Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 21

1 Սատանան ելաւ Իսրայէլի մէջ ու դրդեց Դաւթին մարդահամարի ենթարկելու Իսրայէլը։
2 Դաւիթն ասաց Յովաբին եւ իր զօրքի հրամանատարներին. Գնացէք հաշուառո՛ւմ կատարեցէք Իսրայէլի մէջ Բերսաբէէից մինչեւ Դան եւ տուեալնե՛ր բերէք ինձ, որ գիտենամ նրանց թիւը։
3 Յովաբն ասաց. Տէրը հարիւրապատիկ թող աւելացնի իր ժողովրդին, ու իմ տիրոջ աչքը տեսնի, որ ամէնքը ծառայում են նրան։ Ինչո՞ւ է իմ տէրն այս բանը պահանջում, ինչո՞ւ Իսրայէլը մեղքի մէջ ընկնի։
4 Սակայն երբ արքան իր ասածը պարտադրեց Յովաբին, սա ելաւ, անցաւ Իսրայէլի բոլոր սահմաններով ու եկաւ Երուսաղէմ։
5 Յովաբը Իսրայէլի ժողովրդի մարդահամարի տվեալները յանձնեց Դաւթին։ Ամբողջ Իսրայէլում մէկ միլիոն մարդ կար եւ հարիւր հազար սուսերակիր. իսկ Յուդայի երկիրն ունէր չորս հարիւր յիսուն հազար սուսերակիր։
6 Ղեւիի ու Բենիամինի ցեղերի մարտիկներն այդ թուի մէջ չէին մտնում, քանզի արքայի խօսքը Յովաբի սրտովը չէր։
7 Այս ամբողջ կատարուածը չար երեւաց Տիրոջ աչքին, եւ նա հարուածեց Իսրայէլին։
8 Դաւիթն ասաց Աստծուն. Շատ մեղանչեցի այս բաներն անելով, ուստի ների՛ր քո ծառայի չար արարքը, քանզի շատ յիմարացայ։
9 Տէրը տեսանող Գադի հետ խօսելով՝ ասաց.
10 Գնա խօսի՛ր Դաւթի հետ եւ ասա՛. Այսպէս է ասում Տէրը. ՚ Երեք բան եմ դնելու քո առջեւ, դրանցից մէկն ընտրի՛ր, եւ ես այն կ՚անեմ քեզ համար՚՚՚։
11 Գադը գալով Դաւթի մօտ՝ ասաց. Այսպէս է ասում Տէրը. Ընտրութի՛ւն կատարիր. երեք պայման եմ դնելու.
12 կա՛մ երեք տարի սով կը լինի, կա՛մ երեք ամիս հալածական կը լինես քո թշնամիներից, եւ քո թշնամիների սուրը քեզ կը սպանի, եւ կա՛մ երեք օր Տիրոջ սուրը մահ կը սփռի քո երկրում, ու Տիրոջ հրեշտակը կը բնաջնջի Իսրայէլի ամբողջ տարածքը։ Արդ, տե՛ս, թէ ես ինչ պատասխան եմ տալու նրան, որ ինձ ուղարկել է։
13 Դաւիթն ասաց Գադին. Այս երեքն էլ ինձ համար մեծ դժբախտութիւն են, բայց աւելի լաւ է ես Տիրոջ ձեռքն ընկնեմ, որովհետեւ շատ մեծ է նրա ողորմածութիւնը, քան ընկնեմ մարդկանց ձեռքը։
14 Տէրը մահ սփռեց Իսրայէլում, եւ իսրայէլացիներից եօթանասուն հազար մարդ մեռաւ։
15 Աստուած հրեշտակին առաքեց Երուսաղէմ, որ կոտորի մարդկանց։ Հազիւ էր նա սկսել կոտորածը, որ Տէրը տեսաւ ու զղջաց իր պատճառած չարիքի համար։ Նա ասաց մարդկանց կոտորելու համար առաքուած հրեշտակին. Բաւական է, յե՛տ քաշիր ձեռքդ։ Եւ այդ պահին Տիրոջ հրեշտակը գտնւում էր յեբուսացի Ուռնայի կալի մօտ։
16 Դաւիթն աչքերը բարձրացրեց ու տեսաւ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջեւ եւ ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղէմի վրայ։ Դաւիթն ու ծերունիները, քուրձ հագած, երեսնիվայր գետին ընկան։
17 Դաւիթն ասաց Աստծուն. Չէ՞ որ ես եմ հրամայել մարդահամար կազմել, ես եմ մեղանչել, ես եմ չարիք գործել, այս անմեղ հօտը ի՞նչ է արել, Տէ՛ր Աստուած։ Թող քո ձեռքը իմ եւ իմ հօր տան դէմ լինի եւ ոչ թէ քո ժողովրդին կոտորի, Տէ՜ր։
18 Տիրոջ հրեշտակն ասաց Գադին. Ասա՛ Դաւթին, որ նա ելնի ու Տիրոջ համար զոհասեղան կանգնեցնի յեբուսացի Ուռնայի կալում։
19 Եւ Դաւիթը գնաց Տիրոջ խօսքի համաձայն, որ ասուել էր Տիրոջ անունով։
20 Ուռնան դարձաւ, երբ տեսաւ արքային ու նրա չորս որդիներին, որոնք թաքնուել էին նրա հետ։ Ուռնան կալում ցորեն էր կալսում։
21 Երբ Դաւիթն եկաւ Ուռնայի մօտ, սա կալից դուրս ելաւ ու երեսնիվայր գետին ընկաւ։
22 Դաւիթն ասաց Ուռնային. Քո այդ կալատեղն ի՛նձ տուր, որ ես այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, եւ ժողովրդի կոտորածը վերանայ։ Ինչքան արծաթ որ արժէ դա, ես կը տամ քեզ։
23 Ուռնան ասաց Դաւթին. Վերցրո՛ւ այն, իմ արքան թող անի այն, ինչ իրեն լաւ է թւում։ Բացի այդ, ես կը տամ իմ եզները ողջակիզելու համար, սայլերը՝ ցախ անելու եւ ցորենը՝ նուիրաբերութեան համար։ Ամէն ինչ կը տամ քեզ։
24 Դաւիթ արքան ասաց Ուռնային. Այդպէս չէ։ Պէտք է այն գնեմ այնքան արծաթով, ինչքան արժէ։ Ես չեմ առնի այն, ինչ քոնն է, որպէսզի Տիրոջը ձրի ողջակէզ մատուցեմ։
25 Եւ Դաւիթն այդ տեղի համար կշռով վեց հարիւր սիկղ արծաթ տուեց Ուռնային։
26 Դաւիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակէզներ եւ փրկութեան զոհեր մատուցեց, Տիրոջն աղօթեց, եւ Տէրը լսեց ու պատասխան տուեց նրան՝ երկնքից ողջակէզի զոհասեղանին կրակ իջեցնելով եւ ողջակէզներն այրելով։
27 Տէրն ասաց հրեշտակին. Քո սուրը դի՛ր իր պատեանը։
28 Երբ Դաւիթը տեսաւ, որ Տէրը լսեց ու պատասխանեց նրան յեբուսացի Ուռնայի կալում, այնտեղ զոհեր մատուցեց։
29 Տիրոջ սրբարանը, որ Մովսէսը պատրաստել էր անապատում, եւ ողջակէզների զոհասեղանն այն ժամանակ Գաբաւոնի Բամա բնակավայրում էին,
30 եւ Դաւիթը Աստծուն հարցում անելու համար չէր կարող գնալ դրա մօտ, որովհետեւ Տիրոջ հրեշտակի սուրը սարսափեցնում էր նրան։