ԵԶԵԿԻԷԼ. Chapter 14

1 Իսրայէլի աւագներից ոմանք եկան ինձ մօտ ու առաջս նստեցին։
2 Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
3 Մարդո՛ւ որդի, այդ մարդիկ իրենց մտադրութիւնները իրենց սրտի մէջ են դրել, իրենց անիրաւութիւնների պատճառած տանջանքները դրել են իրենց առջեւ։ Ե՞ս եմ տալու դրանց պատասխանը։
4 Ուստի դո՛ւ խօսիր դրանց հետ ու ասա՛. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Իսրայէլի տնից ամէն ոք, ով իր կռապաշտական մտադրութիւնները սրտի մէջ դնի, իր անիրաւութիւնների պատճառած տանջանքներն էլ՝ աչքի առաջ եւ գայ մարգարէի մօտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, - ես՝ Տէրս եմ նրան պատասխան տալու, ըստ այն բանի, թէ ի՛նչ ունի իր մտքում,
5 որպէսզի իրենց վարքով, օտարացած սրտով Իսրայէլի այդ տունը չխոտորեցնեն ինձնից։
6 Ուստի ասա՛ Իսրայէլի այդ տանը. Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. դարձէ՛ք, յե՛տ դարձէք ձեր ճանապարհից, ձեր բոլոր ամբարշտութիւններից, դարձրէ՛ք ձեր երեսները դէպի ինձ։
7 Իսրայէլի այդ տնից կամ եկուորներից ու պանդուխտներից ամէն ոք, ով ինձնից օտարանայ եւ կռապաշտական մտադրութիւնները սրտի մէջ դնի, իր անիրաւութիւնների պատճառած տանջանքները դնի իր առջեւ ու գայ մարգարէի մօտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, - ես՝ Տէրս եմ նրան պատասխան տալու, ըստ այն բանի, թէ ի՛նչ ունի իր մտքում։
8 Երեսս դարձնելու եմ այդ մարդու դէմ, խայտառակելու եմ նրան եւ վերացնելու եմ իմ ժողովրդի միջից, որպէսզի իմանաք, որ ես եմ Տէրը։
9 Եւ եթէ մի՛ մարգարէ խաբուի ու մի բան խօսի, թէ իբր ես՝ Տէրս եմ մոլորեցրել այդ մարգարէին, - ձեռքս իջեցնելու եմ նրա վրայ ու ոչնչացնելու եմ նրան Իսրայէլի իմ ժողովրդի միջից։
10 Եւ պատիժ են ստանալու ինչպէս անիրաւութեան մասին հարցնողը, այնպէս էլ մարգարէն,
11 որպէսզի Իսրայէլի տունն ինձնից չմոլորուի, այլեւս չպղծուեն իրենց բոլոր յանցանքներով, իրենք ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ նրանց համար՝ Աստուած, - ասում է Ամենակալ Տէրը։
12 Աստուած խօսեց ինձ հետ ու ասաց.
13 Մարդո՛ւ որդի, եթէ մի երկիր մեղանչելով մեղանչի իմ դէմ, ձեռքս իջեցնելու եմ նրա վրայ, խորտակելու եմ նրա հացի պաշարը, նրա վրայ սով եմ արձակելու եւ նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն։
14 Եւ եթէ այնտեղ լինեն այն երեք մարդիկ՝ Նոյը, Յոբն ու Դանիէլը, նրանք իրենց արդարութեան համար փրկուելու են, - ասում է Ամենակալ Տէրը։ -
15 Եւ եթէ չար գազաններ արձակեմ երկրի վրայ ու պատժեմ նրա բնակիչներին, եւ այն աստիճան ապականութիւն լինի, որ գազանների պատճառով այնտեղից անցնել էլ չլինի,
16 բայց այդ մարդիկ այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - թէ տղաներ ու աղջիկներ էլ ունենան՝ բոլորն էլ չեն փրկուելու, միայն նրանք երեքն են փրկուելու, բայց երկիրը ոչնչանալու է։
17 Եւ եթէ սրածեմ այն երկիրն ու սրին ասեմ՝ Անցի՛ր երկրի միջով, նրանից վերացնեմ մարդ ու անասուն,
18 բայց այդ երեք մարդիկ այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - նրանք չեն փրկելու իրենց տղաներին ու աղջիկներին, այլ իրենք երեքն են միայն փրկուելու։
19 Եւ եթէ համաճարակ ուղարկեմ այն երկիրը, սրտմտութիւնս թափեմ նրա վրայ արիւնով՝ նրա միջից վերացնելու համար մարդ ու անասուն,
20 բայց Նոյը, Յոբն ու Դանիէլը այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - թէ տղաներ ու աղջիկներ էլ ունենան նրանք՝ չեն փրկուելու, այլ նրանք երեքը միայն իրենց արդարութեամբ փրկելու են իրենց հոգիները։
21 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Եթէ Երուսաղէմի վրայ նոյնիսկ չորս սաստիկ վրէժներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու համաճարակը՝ նրա միջից վերացնելու համար մարդ ու անասուն, -
22 նրանում ողջ մնացածները դուրս են բերելու իրենց տղաներերին ու աղջիկներին։ Ահա նրանք նրանց հետ դուրս են գալու ձեզ մօտ, եւ դուք տեսնելու էք նրանց ընթացքը, նրանց մտադրութիւնները։ Զղջալու էք այն չարիքի համար, որ ես բերել եմ Երուսաղէմի վրայ, բոլոր չարիքների համար, որ ես բերել եմ նրա վրայ։
23 Ու նրանք մխիթարութիւն են պատճառելու ձեզ, որովհետեւ տեսնելու էք նրանց ընթացքը, նրանց մտադրութիւնները եւ վերահասու էք լինելու, որ զուր տեղը չեմ արել այն ամէնը, ինչ արել եմ նրանց հետ, - ասում է Ամենակալ Տէրը։