Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 14

1 Տիւրոսի արքայ Քիրամը Դաւթի մօտ ուղարկեց դեսպաններ, մայրի փայտ, որմնադիրներ ու ատաղձագործներ, որ տուն շինեն նրա համար։
2 Դաւիթը հասկացաւ, որ Տէրն է իրեն ընտրել Իսրայէլի վրայ իշխելու համար, քանզի Իսրայէլի ժողովրդի համար նրա թագաւորութիւնը հզօրացել էր։
3 Դաւիթն այլ կանայք եւս առաւ Երուսաղէմում, որոնցից ծնուեցին ուրիշ տղաներ ու աղջիկներ։
4 Ահա անունները նրանց, որոնք ծնուեցին Երուսաղէմում. Սամաաս, Սոբաբ, Նաթան, Սողոմոն,
5 Յեբաար, Ելիսաւ, Ելիփաղէտ,
6 Նագեթ, Նափատ, Յափիէ,
7 Ելիսամա, Բաղիադա եւ Ելիփաղատ։
8 Երբ այլազգիներն իմացան, թէ Դաւիթը ամբողջ Իսրայէլի վրայ թագաւոր է օծուել, ելան Դաւթին գտնելու։ Դաւիթն այդ լսելով՝ նրանց դիմաց ելաւ։
9 Եկան նաեւ այլազգիները, եւ նրանք միմեանց հանդիպեցին Հսկաների հովտում։
10 Դաւիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. Յարձակուե՞մ այլազգիների վրայ, դու նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս։ Տէրը նրան ասաց. Յարձակուի՛ր, եւ ես նրանց քո ձեռքը կը մատնեմ։
11 Դաւիթը ելաւ գնաց Բաաղփարասին եւ կոտորեց նրանց։ Դաւիթն ասաց. Աստուած իմ թշնամիներին ջախջախեց իմ ձեռքով, պատառոտեց նրանց, ինչպէս ջրերն են պատառոտւում։ Սրա համար էր, որ այդ տեղը կոչուեց Բաաղփարասին, այն է՝ Փարասինի պատռուածք։
12 Նրանք իրենց աստուածներին այնտեղ թողեցին, եւ Դաւիթը պատուիրեց դրանք հրով այրել։
13 Այլազգիները կրկին յարձակուեցին, եւ նրանք իրար հանդիպեցին Հսկաների հովտում։
14 Դաւիթը դարձեալ հարցրեց Աստծուն, եւ Աստուած նրան ասաց. Մի՛ գնա նրանց յետեւից, շո՛ւռ արի եւ նրանց թո՛ղ տանձենիների մօտ։
15 Երբ տանձենիների կատարների շարժման ձայն լսես, այն ժամանակ ելի՛ր պատերազմի, քանզի Աստուած քո առջեւից գնալով՝ կոտորելու է այլազգիների բանակը։
16 Դաւիթն արեց այնպէս, ինչպէս Աստուած պատուիրել էր նրան, եւ նա կոտորեց այլազգիների բանակը Գաբաթոնից մինչեւ Գազերա։
17 Դաւթի անունն ամբողջ երկրում հռչակուեց, եւ Տէրը նրա երկիւղը տարածեց բոլոր ազգերի վրայ։