Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 12

1 Սրանք են, որ եկան Դաւթի մօտ, Սիկեղակ, երբ նրան դեռ նեղում էր Կիսի որդի Սաւուղը, եւ սրանք են այն հզօրները, որոնք պատերազմում օգնում էին նրան
2 եւ թէ՛ աջ, թէ՛ ձախ ձեռքերով աղեղներով հարուածներ հասցնում եւ պարսատիկներով քարեր ու նետեր արձակում։ Բենիամինից սերուած Սաւուղի եղբայրներից էին
3 իշխան Աքիեզերը, սաբամոթացի Սամայի որդի Յովասը, Ազմոթի որդիներ Յեզեէլն ու Ափաղէտը, Բարաքիա եւ Յէուլ անաթացիները,
4 գաբաւոնացի Սամէասը, որը հզօր էր այն երեսունի մէջ եւ երեսունի գլխաւորն էր։ Եկան նաեւ Յերեմիասը, Եզեկիէլը, Յովնանը, Զաբադը Գադերոնից,
5 Եղիսաղը, Յարիմութը, Բաաղիան, Սամարիան, Սափատիասը Արիբեղից,
6 Եղկանան, Յեսիայը, Ելիէլը, Յոզարայը, Յեզբաման, որոնք ակորացիներ էին,
7 Յովէլն ու Զաբադիան՝ գեդորացի Յերոմի որդիները։
8 Գաղաադից հեռանալով՝ անապատից Դաւթի մօտ եկան քաջազուն մարդիկ, որոնք, ռազմիկներ լինելով, կրում էին վահաններ ու աշտէներ։ Նրանց դէմքը նման էր առիւծի դէմքի, իսկ արագաշարժութեամբ յիշեցնում էին լեռնային այծեամներ։
9 Եզերը իշխանն էր, Աբդիասը՝ երկրորդը, Եղիաբը՝ երրորդը,
10 Մասմանը՝ չորրորդը, Յերեմիասը՝ հինգերորդը,
11 Եթթին՝ վեցերորդը, Ելիէլը՝ եօթներորդը,
12 Յովնանը՝ ութերորդը, Եղզաբաթը՝ իններորդը,
13 Յերեմիասը՝ տասներորդը, Մաքաբանան՝ տասնմէկերորդը։
14 Սրանք Գադի որդիներից սերուած զօրահրամանատարներն էին. ամենափոքրը մի հարիւրեակ ունէր ձեռքի տակ, իսկ ամենամեծը՝ հազարեակ։
15 Սրանք են, որ անցան Յորդանան գետը առաջին ամսում, երբ ջրերը յորդել էին ափերից, եւ հալածեցին հովիտների բոլոր բնակիչներին արեւելքից մինչեւ արեւմուտք։
16 Դաւթին օգնութեան եկան նաեւ Բենիամինի ու Յուդայի ցեղի որդիները։
17 Դաւիթը ընդառաջ գնալով նրանց՝ ասաց. Եթէ խաղաղութեամբ էք եկել ինձ մօտ, իմ սիրտը ձեզ հետ կը լինի, իսկ եթէ եկել էք, որ անհաւատարմօրէն ինձ մատնէք իմ թշնամիների ձեռքը, թող մեր հայրերի Աստուածը տեսնի ու դատապարտի ձեզ։
18 Եւ երեսնեակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչուելով՝ ասաց. Յեսսէի որդի Դաւի՛թ, գնացէ՛ք դու եւ քո ժողովուրդը, խաղաղութիւն քեզ եւ խաղաղութիւն քո օգնականներին, քանզի քո Աստուածը քեզ օգնեց։ Դաւիթն ընդունեց նրանց ու նրանց զօրքի հրամանատարներ կարգեց։
19 Մանասէից սերուած մարդիկ էլ անցան Դաւթի կողմը, երբ այլազգիները Սաւուղի դէմ պատերազմի էին ելել, սակայն նա չօգնեց նրանց, քանզի այլազգիների զօրագլուխները խորհրդակցելով՝ ասացին, թէ նա այս մարդկանց գլուխների գնով կ՚անցնի իր տիրոջ՝ Սաւուղի կողմը։
20 Երբ նա Սիկեղակ էր գնում, նրա կողմն անցան Մանասէից սերուած Եդնան, Յոզաբադը, Եղիուն եւ Սաղթին՝ Մանասէից սերուած հազարապետները։
21 Նրանք Դաւթի հետ յարձակուեցին ասպատակողների վրայ, որովհետեւ իրենք ուժեղ էին, եւ ամէնքն էլ զօրքի հրամանատարներ էին։
22 Այսպիսով օրէցօր Դաւթի մօտ էին գալիս նոր ուժեր, մինչեւ որ Դաւթի բանակը Աստծու բանակի պէս հզօր դարձաւ։
23 Սրանք են զօրքի այն հրամանատարների անունները, որոնք եկան Դաւթի մօտ, Քեբրոն, որպէսզի, Աստծու ասածին համապատասխան, Սաւուղի թագաւորութիւնը յանձնեն նրան.
24 Յուդայի ցեղի որդիներից սերուած վահանակիրներ ու նիզակակիրներ, վեց հազար ութ հարիւր հոգի, բոլորն էլ կորովի պատերազմողներ։
25 Եկան նաեւ Շմաւոնի որդիներից սերուած քաջարի պատերազմողներ, թուով եօթը հազար հարիւր հոգի,
26 Ղեւիի որդիներից սերուածներ՝ չորս հազար վեց հարիւր հոգի։
27 Եկաւ նաեւ Յուդասը՝ Ահարոնի որդիների առաջնորդը, որի հետ կար երեք հազար եօթը հարիւր հոգի։
28 Նաեւ՝ երիտասարդ, քաջարի Սադոկն իր հօր տնից՝ քսաներկու հրամանատարներով։
29 Բենիամինի որդիներից՝ Սաւուղի եղբայրներից կար երեք հազար հոգի։ Նրանցից շատերը Սաւուղի տան վերակացուներ էին։
30 Եփրեմի որդիներից՝ քսան հազար ութ հարիւր քաջազուն կտրիճներ, անուանի մարդիկ, ըստ իրենց տոհմատների։
31 Մանասէի կէս ցեղից՝ տասնութ հազար հոգի, որոնք անուանապէս նշանակուած էին, որ թագաւոր օծեն Դաւթին։
32 Իսաքարի որդիներից, որոնք իմաստնութիւնն ունէին ժամանակի համեմատ կռահելու, թէ ինչ պէտք է անի Իսրայէլը իշխանութեան հարցերում, եկան երկու հարիւր հոգի, իրենց բոլոր եղբայրների հետ։
33 Զաբուղոնից սերուածներից, որոնք ամէն տեսակ զէնքերով պատերազմի գնացողներ էին, եկան յիսուն հազար հոգի, որ օգնեն Դաւթին։ Սրանցից ոչ մէկը ձեռնունայն չէր։
34 Նեփթաղիմից սերուածներից եկան հազար հրամանատարներ, որոնց հետ կային երեսուն հազար վահանաւորներ եւ նիզակակիրներ,
35 Դանից սերուածներից՝ պատերազմի պատրաստ քսանութ հազար ութ հարիւր հոգի։
36 Ասերից սերուածներից՝ ռազմի ելնելու ընդունակ քառասուն հազար հոգի,
37 Յորդանան գետի այն կողմում գտնուող Ռուբէնի ցեղից, Գադի ցեղից եւ Մանասէի կէս ցեղից սերուածներից՝ ամէն տեսակ ռազմական զէնքերով զինուած հարիւր քսան հազար հոգի։
38 Պատերազմող, մարտի պատրաստ, ուրախ սրտով այս բոլոր մարդիկ եկան Քեբրոն, որ Իսրայէլի թագաւոր օծեն Դաւթին։ Մնացած իսրայէլացիներն էլ միահամուռ համաձայն էին, որ Դաւիթը դառնայ թագաւոր։
39 Նրանք այնտեղ մնացին երեք օր, կերան ու խմեցին, որովհետեւ իրենց իսրայէլացի եղբայրները պատրաստութիւն էին տեսել նրանց համար։
40 Նրանց մերձաւորները, մինչեւ իսկ Իսաքարի, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի ցեղերը, ուղտերով, էշերով, ջորիներով ու եզներով ուտելիք՝ ալիւր, թուզ, չամիչ, գինի, ձէթ եւ շատ զուարակներ ու ոչխարներ էին բերում, որովհետեւ ուրախութիւն էր Իսրայէլում։