ԵԶԵԿԻԷԼ. Chapter 25

1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2 Մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ երեսդ ամոնացիների դէմ, մարգարէացի՛ր նրանց մասին ու ասա՛ ամոնացիներին.
3 Լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ չարախնդացիք պղծուած սրբարանիս, ապականուած Իսրայէլի երկրի, գերութեան գնացած Յուդայի տան վրայ, -
4 այդ պատճառով ահա ես ձեզ մատնում եմ Կեդէմի զաւակների ձեռքը որպէս ժառանգութիւն։ Իրենց մեղքերով բնակուելու են քո մէջ, իրենց վրանները կանգնեցնելու են քո մէջ. նրանք ուտելու են քո միրգը, խմելու քո պարարտ հիւթը։
5 Ամոնացիների քաղաքը տալու եմ ուղտերին՝ արածելու, իսկ ամոնացիներին՝ արածող հօտերին։ Պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։
6 Այսպէս է ասում Տէր Աստուած. Այն բանի համար, որ ձեռքերովդ ծափ զարկիր ու ոտքերովդ դոփեցիր, հոգով ուրախացար Իսրայէլի երկրի վրայ, -
7 այդ պատճառով ահա ես ձեռքս գցելու եմ քեզ վրայ ու տալու եմ քեզ տարբեր ազգերի, որ քեզ յափշտակեն, ոչնչացնելու եմ քեզ ժողովուրդների միջից, կորստեան եմ մատնելու քեզ երկրների միջից։ Ու պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը։
8 Մովաբի դէմ։ Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Այն բանի համար, որ Մովաբն ու Սէիրն ասացին, թէ ահա ինչպէս որ ազգերն են, այնպէս էլ Իսրայէլի եւ Յուդայի տունն է, -
9 այդ պատճառով ահա ես թուլացնելու եմ Մովաբի թիկունքը քաղաքների բարձրաւանդակների կողմից, ընտրագոյն երկիրը՝ Բեթի ու Ասիմոթի տունը, որ քաղաքի աղբիւրից աւելի վերեւ է, ծովեզերքի մօտերքը։
10 Կեդէմի զաւակներին էլ, նրանց վրայ աւելացրած նաեւ ամոնացիներին, տուել եմ նրան որպէս ժառանգութիւն, որպէսզի ամոնացիների յիշատակն ազգերի մէջ չմնայ։
11 Մովաբն էլ եմ պատժելու։ Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։
12 Եդոմի դէմ։ Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Այն բանի համար, որ Եդոմը վրէժ լուծեց Յուդայի տնից, ոխակալ եղաւ ու վրէժ պահանջեց, -
13 այդ պատճառով այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ձեռքս գցելու եմ Եդոմի վրայ, ոչնչացնելու եմ դրա մէջ մարդ ու անասուն, անապատի եմ վերածելու այն, իսկ Թեմանից սկսած հալածեալները սրից են ընկնելու։
14 Եւ Եդոմը պատժելու եմ Իսրայէլի իմ ժողովրդի միջոցով. Եդոմի հետ վարուելու են իմ զայրոյթի ու սրտմտութեան համեմատ։ Պիտի ճանաչեն իմ վրէժխնդրութիւնը, - ասում է Ամենակալ Տէրը։
15 Փղշտացիների դէմ։ Այդ մասին այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Այն բանի համար, որ այլազգիները ոխակալ եղան, վրէժխնդիր եղան սրտմտութեամբ, դաժանութեամբ սպանեցին նրանց իսպառ, -
16 այդ պատճառով էլ այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ահա ես ձեռքս գցելու եմ այդ այլազգիների վրայ, ոչնչացնելու եմ այդ կրետացիներին, կորստեան եմ մատնելու այդ ծովեզերաբնակներին
17 ու նրանց պատժելու եմ մեծամեծ կշտամբանքներով ու զայրոյթով։ Եւ պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը, երբ նրանց հանդէպ վրէժխնդիր լինեմ։
18 Տիւրոսի դէմ