ԵԶԵԿԻԷԼ. Chapter 10

1 Ու ահա տեսնում էի, որ երկնքում, որ քերովբէների գլխավերեւում էր, շափիւղայ քարից շինուած գահի նմանուող մի բան կար։
2 Եւ ասաց սքեմ հագած մարդուն. Մտի՛ր այդ անիւների մէջտեղը, քերովբէների տակ, բուռդ լցրո՛ւ այդ քերովբէների մէջտեղում եղող շիկացած ածուխներով ու դրանք ցանի՛ր քաղաքի վրայ։
3 Եւ նա մտաւ իմ աչքի առաջ։ Երբ մարդը մտնում էր, քերովբէները կանգնած էին տաճարի աջ կողմում. ծխի ամպն էլ լցրել էր ներքնասրահը։
4 Եւ այն քերովբէների վրայից օդի մէջ վեր բարձրացաւ Տիրոջ փառքը, որ տաճարում էր. տաճարը լցուեց ծխի ամպով, սրահն էլ լցուեց Տիրոջ փառքի լոյսով։
5 Եւ քերովբէների թեւերի ձայնը լսելի էր լինում մինչեւ արտաքին գաւիթը, ինչպէս Սադայի Աստծու ձայնը, երբ նա խօսում էր։
6 Մինչ Աստուած հրահանգ էր տալիս սուրբ սքեմ հագած մարդուն ու ասում էր՝ Կրա՛կ առ քերովբէների մէջտեղում եղող այդ անիւների միջից, -
7 սա մտաւ ու կանգնեց անիւների մէջտեղը։ Եւ քերովբէներից մէկը ձեռքը մեկնեց կրակի մէջ, որ քերովբէների մէջտեղում էր, առաւ այն ու տուեց նրա ձեռքը։ Եւ նա, որ սուրբ սքեմ էր հագել, առաւ այն ու այնտեղից դուրս եկաւ։
8 Նայում էի քերովբէներին ու նրանց թեւերի տակ տեսնում մարդու ձեռքի պէս մի բան։
9 Տեսնում էի նաեւ, որ ահա չորս անիւներ կային քերովբէների մօտ, ամէն մի քերովբէի ետեւում՝ մի անիւ։ Եւ անիւների տեսքը նման էր կարկեհան ակի տեսքին։
10 Չորս անիւների տեսքն էլ այնպիսին էր, որ կարծես մի անիւը միւսի մէջ անցած լինէր։
11 Եւ երբ դրանք շարժւում էին, չորս կողմերից մէկի ուղղութեամբ էին ընթանում ու յետ շուռ չէին գալիս, որովհետեւ դէպի առաջ ո՛ր կողմ որ նայում էր գլուխը՝ նրա յետեւից էին ընթանում եւ միւսները ու յետ շուռ չէին գալիս։
12 Եւ նրանց բոլորի մարմինները՝ թէ՛ ձեռքերը, թէ՛ թեւերը, ինչպէս նաեւ անիւները, չորս կողմից լիքն էին աչքերով։
13 Հէնց ինքս լսեցի, որ անիւներին դիւրաթաւալ անունն էին տալիս։
14 Եւ քերովբէներից ամէն մէկը չորս դէմք ունէր. մէկը քերովբէի դէմք էր, երկրորդը՝ մարդու, երրորդը՝ առիւծի, իսկ չորրորդը՝ արծուի։
15 Ու քերովբէները վեր բարձրացան։ Սա այն գազանն էր, որ տեսել էի Քոբար գետի ափին։
16 Երբ քերովբէները գնում էին, անիւներն էլ էին ընթանում նրանց յետեւից, իսկ երբ քերովբէները իրենց թեւերը բարձրացնում էին՝ երկրից վերանալու համար, անիւները յետ չէին դառնում, որովհետեւ նրանց հետ էին։
17 Երբ քերովբէները կանգ էին առնում, անիւներն էլ կանգ էին առնում, իսկ երբ քերովբէները վեր էին բարձրանում, անիւներն էլ էին վեր բարձրանում, որովհետեւ նրանց մէջ կենդանի ոգի կար։
18 Եւ Տիրոջ փառքը տաճարի մուտքի գաւթից բարձրացաւ ու նստեց քերովբէների վրայ։
19 Քերովբէներն էլ բարձրացրին իրենց թեւերը, աչքերիս առաջ համբարձան երկրից, անիւներն էլ՝ նրանց յետեւից։ Եւ կանգնեցին Տիրոջ տան շեմին, որ նայում էր դէպի արեւելք. Իսրայէլի Աստծու փառքն էլ նրանց վերեւում էր։
20 Այս այն կենդանի էակն էր, որին ես տեսել էի Քոբար գետի ափին Իսրայէլի Աստծուց ներքեւ ու իմացայ, որ դրանք քերովբէներ են։
21 Ամէն մէկը չորսական դէմք ունէր, ամէն մէկը՝ ութական թեւ, թեւերի տակ՝ մարդու ձեռքերի նմանութեամբ ձեռքեր։ Երեսներն էլ նման էին մարդու երեսի։
22 Սրանք այն երեսներն էին, որ ես տեսել էի Քոբար գետի ափին, Իսրայէլի Աստծու փառքի ներքեւ. հէնց նրանց տեսիլքն էր, նրանք էին. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում։