ԵԶԵԿԻԷԼ. Chapter 19

1 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Իսրայէլի իշխանի վրայ։ Ասա՛.
2 Ինչպէ՞ս եղաւ, որ մայրդ յայտնուեց առիւծների մէջ, կորիւնդ առիւծների մէջ բազմացրեց իր կորիւններին։
3 Նրա կորիւնների մէջ մի կորիւն հասակ նետեց, առիւծ դարձաւ, սովորեց յափշտակել ու խլել, եղաւ մարդախողխող։
4 Նրա մասին լսեցին ազգեր, բռնեցին նրան՝ սպանելու համար, դնչակալով տարան Եգիպտացիների երկիրը։
5 Մայր առիւծը տեսաւ, որ կորիւնը բաժանուեց իրենից, յոյսը կտրեց եւ իր կորիւններից մի ուրիշ կորիւն առիւծ դարձրեց։
6 Սա շրջում էր առիւծների մէջ։ Առիւծ դարձաւ, սովորեց յափշտակել ու խլել, եղաւ մարդախողխող։
7 Յանդգնութեամբ որս էր անում, քաղաքներ կործանում, իր մռնչոցով երկիրն ամբողջովին աւերում։
8 Շրջակայ երկրներից ազգեր ելան նրա դէմ, թակարդներ լարեցին նրա շուրջ՝ սպանելու համար,
9 դնչակալ հագցրին, վանդակի մէջ տարան բաբելացիների թագաւորի մօտ ու բանտ դրեցին, որպէսզի Իսրայէլի լեռների վրայ նրա ձայնն այլեւս չլսուի։
10 Քո մայրը մի որթատունկ էր, նռնենու մի ծաղիկ՝ տնկուած հոսող ջրերի վրայ։ Նրա տունկն ու պտուղն ուռճացան շնորհիւ առատ ջրերի։
11 Նրա հզօր մականն իշխեց ազգի իշխանների վրայ. իր հասակով նա բարձրացաւ ծառաստանների մէջ։ Տեսաւ իր մեծութիւնը բազմաթիւ ճիւղերի մէջ,
12 բարկութիւնից ջարդուեց ու գետին տապալուեց։ Խորշակը չորացրեց նրա ճիւղերը։ Այսպիսով նրանից վրէժ լուծուեց, ու չորացաւ նրա հզօր մականը։ Կրակն էլ ճարակեց այն։
13 Եւ հիմա այն տնկեցին անապատում, անջրդի հողի վրայ։
14 Կրակ ելաւ նրա ընտիր-ընտիր բներից ու ճարակեց այն։ Եւ նրանում հզօր մական չմնաց։ Ազգը ողբի առակ է դարձել, ողբ էլ պիտի լինի։
15 Իսրայէլի տան աւագներին