Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 20

1 Պատահեց, որ յաջորդ տարի, երբ թագաւորները պատերազմի էին ելել միմեանց դէմ, Յովաբը հաւաքեց բոլոր զօրագնդերը եւ ասպատակեց ամոնացիների ամբողջ երկիրը։ Նա եկաւ եւ պաշարեց Ռաբաթը, իսկ Դաւիթը մնաց Երուսաղէմում։
2 Յովաբը գրաւեց Ռաբաթը եւ կործանեց այն։ Դաւիթը նրանց Մեղքոմ թագաւորի գլխից առաւ թագը։ Պարզուեց, որ դրա ոսկին մի տաղանդ քաշ ունի՝ զարդարուած թանկարժէք քարերով։
3 Այն դրեցին Դաւթի գլխին։ Շատ-շատ աւար վերցրեց նա, այնտեղի ժողովրդին դուրս բերեց, չարաչար աշխատեցրեց՝ սղոցներով սղոցել տալով ու երկաթէ ուրագներով տաժանակիր աշխատանքի լծել տալով նրանց։ Այսպէս վարուեց Դաւիթը ամոնացիների հետ բոլոր քաղաքներում եւ իր ամբողջ զօրքով վերադարձաւ Երուսաղէմ։
4 Դրանից յետոյ Գազերում կրկին պատերազմ եղաւ այլազգիների դէմ։ Այն ժամանակ ուսթացի Սուբաքէն յարձակուեց հսկաների որդիներից Սեպփիասի վրայ եւ հալածեց նրան։
5 Դարձեալ պատերազմ եղաւ այլազգիների դէմ, եւ Յայիրի որդի Եղէանան յարձակուեց գէթացի Գողիադի եղբայր Ղէէմիի վրայ, որի նիզակի փայտը ոստայնանկների գլանի չափ էր։
6 Դարձեալ պատերազմ եղաւ Գէթում։ Այնտեղ կար մի շատ հսկայ մարդ, որի մատները վեց-վեց լինելով՝ ընդամէնը քսանչորս մատ ունէր։ Նա հսկաների ցեղից էր։
7 Նա լուտանք էր թափում Իսրայէլի վրայ, ուստի Դաւթի եղբօր որդի Սամաայի որդի Յոնադաբը սպանեց նրան։ Սրանք Գէթի Հռափա քաղաքից էին։ Սրանք ամէնքը հսկայ մարդիկ էին եւ ընկան Դաւթի ու նրա զօրականների ձեռքով։