ԵԶԵԿԻԷԼ. Chapter 37

1 Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մէջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։
2 Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը։ Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին։
3 Նա ասաց ինձ. Մարդո՛ւ որդի, արդեօք կը կենդանանա՞ն այդ ոսկորները։ Ես ասացի. Տէ՛ր Աստուած, այդ դու գիտես։
4 Նա ասաց ինձ. Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր այդ ոսկորների վրայ եւ ասա՛ դրանց. Չորացա՛ծ ոսկորներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները։
5 Այսպէս է ասում Տէր Աստուած այդ ոսկորներիդ. ՚ Ահա ես ձեզ վրայ կենդանի շունչ ե մ բերելու,
6 ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրայ միս եմ բերելու եւ մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, եւ դուք կենդանանալու էք։ Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։
7 Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը։ Ու երբ մարգարէացայ, մի ձայն լսեցի. յետոյ շարժում եղաւ. եւ ոսկորը ոսկորի հետ մօտեցաւ բոլոր յօդերին։
8 Տեսայ, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրայ մաշկ էր ձգւում, բայց դրանց մէջ դեռ շունչ չկար։
9 Նա ասաց ինձ. Մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր շնչի վրայ եւ ասա՛ շնչին. Այսպէս է ասում Տէր Աստուած. ՚ Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրայ, եւ նրանք կը կենդանանան՚։
10 Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը։ Ու շունչ մտաւ նրանց մէջ, եւ կենդանացան։ Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրայ. դա բազմախուռն մի ժողովուրդ էր։
11 Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայէլի ամբողջ տունն են։ Դրանք ասում են. Չորացան մեր ոսկորները, մեր յոյսը կտրուեց, ու մենք մեռանք։
12 Ուստի մարգարէացի՛ր ու ասա՛ դրանց. Այսպէս է ասում Տէր Աստուած. ՚ Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները եւ հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Տանելու եմ ձեզ Իսրայէլի երկիրը։
13 Ու պիտի իմանաք, որ ես եմ Տէրը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։
14 Իմ հոգին տալու եմ ձեզ, եւ դուք կենդանանալու էք։ Ձեզ դնելու եմ ձեր երկրում, եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։ Ասացի ու կատարելու եմ՚, - ասում է Տէր Աստուած։
15 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
16 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ համար մի գաւազա՛ն վերցրու եւ դրա վրայ գրի՛ր՝ Յուդային, Իսրայէլի զաւակներին ու նրանց մերձաւորներին։ Մի երկրորդ գաւազան էլ կը վերցնես ու վրան կը գրես՝ Յովսէփին, մի գաւազանի վրայ էլ՝ Եփրեմին եւ Իսրայէլի բոլոր զաւակներին, որ աւելացել են նրանց վրայ։
17 Եւ կը կցես դրանք, իրար հետ կապելով, այնպէս որ լինեն մէկ գաւազան, որը քո ձեռքին կը լինի։
18 Եւ եթէ այնպէս լինի, որ քո ժողովրդի զաւակները քեզ ասեն. Չե՞ս ասի մեզ, թէ այդ ի՛նչ է քո ձեռքին, -
19 կ՚ասես նրանց, թէ այսպէս է ասում Տէր Աստուած. Ահա ես վերցնելու եմ Յովսէփի այդ ազգին, որ Եփրեմի ձեռքին է, նաեւ Իսրայէլի ազգին ու նրա մերձաւորներին եւ նրանց տալու եմ Յուդայի ազգին։ Եւ նրանք լինելու են, ու դա լինելու է մէկ գաւազան Յուդայի ձեռքին։
20 Իսկ այն գաւազանները, որոնց վրայ դու գրեցիր, լինելու են քո ձեռքին, նրանց աչքի առաջ։
21 Կ՚ասես նրանց, թէ այսպէս է ասում Տէր Աստուած. Ահա ես վերցնում եմ Իսրայէլի այդ տան զաւակներին ժողովուրդների միջից, որոնց մէջ մտել էին, հաւաքելու եմ նրանց իրենց շուրջը գտնուող բոլոր ազգերի միջից ու տանելու եմ Իսրայէլի երկիրը։
22 Նրանց դարձնելու եմ մէկ ազգ՝ իմ երկրում, Իսրայէլի լեռների վրայ. որպէս թագաւոր՝ մէկ իշխան է լինելու նրանց վրայ։ Այլեւս երկու ազգերի բաժանուած չեն լինելու, ոչ էլ երկու թագաւորութիւնների են բաժանուելու,
23 որպէսզի այլեւս չպղծուեն իրենց կուռքերով, իրենց գարշելի արարքներով, իրենց ամէն տեսակ ամբարշտութիւններով։ Նրանց փրկելու եմ իրենց բոլոր անօրէնութիւններից, որոնց մէջ մեղանչեցին, մաքրելու եմ նրանց, եւ նրանք ինձ համար ժողովուրդ են լինելու, եւ ես իրենց համար՝ Աստուած։
24 Եւ իմ ծառայ Դաւիթն իշխելու է նրանց վրայ, լինելու է մէկ հովիւ նրանց բոլորի համար, որպէսզի նրանք իմ պատուիրաններով ընթանան, օրէնքներս պահեն ու դրանք գործադրեն։
25 Ապրելու են իրենց երկրում, որ ես եմ տուել իմ ծառայ Յակոբին, եւ ուր բնակուել են նրանց հայրերը։ Նրանք էլ են բնակուելու այնտեղ, նրանց որդիներն ու որդոց որդիներն էլ՝ յաւիտեան։ Իմ ծառայ Դաւիթն էլ իշխելու է նրանց վրայ՝ յաւիտեան։
26 Խաղաղութեան դաշինք եմ կնքելու նրանց հետ, եւ այդ ուխտը յաւիտենական է լինելու նրանց հետ։ Հաստատելու եմ նրանց ու բազմացնելու, սրբարանս էլ դնելու եմ նրանց մէջ՝ յաւիտենապէս։
27 Բնակութեանս տեղն էլ է իրենց մէջ լինելու. ես նրանց համար Աստուած եմ լինելու, եւ նրանք ինձ համար՝ ժողովուրդ։
28 Ազգերն էլ պիտի իմանան, որ ես՝ Տէրս, կը մաքրեմ նրանց, երբ սրբարանս յաւիտենապէս լինի նրանց մէջ։
29 Գոգի ու Մագոգի մասին