Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 13

1 Դաւիթը խորհրդակցեց հազարապետների ու հարիւրապետների եւ բոլոր իշխանների հետ։
2 Դաւիթն ասաց հաւաքուած բոլոր իսրայէլացիներին. Եթէ գտնում էք, որ սա բարի գործ է ձեզ համար, եւ մեր Տէր Աստուածն է մեզ յաջողութիւն պարգեւել, մարդ ուղարկենք Իսրայէլի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրներին, որ իրենց քաղաքներում ու կալուածքներում ապրող քահանաներն ու ղեւտացիները գան մեզ մօտ ժողովի,
3 մեզ մօտ բերենք մեր Աստծու տապանակը, քանզի Սաւուղի ժամանակներից ի վեր այդ հարցով չզբաղուեցին։
4 Բոլոր հաւաքուածներն ասացին. Այդպէս անենք. որովհետեւ ժողովուրդն այս խօսքերը արդարացի համարեց։
5 Դաւիթը բոլոր իսրայէլացիներին հաւաքեց Եգիպտոսի սահմաններից սկսած մինչեւ Եմաթ, որ Աստծու տապանակը տանեն Յարիմ քաղաքից։
6 Դաւիթը հանել տուեց այն, եւ ամբողջ Իսրայէլը գնաց Յուդայի երկրում գտնուող Դաւթի քաղաքը, որ այնտեղից բերեն Տէր Աստծու՝ քերովբէների վրայ տեղադրուած տապանակը։ Եւ Տէր Աստծու անունը գրուած է այդ տապանակի վրայ։
7 Աստծու տապանակը դրեցին Ամինադաբի տնից բերուած մի նոր սայլի վրայ, եւ Օզան ու նրա եղբայրները քշում էին սայլը։
8 Դաւիթն ու բոլոր իսրայէլացիները եռանդագին պարում էին Աստծու առջեւ, սաղմոսներ երգելով, տաւիղներով, քնարներով, փողերով, թմբուկներով ու ծնծղաներով։
9 Նրանք եկան մինչեւ Քելոնի կալը, եւ Օզան ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետեւ եզը տեղից շարժել էր այն։
10 Տէրը խիստ զայրացաւ Օզայի վրայ ու սպանեց նրան, որովհետեւ համարձակուել էր իր ձեռքը մեկնել տապանակին։ Նա տեղնուտեղը մեռաւ Աստծու առաջ։
11 Դաւիթը տրտմեց, քանզի Տէրը մահացու հարուածել էր Օզային։
12 Այդ վայրը մինչեւ այսօր կոչւում է Օզայի հարուած։ Այդ օրը Դաւիթը Աստծուց վախենալով՝ ասաց. Ես ինչպէ՞ս Աստծու տապանակն ինձ մօտ տանեմ։
13 Եւ Դաւիթը տապանակն իր մօտ՝ Դաւթի քաղաքը չփոխադրեց, այլ ճանապարհը շեղեց ու տարաւ քետացի Աբեդդարի տունը։
14 Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբեդդարի տանը, եւ Աստուած օրհնեց Աբեդդարին եւ այն ամէնը, ինչ նա ունէր։