բերուած ոսկու կշիռը վեց հարիւր վաթսունվեց տաղանդ էր,
14 չհաշուած կառավարիչների, վաճառականների բերածները։ Սողոմոն արքային ոսկի ու արծաթ էին բերում նաեւ Արաբիայի բոլոր թագաւորները, երկրի իշխանները։
15 Սողոմոն արքան ոսկուց երեք հարիւր կռածոյ վահան պատրաստեց՝ ամէն մի վահանի համար օգտագործելով վեց հարիւր դահեկան մաքուր ոսկի։
16 Ոսկուց պատրաստեց նաեւ երեք հարիւր կռածոյ նիզակ՝ ամէն մի նիզակի համար օգտագործելով երեք հարիւր դահեկան։ Արքան դրանք դրեց Լիբանանի անտառի փայտից պատրաստուած տան մէջ։
17 Արքան փղոսկրից մի մեծ գահ պատրաստեց եւ այն պատեց մաքուր ոսկով։
18 Գահը ունէր ոսկով ծածկուած վեց աստիճան։ Գահի նստատեղը այս եւ այն կողմից ունէր յենակներ, իսկ յենակների ծայրին կային երկու առիւծներ։
19 Վեց աստիճանների այս եւ այն կողմերում կային տասներկու առիւծներ։ Այսպիսի գահ երբեք չէր եղել ոչ մի թագաւորութեան մէջ։
20 Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր, եւ Լիբանանի անտառի փայտից պատրաստուած տան ամբողջ սպասքը ոսկու շերտով էր պատուած։ Սողոմոնի օրօք արծաթը ոչինչ էր համարւում,
21 քանզի Սողոմոն արքայի նաւը Քիրամի ծառաների հետ գնում էր Թարսիս, եւ երեք տարին մէկ Թարսիսից արքայի նաւը գալիս էր լի ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։
22 Սողոմոնը բոլոր թագաւորներին գերազանցեց ունեցուածքով եւ իմաստնութեամբ։
23 Աշխարհի բոլոր թագաւորները ձգտում էին տեսնել Սողոմոնի երեսը, լսել նրա իմաստնութիւնը, որն Աստուած դրել էր նրա սրտում։
24 Նրանցից ամէն մէկը ամէն տարի բերում էր ընծաներ՝ արծաթէ անօթներ, ոսկէ անօթներ, պատմուճաններ, զմուռս, խնկեր, ձիեր ու ջորիներ։
25 Սողոմոնն ունէր քառասուն հազար մատակ ձիեր մարտակառքերի համար եւ տասներկու հազար երիվարներ։ Նա դրանք տեղաւորեց մարտակառքերի համար սահմանուած քաղաքներում. իսկ Երուսաղէմում Սողոմոնի մօտ մնացին որոշ քանակի մատակ ձիեր ու երիվարներ։
26 Նա իշխում էր բոլոր թագաւորների վրայ Եփրատ գետից մինչեւ այլազգիների երկիրն ու մինչեւ Եգիպտոսի սահմանները։
27 Արքան Երուսաղէմում քարի չափ շատ ոսկի ու արծաթ եւ դաշտում գտնուող մոլաթզենու չափ շատ մայրի փայտ կուտակեց։
28 Սողոմոնի ձիերը բերւում էին Եգիպտոսից եւ շատ ուրիշ երկրներից։
29 Սողոմոնի պատմութեան մնացած մասը, սկզբից մինչեւ վերջը, գրուած են Նաթան մարգարէի գրուածքներում, սիլոնացի Աքիայի գրուածքներում, տեսանող Յովէլի՝ Նաբաթի որդի Յերոբովամին վերաբերող տեսիլքում։
30 Սողոմոնն ամբողջ Իսրայէլի վրայ իշխեց քառասուն տարի։
31 Սողոմոնը մեռաւ եւ նրան թաղեցին իր հօր՝ Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Ռոբովամը։