Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 23

1 Դաւիթը տարիքն առել, ծերացել էր, ուստի նրա փոխարէն Իսրայէլի վրայ թագաւորեց իր որդի Սողոմոնը։
2 Դաւիթը հաւաքեց Իսրայէլի բոլոր իշխաններին, քահանաներին եւ ղեւտացիներին։
3 Հաշուառման մէջ մտած եւ երեսուն տարեկանից բարձր տարիք ունեցող ղեւտացիների թիւը երեսունութ հազար էր։
4 Նրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերի վերակացուներ էին, վեց հազարը՝ դատաւորներ,
5 չորս հազարը՝ դռնապաններ եւ չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստուած նվագարաններ ունեցող օրհներգուներ։
6 Դաւիթն ամենօրեայ պաշտամունքի նշանակեց Ղեւիի որդիներին՝ Գերսոնի, Կահաթի ու Մերարիի ազգատոհմերից։
7 Գերսոնի որդիներն էին Ելէադանն ու Սեմէին։
8 Իսրայէլի իշխան Ելէադանի որդիներն էին Եթոմն ու Յովէլը։
9 Սեմէիի որդիներն էին Սալոմիթը, Ազիէլն ու Արանը։ Սրանք Ելէադանի տոհմից սերուած երեք իշխաններ էին։
10 Սեմէիի որդիներն էին նաեւ Յեթը, Զիզան, Յովասն ու Բերիան։ Սրանք Սեմէիի չորս որդիներն էին։
11 Յեթը գլխաւորն էր, իսկ Զիզան՝ երկրորդը։ Յովասն ու Բերիան շատ որդիներ չունեցան եւ մարդահամարի մէջ մէկ տոհմ կազմեցին։
12 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Օզիէլը՝ չորս հոգի։
13 Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսէսը։ Որոշուեց, որ Ահարոնն ինքը եւ իր որդիները յաւիտեան մաքուր լինեն սրբութիւնների սրբութեանն սպասարկելու, Տիրոջ առջեւ խունկ ծխելու, պաշտամունք կատարելու նրան եւ նրա անունով աղօթելու համար յաւիտեան։
14 Մովսէսը՝ Աստծու մարդը, եւ նրա որդիները համարուեցին Ղեւիի ցեղի յետնորդներ։
15 Մովսէսի որդիներն էին Գերսամն ու Եղիազարը։
16 Գերսամի որդին էր իշխան Սուբայէլը։
17 Եղիազարի որդին էր իշխան Ռաբիան։ Եղիազարն ուրիշ որդի չունեցաւ, մինչդեռ Ռաբիան շատ որդիներ ունեցաւ։
18 Իսահառի որդիներն էին իշխաններ Սաւուղն ու Մովէն։
19 Քեբրոնի որդիներն էին Յերիան՝ գլխաւորը, Ամարիան՝ երկրորդը, Օզիէլը՝ երրորդը, եւ Յեկեմիասը՝ չորրորդը։
20 Օզիէլի որդիներն էին Միքիան՝ գլխաւորը, եւ Յեսիասը՝ երկրորդը։
21 Մերարիի որդիներն էին Մոողին ու Մուսին։ Մոողիի որդիներն էին Եղիազարն ու Կիսը։
22 Եղիազարը մեռաւ՝ չունենալով որդիներ։ Նա միայն դուստրեր ունէր, որոնց հետ ամուսնացան Կիսի որդիները՝ նրանց զարմիկները։
23 Մուսիի որդիներն էին Մողին, Եդերն ու Արիմոթը՝ երեք հոգի։
24 Սրանք են Ղեւիի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող որդիներն ըստ իրենց ազգատոհմերի, իրենց ցեղերի իշխաններն իրենց քանակով ու անուններով, իրենց գլխաւորներով, որոնք սպասաւորութեան գործն էին կատարում Տիրոջ տանը։
25 Դաւիթն ասել էր, որ Տէր Աստուածը հանգստութիւն է տուել Իսրայէլի իր ժողովրդին եւ բնակեցրել Իսրայէլում յաւիտեան։
26 Ղեւտացիները այլեւս չէին կրելու խորանն ու սպասաւորութեան նրա բոլոր անօթները,
27 քանզի, Դաւթի վերջին խօսքի համաձայն, հաշուի առնուեցին Ղեւիի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող որդիները։
28 Դաւիթը նրանց նշանակեց Ահարոնի որդիների օգնականներ, որպէսզի պաշտամունք կատարեն Տիրոջ տանը, սրահներում, սենեակներում եւ սրբարաններում մաքուր պահեն բոլոր սրբութիւնները եւ սպասաւորութիւն անեն Տիրոջ տանը,
29 կատարեն առաջաւորութեան հացի, ընտիր ալիւրի, անթթխմոր բլիթների, բաղարջների, տապակում եփածի, իւղով տապակուածի հսկողութիւնը եւ հսկեն ըստ չափի արուող ամէն ինչ։
30 Նաեւ ամէն առաւօտ վեր կենալով օրհնեն ու փառաւորեն Տիրոջը, նոյն բանը կատարեն երեկոյեան,
31 շաբաթ օրերին, ամսագլուխներին, տօներին Տիրոջը մատուցեն բոլոր ողջակէզները ըստ նշուած քանակի ու հրամանի՝ ամէն ժամ այս բոլորի վրայ լինելով Տիրոջ առջեւ։
32 Նրանք պէտք է պահպանէին վկայութեան խորանը եւ օգնէին իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին, Տիրոջ տանը սպասաւորութիւն անելիս։