ԵԶԵԿԻԷԼ. Chapter 41

1 Նա ինձ տարաւ տաճար եւ չափեց նրա կամարը. լայնութիւնը մի կողմից վեց կանգուն էր, երկարութիւնը միւս կողմից՝ վեց կանգուն,
2 դռան լայնութիւնը՝ տասը կանգուն, իսկ դռան խոյակներն այս ու այն կողմերից՝ հինգական կանգուն։ Չափեց նաեւ դռան երկարութիւնը. քառասուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսան կանգուն։
3 Մտաւ ներքին գաւիթը։ Չափեց մուտքի կամարը. երկու կանգուն էր, մուտքը՝ վեց կանգուն, իսկ մուտքի գլխի խոյակներն այս ու այն կողմերից՝ եօթնական կանգուն։
4 Չափեց դռան երկարութիւնը. քառասուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եւ ասաց ինձ. Սա է սրբութիւն սրբոցը։
5 Նա չափեց տաճարի պատը. վեց կանգուն էր, տան կողքի տարածութիւնը, շուրջբոլորը՝ չորս կանգուն,
6 մի կողմից միւսը՝ երեսուներեք կանգուն։ Տաճարի որմերի եւ բոլորաձեւ կից շինութիւնների միջեւ կար մի անջրպետ, որպէսզի նրանք, ովքեր ուզենային նայել ցած, ընկնէին ու երբեք չմօտենային տաճարի որմին։
7 Վերին դռան կողմերին, պատերի կողքերի միջեւ, տան շուրջը, վերին կողմում, մի լայն տարածութիւն կար, որպէսզի տան մէջ, վերեւից ու ներքեւից ընդարձակ տեղ լինէր, որտեղով ներքին յարկերից բարձրանային միջնայարկերը, այնտեղից էլ՝ վերնայարկերը։
8 Տեսայ նաեւ տան ձեղունի բարձրութիւնը. բոլորաձեւ մի անջրպետ կար, ձողին հաւասար, որը վեց կանգուն էր։
9 Արտաքին կողմի որմի հաստութիւնը հինգ կանգուն էր,
10 ամբողջ տաճարի եւ կից շինութիւնների պատշգամբների միջեւ ընկած բաց տարածութիւնը՝ քսան կանգուն։
11 Պատշգամբների մի դուռը հիւսիսային մի դռան միջանցքում էր, մի դուռն էլ՝ հարաւային կողմում։ Ընդարձակ տեղի լայնութիւնը, միջանցքը լուսաւորելու համար, շուրջանակի հինգ կանգուն էր։
12 Բակի դիմաց գտնուող կից շինութիւնը, որ նայում էր դէպի ծովակողմ ճանապարհը, ունէր եօթանասուն կանգուն երկարութիւն. նրա պատի հաստութիւնը հինգ կանգուն էր, երկարութիւնը՝ իննսուն կանգուն։
13 Նա չափեց տաճարի առաջը. երկարութիւնը հարիւր կանգուն էր։ Խորշերը, անջրպետները եւ պատերը հարիւր կանգուն երկարութիւն ունէին։
14 Տաճարի առջեւի տարածութեան լայնութիւնը, նրա դիմացի խորշերը հարիւր կանգուն էին։
15 Չափեց նաեւ խորշերի դիմաց, տաճարի յետեւում գտնուող բաց տարածութեան երկարութիւնը. այդ տարածութիւնը եւ այս ու այն կողմերի խորշերը հարիւր կանգուն երկարութիւն ունէին։
16 Արտաքին տաճարը, անկիւններն ու կամարները, առաստաղները, երեք կողմերից, վանդակապատ լուսամուտներ ու լուսանցոյցներ ունէին՝ նայելու համար։ Թէ՛ տաճարը եւ թէ՛ առհասարակ նրա առաստաղները, յատակից մինչեւ լուսամուտները, տախտակապատ էին։ Լուսամուտները երեքտակ էին՝ նայելու համար,
17 ինչպէս ներսից, այնպէս էլ դրսից։ Ամբողջ տաճարի վրայ, շուրջբոլորը, ներսից ու դրսից,
18 քերովբէներ էին քանդակուած ու արմաւենիներ. մի արմաւենին քերովբէների արանքում էր, երկու քերովբէները՝ իրար դիմաց։
19 Արմաւենիների մի կողմում քերովբէներից մէկի դէմքը մարդու դէմք էր, միւս կողմում երկրորդինը՝ առիւծի։ Եւ այդպէս էր քանդակուած ամբողջ տաճարը, բոլոր կողմերից։
20 Յատակից մինչեւ առաստաղները քերովբէներ ու արմաւենիներ էին քանդակուած։
21 Սրբերն ու տաճարը թեւատարած էին ու քառանկիւնաձեւ բացուած։
22 Սրբերի դէմ-յանդիման մի պատկեր կար՝ փայտէ խորանի նմանութեամբ, երեք կանգուն բարձրութեամբ, երկու կանգուն երկարութեամբ եւ երկու կանգուն լայնութեամբ, վրան՝ եղջիւրաձեւ զարդեր։ Նրա թէ՛ յատակն ու թէ՛ պատերը փայտեայ էին։ Նա ասաց ինձ. Սա է Տիրոջ առջեւ եղած սեղանը։
23 Տաճարն ունէր երկու դուռ, սրբարանն էլ՝ երկու մուտք։ Երկու դռներն էլ երկուական փեղկ ունէին.
24 երկու փեղկ՝ մէկ դուռը, երկու փեղկ՝ միւսը։
25 Նրանց վրայ, տաճարի մուտքերի վերեւում, քանդակուած էին քերովբէներ ու արմաւենիներ՝ ըստ սրբարանի քանդակների։ Ազնիւ փայտէ մի կերտուածք կար կամարի դէմ-յանդիման, արտաքին կողմից։ Նաեւ նեղ լուսամուտներ։
26 Այս ու այն կողմերից նա չափեց կամարի առաստաղները, տան կողմերն էլ՝ իրար հետ վերցրած։