ԵԶԵԿԻԷԼ. Chapter 44

1 Նա ինձ յետ դարձրեց սրբարանի արտաքին դռնով, որ նայում էր դէպի արեւելք։ Այն փակուած էր։
2 Տէրն ինձ ասաց. Այդ դուռը փակ է մնալու ու չի բացուելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպէսզի Իսրայէլի Տէր Աստուածը մտնի այդտեղով։ Այն փակ է լինելու,
3 որովհետեւ առաջնորդ իշխանն է ներսում նստելու՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար։ Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով եւ նոյն տեղով էլ դուրս է գալու։
4 Նա ինձ տարաւ մի դռնով, որ դէպի հիւսիս, տաճարի դիմաց էր նայում։ Տեսնում էի՝ ահա Տիրոջ տունը լի էր Տիրոջ փառքով։ Երեսս ի վայր ընկայ ու խոնարհութիւն արեցի։
5 Տէրն ինձ ասաց. Մարդո՛ւ որդի, սրտի՛դ մէջ դիր, աչքերո՛վդ տես ու ականջներո՛վդ լսիր այն ամէնը, ինչ որ քեզ կ՚ասեմ Տիրոջ տաճարի բոլոր հրահանգների ու նրա օրէնքների մասին։ Դու սրտիդ մէ՛ջ կը պահես այդ տաճար մտնելու ու նրա սրբարանից ելնելու կարգը։
6 Կ՚ասես Իսրայէլի տանը՝ խռովարարների այդ տանը. Այսպէս է ասում Տէր Աստուած. թող բաւական լինեն ձեր բոլոր անօրէնութիւնները, ո՛վ տունդ Իսրայէլի,
7 որ ձեր մէջ էք մտցրել այլազգիներին՝ սրտով անթլփատներին ու մարմնով անթլփատներին։ Նրանք մտել են իմ սրբարանը եւ պղծել այն, մինչ դուք մատուցում էիք իմ հացը՝ ճարպով ու արիւնով։ Դուք, որ զանց էք առնում ուխտս ձեր բոլոր անօրէնութիւններով,
8 չէք պահել ու պահպանել սրբավայրերս, այլազգիներին էք պահապան կարգել իմ սրբութիւնների սրբութեան վրայ։
9 Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. Ոչ մի օտարածին զաւակ՝ սրտով անթլփատ ու մարմնով անթլփատ, չի մտնելու իմ սրբարանը, ոչ մէկն այն այլազգիների բոլոր որդիներից, որ կան Իսրայէլի այդ տանը։
10 Նաեւ ղեւտացիները, որոնք ինձնից հեռացել են, երբ ժողովուրդը մոլորուել էր, մոլորուել-հեռացել իմ ճանապարհից՝ հետեւելով իրենց խորհուրդներին, - նրանք էլ են պատժուելու ըստ իրենց անօրէնութիւնների։
11 Նրանք իմ սրբարանում, այդ տան դռներին դռնապան ծառաներ են լինելու եւ տաճարի սպասաւորներ։ Նրանք են մորթելու ժողովրդի ողջակէզներն ու զոհաբերութիւնները. նրանք են կանգնելու ժողովրդի առաջ՝ լինելով նրա սպասաւորները։
12 Այն բանի համար, որ իրենք սպասաւորներ էին նրանց կուռքերի առաջ, այդ անիրաւութեան համար էլ Իսրայէլի տունը տանջանքների է մատնուել։ Դրա համար է որ ձեռքս բարձրացրի նրանց վրայ, - ասում է Տէր Աստուած, - եւ ըստ իրենց անիրաւութիւնների էլ նրանք պատժուելու են։
13 Թող ինձ չմերձենան նրանք, ինձ համար քահանայ չլինեն ու չդիպչեն ո՛չ Իսրայէլի զաւակների սրբութիւններին, ո՛չ էլ իմ ամենասուրբ բոլոր սրբութիւններին։ Նրանք կրելու են իրենց անարգանքը իրենց արած մոլորութեան համար։
14 Նրանց պահապան են կարգել այն տան, նրա բոլոր գործերի, այն ամենի վրայ, ինչ անելու են այնտեղ։
15 Իսկ ղեւտացի քահանաները՝ Սադոկի այն որդիները, որոնք պահպանել են իմ սրբութիւնները, երբ Իսրայէլի տունը մոլորուել-հեռացել էր իմ ճանապարհից, - նրանք մերձենալու են ինձ՝ պաշտամունք մատուցելու համար ինձ։ Կանգնելու են իմ դիմաց եւ ինձ զոհեր, ճարպ ու արիւն են մատուցելու, - ասում է Տէր Աստուած։ -
16 Նրանք մտնելու են իմ սրբարանը, մերձենալու են սեղանիս՝ ինձ պաշտամունք մատուցելու, եւ պահպանութիւն են անելու։
17 Երբ նրանք ներքին գաւթի դռնով մտնեն, պէտք է կտաւէ պատմուճաններ հագած լինեն եւ իրենց պաշտամունքը մատուցելու ժամանակ բրդեղէն հագած չպէտք է լինեն՝ սկսած ներքին գաւթի դռնից։
18 Գլուխներին կտաւէ խոյրեր են ունենալու, սրունքներին՝ կտաւէ անդրավարտիքներ։ Ծանր հագնուած չպէտք է լինեն։
19 Ու երբ դուրս գան արտաքին գաւիթ՝ ժողովրդի մօտ, հանելու են իրենց պատմուճանները, որոնցով պաշտամունք են մատուցում, դնելու են դրանք սուրբ սենեակը եւ հագնելու են ուրիշ պատմուճաններ, որպէսզի ժողովրդին իրենց պատմուճաններով չսրբագործեն։
20 Գլուխները չեն ածիլելու, մազերը չեն նօսրացնելու. պինդ ծածկելու են իրենց գլուխները։
21 Ներքին գաւիթ մտնելիս ոչ մի քահանայ գինի թող չխմի։
22 Որբեւայրի կամ արձակուած կնոջն իրենց կին թող չառնեն, այլ՝ Իսրայէլի տան ծնունդ կոյսերի կամ քահանայից մնացած որբեւայրու։
23 Եւ իմ ժողովրդին թող սովորեցնեն ընտրութիւն կատարել սրբի ու պղծուածի, անարատի ու արատաւորուածի միջեւ։
24 Արեան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրէնքների դատաստան անեն եւ ըստ իմ կանոնների իրաւունք գործադրեն։ Բոլոր տօներին իմ օրէնքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն։
25 Մարդու դիակի մօտ թող չգան, որ չպղծուեն, բացի հօր կամ մօր, որդու կամ դստեր, եղբօր կամ չամուսնացած քրոջ դիակից։
26 Եւ այն սրբագործելուց յետոյ պէտք է հաշուել եօթը օր.
27 ո՛ր օրը որ ներքին գաւիթը, սրբավայրը մտնեն՝ պաշտամունք մատուցելու, քաւութեան զոհ թող մատուցեն, - ասում է Տէր Աստուած։ -
28 Նրանք ուրիշ ժառանգութիւն չեն ունենալու, քանի որ ես եմ նրանց համար ժառանգութիւն. Իսրայէլի զաւակների մէջ նրանց կալուածք թող չտրուի, քանի որ ես եմ նրանց համար ժառանգութիւն։
29 Նրանք են ուտելու զոհերը՝ մեղքերի համար լինեն դրանք թէ յանցանքի, ու Իսրայէլի բոլոր նուէրները նրանցն են լինելու։
30 Բոլոր առաջին պտուղները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու։ Ձեր առաջին բերքը քահանային էք տալու, որպէսզի ձեր տներն օրհնի։
31 Քահանաները չեն ուտելու որեւէ մեռելոտի, լինի գազան, յօշոտած թռչուն կամ անասուն։