Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 18

1 Դրանից յետոյ Դաւիթը հարուածեց այլազգիներին, վանեց նրանց, այլազգիների ձեռքից գրաւեց Գէթն ու նրա գիւղերը։
2 Նա հարուածեց Մովաբին, եւ մովաբացիները դարձան Դաւթի հարկատու ծառաները։
3 Դաւիթը Եմաթում հարուածեց Սուբայի արքայ Ադրազարին, երբ սա գնում էր իր իշխանութիւնը հաստատելու Եփրատ գետի վրայ։
4 Նրանից վերցրեց հազար մարտակառք, եօթը հազար ձիաւոր ու քսան հազար հետեւակ։ Դաւիթը ջարդեց բոլոր մարտակառքերը՝ թողնելով միայն հարիւր մարտակառք։
5 Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքայ Ադրազարին։ Դաւիթը սպանեց քսաներկու հազար ասորի։
6 Նա Ասորիքում՝ Դամասկոսի մօտ բերդապահ զօրք դրեց, եւ նրանք Դաւթի հարկատու ծառաները դարձան։ Տէրը հովանաւորեց Դաւթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։
7 Դաւիթը Ադրազարի թիկնապահներից առաւ ոսկէ մանեակները եւ բերեց Երուսաղէմ։
8 Դաւիթը Մատեբեթից եւ Ադրազարի բարգաւաճ քաղաքներից խիստ շատ պղինձ վերցրեց։ Եւ դրանով է, որ Սողոմոնը պատրաստեց պղնձէ աւազանը եւ պղնձէ սիւներն ու անօթները։
9 Երբ Եմաթի արքայ Թովուն լսեց, թէ Դաւիթը հարուածել է Սուբայի արքայ Ադրազարի բոլոր զօրքերին,
10 իր որդի Ադուրամին ուղարկեց Դաւիթ արքայի մօտ նրա առողջութիւնը հարցնելու եւ շնորհաւորելու նրան, քանզի իր դէմ պատերազմել էր Ադրազարը եւ յաղթել իրեն. Թովուն թշնամի էր Ադրազարին։ Նա իր որդու միջոցով ուղարկեց նաեւ ամէն տեսակ ոսկէ ու արծաթէ անօթներ։
11 Դաւիթը բոլոր ազգերից՝ եդոմացիներից, մովաբացիներից, ամոնացիներից, այլազգիներից եւ ամաղեկացիներից գրաւած արծաթի ու ոսկու հետ դրանք եւս նուիրեց Տիրոջը։
12 Եւ Շարուհիի որդի Աբեսսան Ալոնի հովտում հարուածեց տասնութ հազար եդոմացիների
13 ու հովտում բերդապահ զօրք դրեց։ Եդոմացիները Դաւթի ծառաները դարձան, եւ Տէրը փրկեց Դաւթին ամենուրեք, ուր նա գնում էր։
14 Դաւիթը թագաւորեց ամբողջ Իսրայէլի վրայ, եւ նա իրաւունք ու արդարութիւն էր ի գործ դնում իր ամբողջ ժողովրդի մէջ։
15 Շարուհիի որդի Յովաբը զօրքի հրամանատար էր, Աքիլուդի որդի Յոսափատը՝ դիւանապետ,
16 Աքիտոբի որդի Սադոկը եւ Աբիաթարի որդի Աբիմելէքը՝ քահանաներ, Սուսան՝ գլխաւոր քարտուղար,
17 Յովիդայէի որդի Բանեասը՝ քերեթիների ու օփելեթիների վերակացու, իսկ Դաւթի որդիները՝ արքայի առաջին փոխանորդները։