ԵԶԵԿԻԷԼ. Chapter 21

1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2 Դրա համար մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, ու դէմքդ ուղղի՛ր Երուսաղէմի վրայ, նայի՛ր նրանց սրբավայրերին։ Մարգարէութիւն կ՚անես Իսրայէլի երկրի վրայ
3 եւ կ՚ասես Իսրայէլի երկրին. Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ահա ես քո դէմ եմ։ Մերկացնելու եմ սուրս իր պատեանից եւ քո միջից ոչնչացնելու եմ անիրաւին ու անօրէնին։
4 Եւ քանի որ քո միջից ոչնչացնելու եմ անիրաւին ու անօրէնին, ուստի իմ սուրն իր պատեանից դուրս է գալու բոլոր մարդկանց վրայ՝ արեւելքից մինչեւ հիւսիս։
5 Եւ ամէն մարդ պէտք է իմանայ, որ ես՝ Տէրս եմ մերկացրել սուրս իր պատեանից, ու յետ տեղը չի դրուելու։
6 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մէջքդ խոնարհած՝ հեծեծի՛ր, ցաւագի՛ն հեծեծիր նրանց առաջ։
7 Եւ եթէ քեզ հարցնեն՝ Ինչո՞ւ ես հեծեծում, կ՚ասես. Որովհետեւ մի բօթ լսեցի, եւ այն վրայ է հասնելու. բոլոր սրտերը կոտրուելու են, բոլոր ձեռքերը՝ թուլանալու, բոլոր անդամները՝ չորանալու, բոլոր շնչերը՝ կտրուելու, բոլոր զիստերը՝ խոնաւութեամբ ապականուելու։ Ահա վրայ է հասնում, եւ այդպէս էլ լինելու է, - ասում է Տէրը, Ամենակալն Աստուած։
8 Աստուած դարձեալ խօսեց ինձ հետ ու ասաց.
9 Մարդո՛ւ որդի, կը մարգարէանաս ու կ՚ասես. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Սո՛ւր, սո՛ւր, սրուի՛ր ու զայրացի՛ր,
10 որպէսզի մեծ կոտորած անես։ Սրուի՛ր ու սրբուի՛ր, պատրաստուի՛ր կոտորելու, կոտորի՛ր, արհամարհի՛ր, որդեա՛կ իմ, կտրի՛ր ամէն ծառ։
11 Եւ Տէրը տուեց սուրը՝ ձեռքում պատրաստ բռնելու։ Սուրը սրուած է եւ պատրաստ՝ ջարդարարի ձեռքը տալու համար։
12 Աղաղակի՛ր, ճի՛չ բարձրացրու, մարդո՛ւ որդի, որովհետեւ այն սուրը կախուել է իմ ժողովրդի, Իսրայէլի իշանների վրայ։ Նրանք պանդուխտ են լինելու, քանի որ սուրը կախուել է իմ ժողովրդի վրայ։ Ուստի ձեռքերովդ ծա՛փ զարկ, որովհետեւ արդարացաւ ասածս։
13 Եւ ի՞նչ է, փրկուելո՞ւ է ազգը։ Դա չի՛ լինելու, - ասում է Տէր Աստուածը։
14 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր, ձեռքերովդ ծա՛փ զարկ։ Դո՛ւ էլ սուր վերցրու, որովհետեւ երրորդ սուրն սպանուածներինն է լինելու. սուրը ծանրացել է սպանուածների վրայ ու զարհուրեցնելու է նրանց,
15 որպէսզի նրանց սրտերը թուլանան, նրանց բոլոր դռներին տկարները բազմանան, որովհետեւ մատնուած են սրի քաշուելու։ Սուրը գեղեցկացել է փայլով ու սպանելու համար պիտանի դարձել։
16 Շրջի՛ր, աջ ու ձա՛խ պտտուիր, միեւնոյնն է, ո՛ւր էլ որ շուռ գաս՝
17 ես էլ այնտեղ եմ լինելու, ծափ եմ զարնելու եւ թռչկոտելու եմ, բարձրացնելու եմ ձայնս. ես՝ Տէրս խօսեցի։
18 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
19 Մարդո՛ւ որդի, քեզ համար երկո՛ւ ճանապարհ ընտրիր, ուր պիտի մտնի բաբելացիների արքայի սուրը, որովհետեւ երկուսն էլ նոյն աշխարհից են դուրս գալիս։ Քաղաք տանող ճանապարհի գլխին ուղեցոյց նշա՛ն պատրաստիր։
20 Ճանապարհի սկզբին հաստատուի՛ր, պատրաստի՛ր, ճանապա՛րհ հարթիր, որ սուրը հասնի Ռաբոթ, ամոնացիներին, նաեւ Հրէաստանի վրայ, նաեւ Երուսաղէմի վրայ, որ նրա մէջ է։
21 Բաբելացիների արքան գալու կանգնելու է հին ճանապարհի վրայ, երկու ճանապարհների գլխին՝ գաւազան գցելու, կուռքերին հարցեր տալու, լեարդի վրայ գուշակութիւն անելու։
22 Նրա աջ ձեռքից հմայութիւններ են դուրս եկել՝ Երուսաղէմի դէմ պատնէշներ կանգնեցնելու, լիաբերան գոչելու, աղաղակ բարձրացնելու, դարպասները խոյահարելու, հող թափելու եւ մարտկոցներ շինելու։
23 Եւ դա երուսաղէմացիներին այնպէս է երեւալու, կարծես մէկն իրենց առաջ հմայութիւններ է անում. շաբաթուայ ընթացքում եօթն անգամ կրկնուելու է։ Սակայն նա՝ բաբելացիների թագաւորն զգուշացնելու է սրանց, որ յիշեն իրենց անօրէնութիւնները։
24 Ուստի այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. Նրա համար, որ սպառնացել էք ձեր անիրաւութիւններով, յայտնի են դարձել ձեր ամբարշտութիւնները, երեւան են եկել ձեր մեղքերը ձեր բոլոր ամբարշտութիւններով եւ ձեր ընթացքով, - այն բանի համար, որ դուք ինքներդ էք յիշեցրել, դրանց պատճառով էլ ոչնչանալու էք։
25 Դու էլ, Իսրայէլի պիղծ ու անօրէն իշխանդ, որի վախճանը եկել է անիրաւութեան ժամանակ, -
26 այսպէս է ասում քեզ Տէր Աստուած. Վերցրո՛ւ խոյրդ, հանի՛ր պսակդ, որովհետեւ այդ այդպէս չի վերջանալու։ Դու բարձրացածին խոնարհեցրել ես, խոնարհին՝ բարձրացրել։
27 Եւ հիմա ես անիրաւութիւնը միւս անիրաւութիւնների վրայ եմ բարդելու։ Այդ այդպէս չի մնալու, մինչեւ որ գայ նա, ում վայել է, եւ ես տալու եմ նրա ձեռքը
28 Ամոնացիներին։ Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր ու ասա՛. Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած ամոնացիներին՝ նրանց նախատինքների համար. Սուր սուսերը հանուած է սպանելու համար, մերկացուած՝ վերջ տալու համար։
29 Զարթնի՛ր, որովհետեւ փայլում ես սին տեսիլքով, սուտ հմայութիւններ ես անում՝ նրանց դէպի քեզ, անօրէն վիրաւորների վզին քաշելու համար. սրանց վախճանը հասել է՝ անիրաւութեան ժամանակի վախճանը։
30 Յե՛տ դարձիր, մի՛ իջեւանիր այնտեղ, ուր ծնուել ես. դարձեալ քո երկրում եմ քեզ դատելու,
31 քեզ վրայ թափելու եմ բարկութիւնս։ Իմ զայրոյթի հուրը փչելու եմ քեզ վրայ, մատնելու եմ քեզ ձեռքը բարբարոս մարդկանց, որոնք պղծութիւն են գործում։
32 Եւ հրոյ ճարակ ես դառնալու, արիւնդ թափուելու է քո երկրում, յիշատակդ էլ չի գտնուելու։ Ես՝ Տէրս խօսեցի։
33 Իսրայէլացիներին